1983-ին դիմեցի գրողների միություն` անդամագրվելու: Երաշխավորել էին Պիոն Հակոբյանը, Գևորգ Հայրյանը և Յուրի Բորևը: Սկզբում քննարկվեց գրականագիտության բաժանմունքում, որի նախագահը լուսահոգի Ալեքսանդր Թոփչյանն էր: Արդեն հրատարակել էի երկու գիրք՝ հայերեն և լիտվերեն, ինչպես նաև տասնյակ հոդվածներ հայերեն, լիտվերեն, լեհերեն և ռուսերեն («Սովետական գրականություն», «Գրական թերթ», «Պյարգալե», «Լիտվա լիտերատուրնայա», «Սովետսկայա լիտերատուրա», «Լիտերատուրնայա ուչյոբա» և այլն): Բաժանմունքի անդամները միաձայն կողմ քվեարկեցին:
Առավոտյան ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը հրավիրեց և խնդրեց թեկնածությունս հանել.
– Մեր աշխատողներից երկուսդ եք դիմել: Քոնը թող մնա մյուս տարի:
Ճարս ի՞նչ… Համաձայնեցի: Եվ միայն 18 տարի անց՝ 2001-ին, դարձա գրողների միության անդամ: