Միության շարքերն անցնելու համար ո՛չ գրողների, ո՛չ էլ Գրողների տան դռները չեմ մաշել: Պոլիտեխնիկն ավարտելու հաջորդ իսկ օրը, ունենալով ինժեներ-էներգետիկի նշանակում Հրազդանի ՊՇԷԿ-ում, ի տարբերություն շատերի, որ ամեն ինչ կանեին մայրաքաղաքի մոտակա շրջաններում աշխատանքի տեղավորվելու համար, մեկնեցի հայրենի Դավիթբեկ գյուղ՝ լինելու մենակ մնացած ծեր ծնողներիս կողքին (երկու եղբայրներս միաժամանակ բանակում էին): Հետագա 30 տարիներս անցան հայրենի Կապանի շրջանում: 1971-ին իմ թարգմանությամբ լույս տեսավ Լիվադիտիսի բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն: Մինչ այդ, 1967-ից ի վեր մամուլում հրապարակումներս պոլիտեխնիկցի մեկ այլ Գագիկ Դավթյան թերթերից ու ամսագրերից կտրտել ու մի ամբողջ ժողովածու էր կազմել և, ինչպես ամբողջ 47 տարի անց խոստովանեց նա Գրողների տան դահլիճում իմ 70-ամյակի հանդեսին, «թիթիզանում էր աղջիկների մոտ»՝ դրանք համարելով իր գրածները: Այսպես անծանոթ իմ անվանակիցը եղավ բանաստեղծություններիս առաջին տարածողը, ինչի համար երախտապարտ եմ:
Մինչդեռ իմ երախայրիքը՝ «Մենախոսությունը» լույս տեսավ թարգմանականից 9 տարի անց, երբ ես Քրիստոսի տարիքին էի արդեն: Բանն այն է, որ 1969-ից «Հայաստան» հրատարակչությունում գտնվող գիրքս, որ ուներ «Հոգու շավիղներով» խորագիրը, 1970-ին մերժվեց: Նրա մեջ չկար ոչ Լենինին, ոչ կուսակցությանը նվիրված, ոչ էլ սոցիալիստական առօրյան փառաբանող գոնե մեկ բանաստեղծություն, որ կարող էր «լոկոմոտիվի» դեր խաղալ տպագրության հարցում: Փոխարենը՝ «Բողոք», «Անհնազանդություն», «Հրաժեշտ միամտությանը», «Երախտամոռություն» վերնագրերով գործեր, աստվածաշնչյան հիշատակություններ ու բանաստեղծականացված մեկնություններ, որ Սուրբ գրքի քարոզ պիտի թվար գրաքննիչների աչքին մարտնչող աթեիզմի ժամանակներում: Դրա հետ մեկտեղ գրաքննիչների ուշադրությունից չէր կարող վրիպել «Գարունում» 1970-ին տպագրված Պարույր Սևակի ողջերթի խոսքը (մամուլի կոմիտեում զգուշավոր – անբարյացակամ վերաբերմունք կար բանաստեղծի նկատմամբ՝ կալանքի տակ էր «Եղիցի լույսը»): Բայց եկան նոր ժամանակներ ու նոր մարդիկ, և 1980-ին գիրքս տպագրվեց ոչ միայն առանց խաթարումների, այլև Սևակի խոսքից մի հատվածի ընդգրկումով՝ որպես նախաբան: Լավ ընդունվեց «Մենախոսությունս», նամակների, հոդվածների, գրախոսականների տեսքով արժանացավ ինձ համար անսպասելի արձագանքների թե՛ սերնդակիցներիս (Հովհ. Գրիգորյան, Ն. Ենգիբարյան…), թե՛ ավագների (Ռ. Զարյան, Ս. Խանզադյան, Վ. Դավթյան, Ս. Սարինյան, Ալ. Թոփչյան…): Այս անուններից և ոչ մեկին ես չդիմեցի երաշխավորագրի խնդրանքով: Իմ փոխարեն ընդունելությանս գործը նախաձեռնեց ու ձեռնարկեց ԳՄ Զանգեզուրի բաժանմունքի նախագահ, լուսահոգի Սուրեն Այվազյանը՝ երաշխավորագրեր խնդրելով նաև Հովհաննես Մելքոնյանից և Ռաֆայել Ղազանչյանից, ինձնից պահանջելով միայն Վարդգես Պետրոսյանին ուղղված դիմում և այդ ամենը իր իսկ ձեռքով տարավ Գրողների տուն: Այդպես 1982 թվականին դարձա ԽՍՀՄ Գրողների միության անդամ: