Ըստ ծննդյանս տարեթվի՝ պետք է 60-ականների սերունդ լինեի և 60-ականների հետ ասպարեզ իջնելով՝ նրանց հետ ու նրանց պես դառնայի Գրողների միության անդամ: Բայց ոչինչ, որ 60-70 ականների իմ գրական ներկայությունը «Գարուն» ամսագրի էջերում ընդհատվեց: Շատերը եղան, որ չվերադարձան: Ես վերադարձա: Լևոն Անանյանը նկատել էր ու չէր մոռացել իմ հրապարակումները: 1995 թ.-ին հենց նա էլ ինձ ԳՄ անդամ դառնալու երաշխավորներից մեկը եղավ՝ Հրանտ Թամրազյանի, Աղասի Այվազյանի հետ: Արդեն լույս էր տեսել իմ երկրորդ՝ «Սիրո քնքուշ հեքիաթ» գիրքը: Առաջինը՝ «Թանաքագույն առավոտները», լույս էր տեսել 1988 թվականին՝ ազգային զարթոնքի թոհուբոհների մեջ:
Զորայր Խալափյանի, Աղասի Այվազյանի, Բաղիշ Հովսեփյանի, Ռուբեն Հովսեփյանի հավանությանն էին արժանացել իմ պատմվածքների ժողովածուները: Առաջին գիրքս տպվեց, երբ Ռուբեն Հովսեփյանը «Սովետական գրականություն» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր: Նրա համար ես անծանոթ անուն էի, բայց առանց այլևայլության տպագրեց իմ պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Թանաքագույն առավոտները»: Խմբագիրը իմ համակուրսեցին էր՝ Դավիթ Հովհաննեսը: ՀԳՄ անդամությունս անձամբ շնորհավորեց Զորայր Խալափյանը, որ այդ ժամանակ վարչության քարտուղարն էր:
Ուրախ էի, իհարկե: Համալսարան ընդունվելուց, երկու երեխաներիս ու երկու գրքերիս ծնունդից հետո մի անգամ էլ ոտքերս կտրվեցին գետնից:
Գրողական բոհեմին, որի հավաքատեղին այն ժամանակ Գրողների միության նկուղում գտնվող բուֆետն էր, չստացվեց անդամագրվել… Այնտեղ տիրում էր երևի թե չարենցյան ժամանակներում ծխախոտի մշուշի մեջ թաղված այն կախարդական հևքը, որից ետ էի մնացել…
Հիմա, ափսոս, չկա այդ բոհեմը, բուֆետը: Սովետի հետ անհետացավ:
Այսպես ԳՄ անդամ դառնալուց հետո էլ ոչ 60-ական էի, ո՛չ 70-ական, ո՛չ 80-ական, հազիվ դարձա 90-ական, և այնպես անկախացանք, որ մեզ այլևս ո՛չ բոհեմ էր մնացել, ո՛չ մեկը մյուսին «դու դեմք ես», «դու Պառնասից հենց նոր ես իջել», «դու արդեն Պառնասում ես» ասողներ չկային: Այսու, ԳՄ-ն ինձ համար դարձավ գրողական ընտանիք, Գրողների միության շենքը՝ հարազատ տուն, իսկ Ծաղկաձորի Գրողների հանգստյան, ստեղծագործական տունը աշխարհի այն վայրը, որտեղ կարողանում ես մտածել, ինչպես միայն ինքդ ես ուզում մտածել, կարդալ, կարծես կյանքումդ երբեք գիրք կարդալու այդքան անհագ ցանկություն չես ունեցել, այնպիսի ուժ ես ստանում բնությունից, մաքուր օդից, համեղ ուտեստից, որ աշխարհում ոչ մի այլ տեղ չկա:
Թող ասեն, ինչ ուզում են… Իբր ժամանակակից գրականություն չկա, իբր՝ ի՜նչ եք գրում, որ ինչ կարդանք… Կգա ժամանակը այն իմաստուն կարդացողների, որ մեր ժամանակի գրողների, նրանց գրքերի ամեն մի խազը քննության կառնեն ու կհասկանան… Կուրախանան…
Չէ՞ որ ամեն ինչ իր ժամանակն ունի: