«15 ԹԻՎԸ ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ». շարք
Երանի տառերը չիմանայի,
Չփորձեի կարդալ ձեր անունները
Անապատի ավազաթմբերին,
Եփրատի ալիքներին,
Սիրիական գաղտնաթաքույց շառ հողերին:
Երանի թվաբանություն չսերտեի,
Չփորձեի հաշվել
Հանգչող աչքերի սրընթաց տեսիլքները,
Զարկված սրտերի վերջին
Արնամղումը դեպի հող ու երկինք,
Քարերի թիվը չխառնեի ոսկորների հետ:
1-ին և 2-րդ աշխարհամարտի ժամանակ
Երանի հայ չլինեի, հրեա չլինեի,
Թուրք չլինեի,
Գերմանացի չլինեի,
Ռուս, ամերիկացի ու անգլիացի չլինեի,
Երանի մարդ չլինեի
Ըստ Դարվինի տեսության:
ՍՊԻՏԱԿ ՇՈՐԸ
Երբ ծառերի տերևները թափվում էին,
Մեր փողոցից պարզ երևում էր
Արարատը:
Մեր հարևան Ղազար քեռին նստում էր տան դիմաց
Ու նայում լեռան լանջին:
Վանա լճափի Ջանիկ գյուղի պատանյակը
Փոքրիկ քրոջ հետ հազիվ էր փրկվել Եղեռնից:
Ղազարը պատմում էր, թե ինչպես քայլելով,
Քրոջ հետ հասել են լեռանը.
Բարձրացել նրա ստորոտով և իջել…
Չէ, չեն իջել, որովհետև քույրը մահացել է սովից,
Եվ Ղազարը ձեռքերով փորփրել է հողն ու թաղել նրան:
Ինքն իր տոհմից մենակ իջել է
Արարատյան դաշտ:
Հա՜, ճամփին, երբ ետ է նայել,
Հանկարծ տեսել է քրոջ սպիտակ փեշը
Դուրս է եկել հողի տակից ու ծածանվել քամուց:
Երբ ծառերի տերևները թափվում են
Պարզ երևում է Արարատը,
Ղազար քեռին նայում էր նրա կապույտ լանջին:
ԳՐԻԳՈՐ ՀՈԳԻԿՅԱՆ ՀՅՈՒՍՆԸ
Մեր հարևան, իմ ընկեր Գաբոյի հայր
Գրիգոր Հոգիկյանը սալոնիկցի էր: Այնտեղից էին եկել:
Իսկ այնտեղ ընկել էին Եղեռնից փախած:
Նրանց հյուրասենյակի պատից
Կախված էին բռնցքամարտի ձեռնոցներ:
Սալոնիկում բոքս էր պարապել,
Քայլում էր, ասես մարտի էր գնում:
Նա չորս տղա ուներ և երեքը կան հիմա
(տարբեր երկրներում):
Մի անգամ հարսանիքի ժամանակ
Մի հայրենադարձ երգել է «Կռունկը»,
Իսկ մի խմած տեղացի ընդհատել է.
-Զզվցրիք ձեր կռունկով, թռչուն է, էլի:
Գրիգորը ոչինչ չէր ասել, վեր կացել,
Եկել էր տուն ու շեմից մտնելով`
Մռնչում էր:
Ես առաջին անգամ տեսա,
Որ արցունքները նման են բոքսի ձեռնոցների,
Նրանք ընկնում ու զարկում էին
Հատակի տախտակներին:
Նա հրաշալի հյուսն էր ու իր խփած հատակից
խուլ ձայն էր լսվում:
ՏԻԿԻՆ ՀԱՍՄԻԿԸ
Սալոնիկից էին տիկին Հասմիկն
Ու իր ամուսին Հակոբ ախպարը:
Նրանց տանը` ոչ մի վեճ:
Կիրակի օրերին թաղի կանանց, նրանց մեջ` մորս,
Եկեղեցի էր տանում` սուրբ Սարգիս:
Մաքուր-մաքուր էր նրանց տունը,
Չորս աղջիկ ուներ ու մի տղա Պետրոս:
Աղջիկներն հերթով գնացին Ամերիկա:
Այդ ընթացքում մեռան
Տիկին Հասմիկն ու Հակոբ ախպարը:
Պետրոսը մնաց, նրան հրավիրում էին քույրերը:
Մի անգամ հյուր գնաց ու վերադարձավ:
Փողոցում ասել էր.
– Էլ ու՞ր եկանք հայրենիք, որ թողնենք, գնանք,
Բա իմ հոր ու մոր գերեզմաննե՞րը:
Հրաշալի արհեստավոր Պետրոսն էլ մեռավ,
Իր հոր ու մոր հետ
Նա ննջում է արևկա կավահողերում:
Տիկին Հասմիկն իր օրհնանքը թողել է մեր թաղում,
Կիրակի օրերին ոմանք լսում են
Գրաբար աղոթքի խնկահոտ մրմունջը,
Որն աշխարհից հեռու մեր փողոցը
Կապում է ուղիղ Աստծո հետ:
ՍԻՐԻԱՑԻ ՊԱՌԱՎԸ
Մեր թաղում նրա անունը ոչ ոք չգիտեր:
Արաբի սև շոր էր հագնում,
Խոսում էր միայն թուրքերեն ու արաբերեն,
Սակայն փողոցում չէին լսել նրա ծպտունը:
Տեղացիներն ու հայրենադարձները քրթմնջում էին`
Եփրատի ափին գտել են որբուկին,
Ու էլ` ոչինչ:
Տեղացիները զայրանում էին.
– Էդ ո՞նց է, թուրքերեն գիտի, հայերեն` չէ, ուրեմն…
Նրա տղա Ղարիբը ոչինչ չէր պատմում:
Հարևանները նրանց տուն մտած չկային:
Ինձ թվում էր` չղջիկներ են ապրում
Նրանց միահարկ, ցածր տան մեջ:
Մի օր մայրս նայելով մեր այգում ընկած
Ժանգոտ դանակին, ասաց.
Սրանով է պորտդ կտրել սիրիացի պառավը:
Ես գիտեի հաստատ, որ հիվանդանոցում եմ ծնվել:
Ինչու՞ մայրս դա ասաց:
Պառավը քայլում էր դանդաղ, ասես սահում էր
Ոչ մեկի չնայելով:
Մեր այգու դանակն ու թուրքական յաթաղանը
Մի օր զարկվեցին իմ հոգու մեջ:
ՏԱՄԱ ՄԱՆՈՒԿԸ
Նրա տունը խանութի դիմաց էր:
Հավաքվում էին տղամարդիկ ու տամա խաղում
Չրի պես չոր Մանուկի հետ:
Հաղթում էր բոլորին, ինքն էր սովորեցրել:
Հետո կեսօրին սուրճ էր մատուցում, այսինքն` ղահվե:
Ինչ-որ ժամանակ ցանկացել էին իմանալ`
Ինչու՞ է մենակ:
-Է՜, որ իմացաք, մենակ չե՞մ լինելու:
Պարզ է, փրկվել էր Եղեռնից, իսկ թե ինչպես`
Մութ մնաց:
Տամա Մանուկի մոտ, իբր սրտահովանք
Հայհոյել են թուրքերին:
Նա մի անգամ կտրել էր հիշոցը.
-Աշխարհում ամենամեղքը թուրքերն են,
Ո՞նց են ապրելու այդ մեղքի տակ:
Ու վերջ, էլ ոչ մի ուշունց:
Խաղում էին ու խաղում,
Ղահվե էին խմում ու խմում:
Նա կարծես դրսում էր ապրում: Ընտանիք չուներ:
Ուներ մի սեղան, մի երկու աթոռ:
Երբ մեռավ, նրան թաղեցին հարևանները,
Խաղընկերները:
Չմոռանամ ասել` նրա հետ դրեցին
Դիֆտե մաշված, ծլեպ տված տամայի տախտակն
Ու սև, սպիտակ խաղաքարերը,
Որոնք ինքն էր սարքել խմորից:
ԽԵՆԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ
Ե՞րբ էր խենթացել, Եղեռնից առա՞ջ, թե՞ հետո:
Հալեպից էին եկել Երևան:
Քայլում էր երկար ոտքերի լայն բացվածքով,
Սակայն ոտքերի տակ
Ասես ձվեր էին դրված:
Բարակ, սրածայր մորուք ուներ:
Նմանեցրի՞ք Դոն Կիխոտին:
Այո, իսկը նա էր, բայց առանց ձիու
Եվ նիզակի:
Մեր թաղում խենթերին խղճում էին,
Հովհաննեսին` ոչ,
Լսում էին նրա պատմություններն
Ու տմբտմբացնում գլխով,
Այսինքն` հավատում ենք,
Մի խոսք ուներ`
Ես առու եմ:
Հենց դա լսում, հասկանում էին`
Հովհաննեսին մենակ թողնելու ժամանակն է:
Մեռնելով նա չթաղվեց` հոսեց ու գնաց:
ՀՈԳԻԿՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՄՏԱՎ ՓՈՂՈՑ
Ոստա Գրիգորի ավագ որդի Պարգև Հոգիկյանը
Ավտոբուսից իջավ.
