Հայկարամը քնից արթնացավ, նայեց ժամացույցին, վեր թռավ ու սկսեց հագնվել: Մի ամբողջ ժամ ուշացել էր աշխատանքից: Հանկարծ կանգ առավ, հիշեց, որ այդ օրն աշխատանքի չի գնալու, չի գնալու նաև մյուս և այն մյուս օրերին էլ, որ ինքն արձակուրդում է, և բարձր ծիծաղելով փռվեց անկողնու վրա…
Ինստիտուտն ավարտելուց հետո Հայկարամն անցել էր աշխատանքի և արդեն երեսուն տարի զանազան պատճառներով արձակուրդ չէր գնացել: Տնից վազել էր աշխատանքի, աշխատանքից` տուն, հաճախ տուն էր եկել, երբ տնեցիք արդեն քնած էին, նույնիսկ կիրակի օրերին հանգիստ չէր ունեցել` երեխաների հետ զբոսանքի գնալու պատճառով կամ էլ` աշխատասենյակ էր վազել կիսատ մնացած գործերն ավարտելու: Պարգևատրումներ էր ստացել, գովեստի հոդվածներ էին գրել նրա մասին և ղեկավարից մինչև շարքային աշխատող` նրան սիրում էին…
Հայկարամը տնտեսագետ էր` գլուխը թղթերի վրա կախ, մտքերը` թվերով լի, ձեռքին գրիչ և շուրջը ոչինչ չտեսնելով ու չլսելով, երեսուն տարի ռոբոտի նման աշխատել էր և… վերջապես արձակուրդ:
Որոշեց ծույլ-ծույլ մի քիչ պառկել անկողնում:
Կինն աշխատանքի էր, տղան ու աղջիկն` ինստիտուտներում: Շուռումուռ եկավ, ոտքերը ձգեց, անշարժացավ, աչքերը փակեց, բայց քնել չկարողացավ:
– Գնամ զբոսնեմ, մի տեղ սուրճ խմեմ, նայեմ անցորդներին ու վայելեմ արձակուրդս,- ասաց Հայկարամն ու սկսեց հագնվել:
Սափրվեց, նախաճաշեց, նայեց ժանացույցին, գնաց դեպի դուռը, բացեց, դուրս եկավ, բռնակից քաշեց, որ փակի, բայց դուռը վրա չեկավ: Նորից քաշեց: Իզուր: Հիշեց, որ մաշված ծխնիների պատճառով դուռը սեղմվելով հատակին` առաջ չէր գալիս, և որոշեց ավելի ուժեղ քաշել: Կռացավ, ուժեղ քաշեց: Դուռը թափով վրա եկավ, Հայկարամը չհասցրեց մարմինն ուղղել, և ծանր դուռն ամբողջ թափով խփեց նրա գլխին: Նա տնից դուրս թռավ, փռվեց հարթակին, իսկ դուռը փակվեց: Հայկարամը շշմած ոտքի կանգնեց, բայց օրորվեց, հենվեց դռանը, սահելով նստեց, ու աչքերն իրենք-իրենց փակվեցին:
Երբ սթափվեց, շուրջը մարդ չկար: Վերևի հարկից դաշնամուրի մեղմ, հանգստացնող երաժշտություն էր լսվում: Նայեց ժամացույցին. քսան րոպե գիտակցությունը կորցրել էր: Ոտքի ելավ, թափ տվեց շալվարը, բանալիով դուռը փակեց և քանի որ չէր շտապում, կանգնեց ու մի քանի վայրկյան երաժշտություն լսեց: Ժպտաց, մոռացավ ուշաթափությունը և սանդուղքներով իջավ: Երրորդ հարկում երեխայի լացի ձայն լսեց, կանգնեց: Հիշեց, որ աշխատանքից վերադառնալիս երբեմն լացի ձայն լսել է, բայց ուշադրություն չի դարձրել: Երեխան բարձր ու խղճալի լաց էր լինում: Սպասեց: Երեխան չէր հանգստանում: «Ինչո՞ւ մայրը չի խաղաղեցնում»,- հուզված մտածեց նա: Երեխայի լացը փոխվեց հեկեկոցի: Հեկեկոցն ավելի հուզեց Հայկարամին, և նա որոշեց դռան զանգը տալ, բայց հեկեկոցը կտրվեց: «Մայրն արդեն կերակրում է»,- մտածեց Հայկարամն ու իջավ սանդուղքներով:
Շքամուտքի առաջ կանգնեց: Հուզմունքը չէր անցնում: Տեսողությունը կարծես մշուշվել էր: Նա ձեռքը տարավ աչքերին, տրորեց ու զգաց, որ աչքերը թաց են: «Այ քեզ բան,- ասաց ինքն իրեն,- երեխայի լացի համա՞ր եմ լաց լինում: Առաջին անգա՞մ եմ երեխայի լաց լսում»: Շուրջը նայելով քայլեց: «Նախ կմտնեմ հիմնարկ, կտեսնեմ` ինչ են անում, հետո` պատկերասրահ, ուր վաղուց չեմ եղել»,- որոշեց նա ու երթուղային տաքսի նստեց:
Երթուղայինում քիչ մարդ կար: Հայկարամը նստեց վերջին նստարանին: Առջևում երկու տարեց կին կիսաձայն զրուցում էին: Հայկարամը նայում էր պատուհանից և զարմանքով նկատում, որ շենքերից շատերն առաջին անգամ է տեսնում, չնայած միշտ այս ճանապարհով էր գնում աշխատանքի: Նոր, շքեղ մեքենաներն ու շքեղ հագնված մարդիկ նույնպես զարմացրին նրան: Հանկարծ ուշադրությունը գրավեց երկու տարեց կանանց շշուկով զրույցը: Նրանցից մեկը գրեթե լացակումած պատմում էր, որ երեկ երեկոյան, իրենց շենքի առաջ, ծեր կինը խնդրել է մի երեխայի, որ իրեն օգնի նստել գետնին: «Գետնի՞ն,- հարցրեց կողքին նստածը,- ինչո՞ւ գետնին»: «Որ չընկնի,- ասաց պատմողը, մի պահ լռեց, հետո շարունակեց,- բարի, օգնող կին էր, հաճախ մայրերի հետ գիշերները նստում էր հիվանդ երեխաների կողքին և հուզված մայրերի հետ էլ լաց լինում»: «Հետո՞»,- վատ նախազգացումով հարցրեց մյուսը: «Հետո ի՞նչ,- ուշացումով ասաց պատմողը,- ծեր կինը շնորհակալություն է հայտնել երեխային ու աչքերը փակել»: «Մեռե՞լ է»,- վախեցած շշնջաց զրուցակիցը: Պատմողը գլուխն ավելի կախեց, ուՀայկարամը, նայելով կնոջ ցնցվող ուսերին, հասկացավ, որ նա լաց է լինում:
Կանայք լռեցին, Հայկարամը, որ առաջ թեքված` լարված լսում էր, ետ նստեց ու այդ պահին էլ զգաց, որ աչքերը թաց են: Նա շտապով մատները քսեց աչքերին և համոզվեց, որ աչքերն իրոք թաց են: «Այ քեզ բան,- մտածեց նա,- սա արդեն նորություն է»: Իջավ երթուղայինից, կանգնեց, նայեց աջ, հետո` ձախ ու չգիտեր, թե որ կողմը գնա:
«Չէ, հիմնարկ չեմ գնա, կմտնեմ զբոսայգի, մի քիչ կնստեմ, հետո կգնամ պատկերասրահ»,- մտքում ասաց, անցավ փողոցը, մտավ այգի, գտավ ազատ նստարան և լուռ ու անշարժ նստեց: Տրամադրությունը չէր լավանում. երկու անգամ լաց լինելը մտքից դուրս չէր գալիս: «Երևի ծերացել եմ. հիսուներեքը քիչ տարիք չէ»: Ծառերի վրա թռչուններն աղմուկով դեսուդեն էին թռչում: Նայեց վեր, ժպտաց: Ոտքերի թփթփոց լսեց: Երկու երիտասարդ վազելով ու ետ-ետ նայելով անցան: Նրանց ետևից կաղալով ու թաշկինակը գլխին սեղմած, վազում էր մի ուրիշ երիտասարդ: Երբ նա հասավ Հայկարամին, կանգնեց, կաղացող ոտքը բարձրացրեց, փորձեց հանգստանալ, որ շարունակի վազել, բայց զգաց, որ չի կարող ու նստեց: Նա թաշկինակը հեռացրեց գլխից, բացեց, նորից ծալեց ու սեղմելով գլխին` աչքերը փակեց: Քիչ անց նորից թաշկինակը բացեց ու նորից ծալը փոխեց: Թաշկինակն ամբողջովին արյունոտ էր: Հայկարամը նրան մեկնեց իր թաշկինակը.
