***
Կապույտ, թեթև թիթեռները,
որ ճախրում են ծանր ու ժանտ թնդանոթների շուրջ,
ինձ ու քեզ նման խաղաղություն են ուզում:
Թևում են մարտի դաշտում,
իջնում զինվորի կանաչ հագուստին բացված
կարմիր վարդին թաց…
Թիթեռներն էլ չեն վախենում մահից.
հիմա՛, այսօ՛ր՝ խնդրում եմ, կա՛նգ առ, պատերա՛զմ…
Այս համատարած անմահությունից
մեռնում եմ արդեն…
***
Բառերը զարկված թռչուններ են՝
ցասման քիվերից կախված,
թռավ սրբաթև այս չուն էլ՝
հյուսված զինվոր սրտերից:
Թռան, հեռացան, բայց մեզ հետ են՝
ապրում են մեզանից հաստատ,
ես փոքր եմ, ես ճիչ եմ, անհետ եմ՝
վարուժա՛նս, թռիչքիդ մատաղ:
Մանկանց ճիչի հետ կժպտանք
մեր նորոգ, մարդկային ցավերից,
մեր հետքն այս կյանքում հավետ է՝
ամենան ենք եղած կուռերից:
Բառերը զարկված թռչուններ են`
ցասման քիվերից կախված,
արժանի թշնամի մենք չունենք՝
գնդերե՛ցս, սփոփող գիրկդ բաց:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԳԱԼՈՒ
Ձմեռ Պապ, ինչպե՞ս ես գալու,
մեզ ի՞նչ ես տալու այս տարի,
որ մեր լույսը երբեք չմարի,
ու սաղարթը լեռան կատարին
ընձյուղվի, արևին փարվի:
Խաղաղ ու շուքով եմ գալու՝
հաղթած ու երգով խնդալի,
հանդերձով, ոգով զինվորի,
գալու եմ նորոգ և բերրի,
կոչնակով լիածիր ու բարի:
Գալու եմ նահապետ որպես,
գալու եմ կարմիր ու պես-պես,
որ խնդա մանուկը նորից,
որ թնդա մեր պարը ձորից,
ու բուրի լավաշը թոնրից:
Զինվորի տեսքով եմ գալու,
որ առիթ չունենանք լալու,
առանց նժույգի ու ոտքով,
որպես նորօրյա ուխտավոր
խաչաթև՛, աննկո՛ւն, զորավո՛ր: