Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

ՀԳՄ անդամության համար դիմել էի երկու անգամ՝ որպես բանաստեղծ, և երկու անգամն էլ մերժվել, թեև շուրջ քսան տարվա ստեղծագործական ստաժ ունեի, հրատարակված մի քանի գիրք, այդ թվում՝ բանաստեղծությունների երկու ժողովածու: Եվ, բնականաբար, որոշեցի այլևս չդիմել: Սակայն տարիներ անց, իմ ուսուցիչ և բարեկամ Մարգո Ղուկասյանի հետ հերթական հանդիպմանը, երբ աննկարագրելի տպավորություններով և փոքրիկ անակնկալներով նոր էի վերադարձել Արևմտյան Հայաստանից, վաղուց մոռացված հարցը կրկին վերհիշվեց: Տիկին Մարգոյի նախնիների բնօրրան Բասենի դաշտից բերած գետաքարերը շարել էի իր բնակարանի սենյակային բույսերի ծաղկամաններին, Առաքելոց վանքի ճանապարհամերձ թփերից հավաքած դեղնաճերմակ նրբահամ ալոճը սեղանին դրել, իսկ արդեն շրջանակի մեջ ամփոփված՝ Հովվի կամրջի իմ արած լուսանկարը միասին պատին էինք կախել: «Չե՞ս ուզում նորից դիմել Գրողների միություն: Էլի ընդունելություն կա»: Անսպասելի հարցից անակնկալի եկա. «Երբե՛ք, տիկին Մարգո ջան: Բա չե՞մ ասել՝ էլ երբեք չեմ դիմելու»: Նա գրեթե զայրացավ. «Ա՛յ տղա, արդեն քանի տարի դու գեղարվեստական հրապարակագրությամբ ես զբաղվում, այդքան տպագրվում ես «Գրական թերթում», պատմվածքներիդ մասին էլ չեմ խոսում: Ինչո՞ւ չես որպես հրապարակագիր-արձակագիր դիմում, ի՞նչ ես գտել էդ բանաստեղծությունների մեջ, երբ ազգի կեսը իրեն բանաստեղծ է համարում: Արի՛ ինձ լսիր, քո հրապարակագրությունների և պատմվածքների վերջին ժողովածուով դիմիր այս անգամ: Առաջին երաշխավորագիրն էլ ես եմ գրում՝ հենց հիմա»: Այդպես, իմ սիրելի ուսուցչի խորհրդով և երաշխավորությամբ, կրկին դիմեցի, այս անգամ արդեն իմ յոթերորդ գրքով, որի առաջաբանի հեղինակը Մարգո Ղուկասյանն էր: Շատ խորհրդանշական էր, որ երկրորդ և երրորդ երաշխավորագրերն էլ իմ առաջին հրապարակագրության խմբագիր Սուրեն Մուրադյանից և առաջին գրքի խմբագիր Յուրի Սահակյանից ստացա:
Ամիսներ անց՝ մայիսյան մի պայծառ օր, ՀԳՄ նորընծա անդամներս վերջապես հավաքվեցինք Կլոր սրահում, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանից ստացանք անդամատոմսերը, միմյանց շնորհավորեցինք մի բաժակ շամպայնով: Եվ այդ ամենը հաճելիորեն տեղի ունեցավ Փարիզից ժամանած հատուկ հյուրերի՝ Անահիտ և Ալեքսանդր Թոփչյանների անմոռաց ներկայությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։