– Վերցրեք, ձերը թրջվել է, սա օգտագործած չէ, ես երկու թաշկինակ ունեմ:
Երիտասարդը ձայն չհանեց, գուցե չլսեց: Հայկարամը մոտ նստեց: Երիտասարդը թույլ տնքում էր, որն ավելի հոգու ցավի տնքոց էր, քան ֆիզիկականի:
– Խնդրում եմ, վերցրեք թաշկինակն ու գնացեք տուն: Ուզո՞ւմ եք ուղեկցեմ:
Երիտասարդը չպատասխանեց: Հայկարամը թաշկինակը դրեց նրա ծնկին, ետ քաշվեց: Անցավ մեկ-երկու րոպե: Տղան ծնկին դրված թաշկինակը դրեց նստարանին ու ոտքի ելավ: Նա մի անգամ էլ նայեց փախչողների հետևից ու կաղալով գնաց հակառակ ուղղությամբ:
Առանց ձեռքն աչքերին տանելու Հայկարամը գիտեր, որ արդեն լաց է լինում: «Նա դիմանում էր իր ցավին, իսկ ես նրա ցավին չեմ դիմանում,- սրբելով աչքերը մտածեց նա,- իմ արածը երեխայություն չէ՞»: Իր թուլության վրա զայրացած ոտքի ելավ և քայլելով ուղղվեց տան կողմը, ճանապարհին սթափվելու և իրեն հավաքած տուն մտնելու համար: «Տղամարդ եղիր»,- այգուց դուրս գալու ժամանակ գրեթե գոռաց նա, բայց հիշելով ցավը զսպող երիտասարդին` անսպասելի հեկեկաց: Հետո շփոթվեց ու այդպես շփոթված էլ գնաց տուն…
Երբ ճաշից հետո կնոջ հետ առանձին մնացին, կինը հարցրեց.
– Ի՞նչ է պատահել:
Հազիվ զսպելով լացը` Հայկարամը պատմեց: Կինը ծիծաղեց.
– Էլ արձակուրդ չվերցնես…
Եվ հաջորդ օրը, և մյուս օրերին Հայկարամը լաց լինելու առիթներ շատ ունեցավ:
Մի շաբաթ անց, երբ առավոտյան տնից դուրս գալիս Հայկարամը քաշեց մուտքի ծանրացած դուռը, փակեց բանալիով, հանկարծ հիշեց, թե ինչպես էր դուռը խփել իր գլխին, ինքն էլ քսան րոպե գիտակցությունը կորցրած նստել է հարթակին: Նա արագ բացեց դուռը, ներս մտավ, կանգնեց դռան ետևում և բարձրաձայն ասաց.
– Մի՞թե դռան հարվածն է իմ լացի պատճառը: Մի՞թե ուղեղիս հետ ինչ-որ բան է կատարվել:
Հայկարամը բժշկի չգնաց, բայց լացը չէր դադարում: Ավելին, անհանգստացնող ուրիշ բան էլ կատարվեց. երբ առիթ չէր լինում տխուր բան տեսնել կամ լսել, նա փնտրում և գտնում էր անցյալում իր հետ պատահած որևէ տխուր դեպք և հաճույքով լաց էր լինում: Սա արդեն լրջորեն վախեցրեց նրան: Սկսեց նման հիվանդություն փնտրել հանրագիտարաններում: Ոչինչ չգտավ, բայց նկատեց, որ լաց լինելուց հետո հանգստանում է և շրջապատող մարդկանց պատրաստ է գրկել ու համբուրել: Նա հաճախ ժպտում էր անցորդներին, դա ևս լավացնում էր նրա տրամադրությունը: Եվ չնայած դրան` Հայկարամը հաճախ էր կրկնում` «Այս ի՞նչ արեց ինձ իմ տան դուռը»:
Կամաց-կամաց Հայկարամը սկսեց մտածել, որ այն փողոցներում էլ, ուր ինքը չէր լինում, կարող են տխուր ու վշտահար մարդիկ լինել, և առանց այդ մարդկանց տեսնելու սկսում էր լաց լինել: Իսկ էլի որոշ ժամանակ անց, երբ նրան թվաց, որ քաղաքում ապրող մարդկանց համար արդեն լացել է, սկսեց լաց լինել Հայաստանի մյուս քաղաքների ու գյուղերի մարդկանց համար, հետո` հարևան երկրներում ապրող ժողովուրդների: Մի քանի օր անց զգաց, որ օրվա ժամերը չեն բավականացնում բոլորի համար լաց լինել և որոշեց ժամերն այնպես կարգավորել, որ բոլորին բավականացնի:
Հայկարամի վիճակը ծանրանում էր. վերհիշեց երկրներ, որտեղ պատերազմ, աղքատություն ու սով կար, տարերային աղետներից տուժածներ կային, անցավ Եվրոպա, հետո` Ասիա, Աֆրիկա, Ամերիկա: Ժամանակը դարձյալ չէր բավականացնում: Ստիպված մեծ երկրները բաժանեց փոքր տարածքների և այդ տարածքների համար լացի ժամանակացույց կազմեց: Որոշ ժողովուրդների համար այնպիսի հուզմունքով էր լաց լինում, որ ձայնը լսելի էր կողքից քայլողներին: Նման պահերին շտապով մտնում էր շենքերի շքամուտքերը և միայն լացել-հանգստանալուց հետո էր դուրս գալիս: Գիշերն անսպասելի արթնանում էր, նայում լացի ժամանակացույցին, արագ գնում էր լողասենյակ, մի երկու երկրի համար լաց լինում և վերադառնում: Լացից հետո երեխայի նման հանգիստ քնում էր: Կինը նկատեց նրա գիշերային լացերը և խստորեն ասաց, որ դիմի բժշկի: Հայկարամը ժպտաց.
– Եթե բժշկի գնամ, ինձ հոգեկան կհամարեն և կուղարկեն հիվանդանոց, իսկ ես երկու օրից աշխատանքի եմ անցնելու, արձակուրդս վերջանում է:
– Բայց լացը քեզ շատ է տանջում…
– Ես չեմ տանջվում: Ես նույնիսկ ցավում եմ, որ մարդկանց վշտերին մինչ այժմ անտարբեր եմ եղել: Հույս ունեմ, որ շուտով մարդիկ կհասկանան, որ իրենք էլ պետք է անտարբեր չմնան վշտերի հանդեպ…
Նման զրույցներից հետո կինը լաց լինելով հարցնում էր.
– Բայց մինչև ե՞րբ, երեխաներն արդեն գիտեն քո լացի մասին, հարևանները տեսել են, լրագրերից մեկը գրել է, որ մի տղամարդ լաց լինելով Երևանի փողոցներում ման է գալիս: Մի ուրիշ լրագրող էլ եկել էր քեզ հետ հարցազրույց անելու…
– Չհամաձայնվես, սիրելիս,- անհանգստացավ Հայկարամը,- նրանք ինձ չեն հասկանա: Ասա, թող հարցազրույց անեն նրանց հետ, ովքեր լաց չեն լինում, թող նրանց հարցնեն` ինչո՞ւ լաց չեն լինում պատերազմների պատճառով երեխաներ ու ծնողներ կորցնող մարդկանց համար:
Մի քանի օր անց Հայկարամն աշխատանքի գնաց: Ընդմիջումներն անց էր կացնում լացի ժամանակացույցի համաձայն: Հայկարամի աշխատակիցները տեսնում էին նրա կարմրած աչքերը և ստորագրելու բերած թղթերի հետ բերում էին բուտերբրոդ, մի բաժակ հյութ կամ կարկանդակ, գիտենալով, որ նախաճաշելու ժամանակ չի ունեցել:
Էլի մեկ-երկու օր, և կինը ցույց տվեց օրաթերթ, ուր արտասահմանյան լրագրից արտատպված հոդվածում գրված էր, թե` Հայկարամ անունով մի հայ լաց է լինում աշխարհի բոլոր վշտահար մարդկանց համար: Հաջորդ օրերին էլ մի քանի նման հոդվածներ հայտնվեցին:
Երեխաները խռովեցին: Հայկարամը նրանց բացատրեց, որ մուտքի դուռը կպել է իր գլխին ու այդ օրվանից… բայց նրանք վատ թաքցրած արհամարհանքով նայեցին և հեռացան իրենց դասերը սերտելու:
Մի օր էլ, երբ Հայկարամն, ինչպես միշտ, ոտքով տուն էր վերադառնում, հանկարծ վախեցած կանգ առավ հենց խաչմերուկի մեջտեղում և նայելով անցնողներին` բարձրաձայն ասաց.
– Իսկ ցամաքային կենդանիներն ու ծովային կենդանինե՞րը, իսկ թռչուննե՞րը: Չէ՞ որ նրանք ամեն վայրկան ենթարկվում են հարձակումների, նրանց տեսակները և քանակը գնալով պակասում է` առյուծների ու փղերի, արծիվների ու արագիլների, մեղուների ու մրջյունների, կետերի ու դելֆինների… մի՞թե նրանք մի սարսափելի օր անհետ չեն կորչի…
Ու հենց կանգնած տեղում էլ լաց եղավ:
Երբ ոստիկանի օգնությամբ Հայկարամն անցավ փողոցը և տուն հասավ, իսկույն լացի նոր ժամանակացույց կազմեց: Կնոջն ասաց, որ բաց թողածներն է լրացնելու և փակվեց սենյակում: Քիչ անց կինն ասաց, որ բժիշկ է եկել և ասում է, թե գտել է լացի բուժման միջոցը: Հայկարամը վրդովված դուրս եկավ.
– Նա ուզում է` չլացեմ, որ դառնամ իր նման անզգա ու դաժա՞ն:
Կինը վախեցած նայեց Հայկարամին.
– Շտապ օգնություն կանչե՞մ:
– Ոչ, նստիր, սիրելիս,- ասաց Հայկարամը,- դու պատկերացնո՞ւմ ես, որ անտարբերության պատճառով վաղը մենք կկորցնենք ոչ միայն մարդկանց ու կենդանիներին, այլև բնության նկատմամբ մեր անխոհեմ վարքով կկործանենք մեր Երկրագունդը, իսկ հետո…
Հայկարամ հայի շունչը կտրվեց: Նա ընկավ աթոռին, ձեռքը դրեց սրտին ու նայեց կնոջը: Լացակումած կինը մի բաժակ կոնյակ բերեց:
– Իսկ հետո,- խմելուց հետո ուշքի գալով շարունակեց Հայկարամը,- մենք կկորցնենք մեր գալակտիկան` մեր հիասքանչ Ծիր Կաթինը, հետո ուրիշ գալակտիկաներ և, ի վերջո` տիեզերքը… այո, հենց տիեզերքը: Այդպես սարսափահար մի՛ նայիր: Երբ չկա մարդը, չկա գիտակցություն, ուրեմն` տիեզերք էլ չի լինի: Տիեզերքը մեր գիտակցության մեջ է տիեզերք, մարդու գոյությամբ է տիեզերք… Կապիկների ու ձկների համար կան միայն իրենք: Եթե Երկրագունդը կործանելուց հետո այլ մոլորակ տեղափոխվենք, արդյո՞ք նույն վարքով չենք ապրելու այնտեղ և այնտեղի բնությունն էլ չենք կործանելու: Լավ չէ՞, նախ փոխվենք` հետո տեղափոխվենք այլ մոլորակ: Իսկ եթե ուշացնենք մեր վերափոխվելը, հերթով կկործանենք բոլոր մոլորակները` ուր էլ որ գնանք: Ինչո՞ւ, մի՞թե երանելի բան չէ տիեզերք տեսնելը: Ինչո՞ւ այսօրվանից չսկսենք վերափոխվել: Սպասենք, մինչև դռները խփեն նաև մյուսների՞ գլխին: Լա՞ց ես լինում: Երեկ աղջկաս աչքերում էլ արցունք տեսա, տղաս էլ մտահոգ նայում էր ինձ, մեր հիմնարկում էլ արդեն լաց են լինում: Սա ուրախալի է:
– Դու գիտե՞ս, որ արտասահմանում ծիծաղում են քեզ վրա, քո նկարներն են տպագրում, իսկ տակը գրում` «Խենթը գիտակից մարդու տեսքով»,- ասաց կինը:
– Թող գրեն, սիրելիս, այդ անխելքներն արցունք տեսնելիս միշտ էլ ծիծաղում են, բայց մենք գիտենք, որ վաղ թե ուշ նրանք կգան մեր ետևից ոչ թե քայլելով, այլ` վազելով: Ես գնամ աշխատելու, հիշեցի, որ իմ ժամանակացույցում չեմ ներառել Ռապանուին` Զատկի կղզին, այնտեղ հոգսերի մեջ երկու հազար մարդ է ապրում…
Կինն այդ գիշեր չքնեց: Առավոտյան, երբ Հայկարամը գնաց աշխատանքի, զանգեց լրագրերին ու հեռուստաընկերություններին և հարցազրույց տվեց: Նա կրկնեց այն, ինչ ասել էր Հայկարամը Երկրագնդի ու Ծիր Կաթնի ոչնչանալու, կյանքի համար պիտանի այլ մոլորակներ տեղափոխվելու և այդ մոլորակները ևս մեր վարքով կործանելու և, ընդհանրապես, մարդկությունը կործանելու մասին: Ասաց նաև, որ մարդիկ չպետք է սպասեն, մինչև դռները խփեն իրենց գլխին, այլ պետք է լսեն ու տեսնեն մարդկանց ցավերը, հասկանան իմաստուն խոսքը` «եթե մարդը չկա, չկա և տիեզերքը»:
Հենց նույն երեկո հանրապետության բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին Հայկարամի կնոջ հետ հարցազրույցը, իսկ հաջորդ օրը հարցազրույցին ծանոթացան արտասահմանում:
Երբ Հայկարամն աշխատանքից հոգնելու և շուտ քնելու պատճառով այս ամենի մասին իմացավ միայն երկու օր անց ու կարդաց «Տիեզերքի համար լացող Հայկարամ Հայը» վերնագրով հոդվածը, հասկացավ, որ իր ժամանակն արդեն եկել է: Կեսգիշերին վերցրեց իր լացի ժամանակացույցը, անհրաժեշտ հագուստ, սնունդ և ճանապարհ ընկավ…
Առավոտյան կինը նկատեց Հայկարամի բացակայությունը, մտածեց, որ հիմնարկի գործերը հասցնելու համար առավոտ վաղ է գնացել աշխատանքի և չանհանգստացավ: Երբ ուշ երեկոյան ամուսինը չերևաց, կինը զանգեց աշխատակիցներից մեկին, իմացավ, որ ամուսինն այդ օրը աշխատանքի չի եկել և զանգեց ոստիկանություն…
Ամիսներ անց եվրոպական երկրներից անորոշ լուրեր էին ստացվում` հրապարակներում ելույթ ունեցող, քաղաքից քաղաք շրջող մի տղամարդու` Հայկարամ Հայի մասին: Հավանաբար Հայկարամ Հայը կարողանում էր ամենուրեք ազատ և անփող շրջել բարի ավտովարորդների ու մի քանի լեզու իմանալու շնորհիվ:
Աշխարհի երկրների հեռուստաալիքներով և հրապարակներում կատաղի քննարկումներ էին կազմակերպվում Հայկարամ Հայի զարմանահրաշ մտքերի շուրջը: Ելույթ ունեցողները նրան մեկ անվանում էին հանճարեղ, մեկ` խելագար, մեկ` խաբեբա, բայց վերջում հուզվում էին Երկրագնդի ու տիեզերքի կործանման մասին նրա կանխատեսումներից և լաց լինում: Նրանք պահանջում էին, որ պետությունները հոգան մարդկանց ու բնության փրկության համար, թույլ չտան աղտոտել միջավայրը, զենք և քիմիական նյութեր չարտադրեն: Հուզվում ու լաց էին լինում նաև հավաքվածները: «Դռները չպետք է խփեն մարդկանց գլխին» միտքը մեկնաբանվում էր որպես աշխարհի մոտալուտ վերջի նախազգուշացում:
Հայկարամ Հայի ընտանիքը ևս քաղաքում հրապարակային հավաքներ էր կազմակերպում և բացատրում, որ լացը հարազատացնում է ազգերին, օգնում միասին պայքարել մարդու տիեզերքը կործանումից փրկելու համար…
Անցան տարիներ, հոգսերից տանջվող մարդիկ մոռացան Հայկարամ Հայի մասին, իսկ շահույթի հետևից ընկած հզորներն ամեն ինչ արեցին, որ մոռացումն արագ տեղի ունենա:
Մարդկանց ու բնության ցավերն ավելի ահագնացան: Նոր Հայկարամ Հայ էր պետք: Եվ շուտով երևաց նոր Հայկարամ Հայը, որը նախորդի որդին էր: Մարդիկ նորից ալեկոծվեցին, նորից լաց եղան, նորից պետությունները խոստումներ տվեցին, բայց շատ չանցած նորից ամեն ինչ մոռացվեց: Տարիներ անց նոր Հայկարամ Հայ երևաց, հետո` նորը, հետո մի ուրիշը, որոնք նույն սերնդից էին…
Իսկ արհավիրքը դանդաղ մոտենում էր…