Մտավ փողոց`
Թևին սև թևկապ:
Հարևանները փսփսում էին.
-Ո՞վ է մեռել:
– Խեղճ տղա, երևի սիրած աղջիկն է թույն խմել:
– Ի՞նչ իմանանք` ինչ է եղել:
– Քաղաք գնալ – գալն էլ էդ է:
Արվարձանը դեռ չգիտեր, որ քաղաքում ցույց է:
Այդ բառը դուրս էր Սարի թաղի խոսվածքից:
Պարգև Հոգիկյանի սև թևկապով
1965 թիվը խրոխտ մտավ մեր փողոց,
Խրվեց քար ու քռի մեջ
Ու մնաց փշերին օձի կաշվի պես,
Նա փայլում է մերթ դեղնավուն,
Մերթ հմայում սև բծերով,
Մերթ խշխշում ահասարսուռ:
Պարգև Հոգիկյանը իր ընտանիքով հիմա Ամերիկայում է:
ՀՈՐԻԶՈՆԻ ԳԻԾԸ
Տղեկներով նստում էինք բլրի ստորոտին,
Նայում հորիզոնի գծին կապույտ,
Մասիս սարին էինք նայում,
Որ ճերմակ էր ու կապույտ:
– Հորիզոնից այն կողմ թուրքն է:
– Մեր հողերն են,
– Մեր երկիրն է:
Խոսում էինք ու որոշում
Բարձրանալ ծառ,
Հորիզոնից այն կողմ նայել,
Տեսնել ի՞նչ են թուրքերն անում:
Մեր ծառերի կատարներից չէր երևում
Եվ ոչ մի թուրք:
Ծտերին և հոպոպներին հերթով հարցնում էինք.
– Ու՞ր են թուրքերը, ու՞ր են ցնդել:
Նրանք մեզ էին նայում իրենց երկնային բարձունքից,
Չէին հասկանում, թե ինչ ենք խոսում,
Բայց մեզ չնեղացնելու համար
Զվարթ ճտվտում ու սուրում էին
Հորիզոնից այն կողմ,
Հորիզոնից այս կողմ:
ԴԱՇՏԱԳԼՈՐ
Մեր դաշտերում դաշտագլորն է գլորվում,
Այնտեղ է նա, ուր քամին է նրան տանում:
Նորեկ մի մարդ մեր փողոցում հուշիկ ասաց.
– Մենք էլ ասես դաշտագլոր հողից պոկված,
Արմատահան, այստեղ-այնտեղ` անհայրենիք,
Ու խփվում ենք պաղ պատերին այս աշխարհքի:
Կրիայի պես հայն իր տունն է տանում հանդարտ,
Այն տունը, որ խլվեց սրով: Երազ է արդ:
Ու լռակյաց հայն է գնում չգիտես ուր,
Քնածներին բաժանելու երազի հուր:
«ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». շարք
Պատերազմն ամուսնացավ խաղաղության հետ:
Նրանք ունեցան երեխա,
Նա մի քիչ նման էր հորը,
Մի քիչ էլ մորը,
Բայց չգիտեր ո՞վ է հայրը և ո՞վ՝ մայրը:
Երեխան մեծանում էր
Կառավարելի և անկառավարելի քաոսի մեջ
Եվ մերթ տեսնում էր լույս, մերթ՝ մութ,
Նա մերթ ծիծաղում էր, մերթ՝ տխրում
Խելագարի նման:
Երեխան ապրում էր խաղաղության մեջ
Եվ զոհվեց պատերազմում:
«ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԿՈՇԻԿԸ
Հրանտ Դինքը զարկված, ընկած էր
Ստամբուլի Շիշլի փողոցում:
Նրան շատերն էին համեմատում
Աղավնու հետ,
Բայց թռչունը, ինչպես բոլորդ գիտեք,
Կոշիկ չունի,
Իսկ Հրանտի կոշիկը ծակ էր
Ու զարմացած, քարացած անցքը
Շիշլի փողոցի անցորդներին,
Ստամբուլի վեր ու վարին,
Երկնքի ամպերին
Նայում էր կույր աչքի նման:
100 տարի հետո էլ վտանգավոր է Թուրքիայում խոսել
Հայոց Եղեռնի մասին,
Երբ կոշիկդ ծակ է,
Եվ անցքը նման է
Տիեզերքի ակնախոռոչում անտարբեր պտտվող
Երկրագնդի: