Սամվել ԿՈՍՅԱՆ

 

***
Ինչ-որ մի բան երկնքից դեռ մնացել է,
ինչ-որ մի բան
անհետացել է հասունության հետ,
ինչ-որ շարունակություն
կորցրել է ուղղությունը,
ինչ-որ ուղղություն ձևափոխվել է,
վերածվել գոյաբանության ճահճի,
ինչ-որ խելագարություն աշխարհը շրջափակել է,
ինչ-որ տագնապ
ապրելու մուտքը փորձել է փակել,
ինչ-որ պատերազմ մոլախոտի պես ծլել է,
ինչ-որ հարց՝ նման լինել-չլինելու,
դրվել հանրաքվեի ու չի անցել,
ինչ-որ մոլորություն խանգարում է
այս բառախաղի վերջակետը գտնել…

***
Աշնան տերևների պես
կյանքի տաշեղները,
կորուստներով լեցուն
թեև երգում են մեղավորները՝
բարեկեցություն մաղթելով
ամենեցուն…

***
Դըմփ… դըմփ… պայթյուն,
հիմա կամ թե չկամ,
ձեռքերիս պահապան հրեշտակի
արցունքներն են կաթում
ահա և մահվան դեմքը`
ճակատին կիսալուսնի տատու…

***
Ո՞վ վարդը բանաստեղծությունից
փողոց գցեց և փողոցը բերեց
բանաստեղծություն,
հիմա ո՛չ բանաստեղծության մեջ,
փողոցում էլ վարդ չեն նվիրում,
վաճառում են, ինչպես ամեն մի բան,
և դրանից է սերը
օձի պես շուտ-շուտ կաշին փոխում…

ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Արթնանալ, գնալ աշխատանքի,
բանաստեղծական մի քանի տող,
որ վաղը ջնջելու եմ, խանութ, տուն,
երեկոյան լուրեր կամ ֆուտբոլ,
քնել…
Հաջորդ օրը.
Արթնանալ, գնալ աշխատանքի,
ջնջել բանաստեղծական տողերը,
խանութ, տուն,
երեկոյան լուրեր կամ ֆուտբոլ,
քնել…
Հաջորդ օրը.
Նույնը… ոչ պատկեր, ոչ գույն,
գնալ աշխատանքի, երազել անհնարինը,
երեկոյան լուրեր կամ ֆուտբոլ,
քնել…
Հաջորդ օրը.
Նույնը…
Հաջորդ օրը.
էլ չեմ ուզում այս մոլորակի բնակիչը լինել,
հե՛յ, զուգահեռ աշխարհի պետություններ,
կընդունե՞ք, եթե ապաստան խնդրեմ…
***
Սկզբում միջանցքն էր
Խավար, ինչպես մուրացկանի աչքերը,
հետո սենյակում հայտնվեցի
անծանոթ մի քանիսի շրջապատում,
որոնց աչքերը փայլում էին,
բայց հայացքներն էին մուրացկանի…

***
Տարիքը իմաստուն չէ,
զգուշավոր է դարձնում,
երբ շուրջն ամեն ինչ
ոտքի տակի քար է,
ու ընկնելիս հնարավոր է՝
այլևս չբարձրանան…
Հա, իմաստուն չէ,
զգուշավոր է դարձնում,
գիտեն՝
ինչն է վատ ու ինչն է լավ,
թեև քիչ առաջ,
որքան էլ զգուշավոր,
էլի մեկը ընկավ…

***
Կա մի երկիր,
որտեղ մարդկանց աչքերը բաց,
բայց քնած են,
տեսնում են՝ քոչվորները
ոնց են իրենց սահմանները ասպատակում,
չեն հասկանում՝ ինչ ու ոնց է եղել,
քնած են,
Տերը քունը
փորձություն է տվել,
հաղթահարիր՝ ասել է, արթնացիր,
այլապես քոչվորներից պիտի
հանապազօրյա հացը խնդրես
և հոգիդ խաչի վրայից
կիսալուսնին իջեցնելով՝
եկեղեցու վերջին մոմի պես
հալվես-մարես…

***
Սա էլ թատրոնը,
որի դերակատարները չեն երևում,
բայց գործողությունները տանում են
թռչող նետի արագությամբ,
դու առաջինին կորցրեցիր,
սիրո մասին եմ ասում,
որ երկրորդին գտնես,
գիտեիր, ռետին է սերը
ուժ ու կամք է պետք
նրա դիմադրությունը հաղթահարելու,
գիտեիր՝ երրորդն ավելորդ է,
ու կարիքը չկա ռետինը ձգելու,
գիտեիր, որ միայն խելագարներն են
ամեն ինչ սկսում երրորդից…
իսկ բեմում միայնություն շնաձուկն է
Համլետի մենախոսությունը արտասանում՝
բառերը մոռանալով կեսից…

***
Հույսը հնարավորության զգացում է, ոչ ավելի,
ճամփաբաժան, ու պիտի գտնես՝
որ ուղղությունն է տանում քո ափը երանելի,
հարցականներն անթիվ են,
բոլորի պատասխանը չգիտես,
իմանայիր, մահից չէիր վախենա,
չէիր մտածի կյանքդ
հույսին թամբած՝ անցնես՝
հոգուդ ներսում մշտապես կասկածելով,
որ հնարավոր է այդպես էլ տեղ չհասնես…

***
Կամ ազատություն, կամ մահ,
գուցե մահն ավելի ազատություն է`
քեզանից չեն ուզում, ինքդ էլ պահանջ չունես,
արդյոք դա՞ չէ խնդիրը,
որ չպահանջեն, ու դու էլ չպահանջես,
ուրեմն` ոչ թե ազատություն կամ մահ,
այլ` կյանք կամ ազատություն,
առաջինը կյանքը, առաջինն ու կարևորը,
որովհետև բնությունը
ազատություն պարգևելու է բոլորին հավասար,
երբ քեզնից այլևս ոչինչ չեն պահանջելու,
և դու էլ պահանջներ չես ունենա…
***
Օրը շպարված մայրամուտի ներկերով
իսկը պճրուհի, թեև գայթակղելու
տրամադրություն չկա,
քամին և՛ հյուսիսից է, և՛ հարավից,
սառն ու անդուր քամի,
որ պճրուհուն քշում է այս ու այն կողմ`
տանում ռեստորաններ, կասկածելի կայարաններ,
անգամ սահմանամերձ գյուղեր…
դուրս արի՝ ասացի ինքս ինձ,
քանի կամուրջները
չեն դարձել անտեսանելի,
և անհասկանալի տագնապների քաոսի մեջ
չեն մարել լույսի վերջին փշուրները…
դուրս արի՝ ասացի,
քանի չեն հայտնվել վամպիրները,
որոնց մեր մերկ արյունն է միայն
գրգռում նրանց բնազդները…
դուրս արի՝ ասացի, քանի դեռ կարելի է
հիշատակների ուժով քաոսի մեջ կողմնորոշվել,
և քանի դեռ մեր թալիսմանը
շարունակում է մնալ Արարատ լեռը…

***
Տագնապներ քարերի պես ուսերիցս կախ,
ավելի ծանր, քան թռչնի հոգեվարքը
լաբիրինթի անհուսության մեջ
վերջ
ճանապարհները դեպի արևմուտք քանդված են,
դեպի արևելք մուտքը դժոխքի պարունակ է,
թռչնին փրկեք, ինչ իմանաս՝ ով է,
գուցե դու ես, ես եմ կամ ազգի նահատակ է…

***
Ես լինեի,
մարդկանց կազատեի
խաբելու, սադրելու, ատելու
սպանելու, կողոպտելու մոլորությունից,
և ոչ մի զենք չէր կրակի, որովհետև
եթե չեն խաբելու, չեն սադրելու
չեն ուզենալու կողոպտել ու սպանել,
կրակեն որ ի՞նչ…
եթե ես լինեի,
կքանդեի բոլոր ցանկապատերը,
ի՞նչ իմաստ ցանկապատել երկիր, տուն,
եթե չեն կրակելու,
չեն խաբելու, չեն սադրելու, չեն ատելու
և չեն սպանելու ու կողոպտելու,
եթե ես լինեի, եթե…
չեմ ու հավանաբար չեմ էլ լինի
կա՞ մեկը
որ կհամարձակվի
լինել իմ փոխարեն…

***
Ի՞նչ… կրկնիր, խնդրում եմ,
որ ագահության բջիջներում
ատելության մանրէներն են,
որ համաճարակը սկսվել
և տարածվում է արդեն…

***
Մարդկանցից եմ լսել
թերությունների թագավորության մասին,
որի փոքր ու մեծ բնակիչները
իբր թագավորի թերություններն են եղել,
չեն իմացել՝ ինչ է ճիշտը,
ինչ է սերը, կարեկցանքը,
արդարությունը ու բարությունը,
և, ամենակարևորը,
ինչ է հայրենիքն ու հայրենասիրությունը,
ու երբ թշնամին հարձակվել է,
զորքը ինքնակամ հանձնվել է, որովհետև
անգնահատելի թերություն է եղել
դավաճանությունը,
և, ամենակարևորը,
երբ թշնամին կախել է թագավորին,
անհետացել են բոլորը,
նրանց հետ էլ՝ երկիրը…
չես իմանա՝ այս պատմությունը
իրական է, թե չէ,
բայց մարդիկ շարունակում են խոսել՝
հիշելով նորանոր մանրամասներ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։