ՀՌԻՓՍԻՄԷ

Հռիփսիմէ
* * *
Մատներիս միջով
Մարգարիտները
Սահեցին մեկ-մեկ՝
Որպես ավազի
Հատիկներ անփայլ…
Իմ ժամանակը
Աղավնին տարավ.
Կարծես թե լիներ
Անապատի մեջ
Միայնակ մի գայլ…
Հիմա քայլում եմ
Ես անհուսության
Ջրերի վրա.
Այդ կույր հայելին
Ինձ թվում է հող…
Ամեն մի ալիք
Իմ վարդագույնի
Վրձինն է ջնջող.
Պատկերս արդեն
Գտնել չեմ կարող…
Հավատամքներիս
Ցորենները ես
Հավաքեմ մեկ-մեկ՝
Դարձնեմ նշխար,
Որ տամ թռչնակին…
Երգասացը այդ
Թող նորից խաբի
Իր ծլվլոցով,
Ասի՝ քո հոգու
Թարգմանն եմ, տիկի՛ն…

* * *
Ամպերը շենշող,
Ճերմակ ու սահուն,
Թվացել են ինձ
Հարսնացուի քող…
Մայրամուտի հետ
Ցնդել են նրանք,
Եվ իմ գիշերը
Շատ է երկարել՝
Դարձել է հնչեղ
Մի ժամերգություն,
Որտեղ մեռյալը
Միշտ ես եմ եղել…
Ասպետները իմ
Ձիավոր չեղան,
Որ ցած բերեին
Քողը մետաքսե…
Իմ մուսան ասաց.
– Պսակված ենք մենք,
Ամեն մի աստղիկ
Շողակ է դառնում
Քո մատնեմատին…
Ու երբ իմ ձեռքը
Մեկնեցի նրան,
Որ նվիրի ինձ
Ու շոյանք զգամ,
Տեսա փետուրե
Թևերը նրա.
Հանկարծ իմ աչքին
Մուսան առանց ձի
Հրեշտակացավ…
Մայրս ասում էր,
Նրանք սեռ չունեն.
Ամեն սատանա
Զվարթուն է մի…
Մեկը պահապան
Կարող է լինել,
Մյուսը մահի
Ուրվական է սև…
Ես հավատում եմ
Խոսքերին նրա,
Իսկ հարսնաքողը
Հիմա պարտության
Դրոշ է թվում,
Եվ այն չունեցավ
Երդվյալ մի փեսա:
Ինձ հարց եմ տալիս
Հիմա ինքնասույզ,
Թե որտե՞ղ է իմ
Սխալը եղել,
Որ ձիավորս
Երկինք չհասավ…

* * *
Անձրևանոցս
Տարել է քամին,
Գլխաբաց եմ այս
Հեղեղատի դեմ…
Պղտոր ջրերը
Առուներ դարձան,
Սիրո դժոխքը
Չի թվում եդեմ…
Բոկոտիկներիս
Կրունկների տակ
Փրփուրներ են գորշ՝
Նման բիբերի…
Ես կհորինեմ
Թղթե իմ նավը.
Չեմ ուզում տրվել
Օտար մի դերի…
Առագաստ կանեմ
Հագուստիս փեշը,
Շուրջը կլինի
Մատիտանկար…
Իմ մուսան այր է,
Վհատ պահերիս
Նա բուժում է իմ
Անկումներն տկար,
Նվիրում է ինձ
Զարդեր անսովոր.
Աստվածային է
Խենթությունը մեր…
Երբ հարսի նման
Վերադառնում եմ,
Միշտ ունենում եմ
Թռչունի թևեր…
ԻՆՁ
Աղջի՛կ իմ, աղջի՛կ,
Ո՞ւր է պոետիկ
Հանդերձանքը քո,
Թիթեռնիկ ճարմանդ
Արդեն չունես դու
Ճոխ վարսերիդ մեջ,
Եվ մեջքիդ շուրջը
Թևերի ամուր
Օղակներ չկան…
Քեզ կորցրեցի
Այն պահին, աղջի՛կ,
Երբ խենթ նժույգս
Երկնքից իջավ,
Ծերացավ հողին….
Քո ներսի կատուն
Վագրիկ է հիմա
Մարդկանց անտառում…
Նուրբ շոյանքների
Էլ կարիք չունի….
Ապաշխարանքս
Դու ներիր, աղջի՛կ,
Հայելին վաղուց
Զույգ երես ունի,
Նրա հետևում
Տիկին է հասուն:
Նախանձին ընդդեմ
Գրկել է կուրծքը,
Որ չպատռվի.
Նա իր դժոխքին
«Դրախտ» է ասում….
ԱՆՀԱՍՑԵ
Դիմակների գիտակ դու այր,
Հարուստ է քո հավաքածուն,
Դու կախել ես դրանք մեխից
Ու կրում ես պահին հարիր,
Երբ որ բեմի դուռն ես բացում։
Տե՛ս, մաշվում են դրանք մեկ-մեկ՝
Ներսի տաքից, ցրտից դրսի…
Երբ հայելու առաջ նստես
Առանց շպար, դու լինես՝ դո՛ւ,
Մերկ խղճիդ հետ մենախոսիր…
ՈԻԹ ՏՈՂ
Աղբը մի՛ խառնիր,
Ոսկե ցորենին,
Սուտ է, սերմնացա՛ն,
Այն չի շատանում…
Պարկը լցվում է
Շուրթից շուրթ, սակայն
Փուշը և քարը
Ծիլեր չեն հանում…

* * *
Իմ ձմռան մեջ էլ վարդեր են աճում,
Նոր օրս չունի սխալի ուղղում,
Ոսկե աքաղաղ, ինձ չես հասկանա,
Անքունի համար էլ ի՞նչ ծուղրուղու,
Խաղալիք թագս շուտով կնետեմ
Աղբադույլի մեջ, որպես օրվա փայլ,
Ու կծիծաղեմ գահերի վրա.
Կարծես թե լինեն մատիտանկար…
Իսկ առավոտը արքայաշուք է.
Տիրոջ երկնքում ձիե՜ր են, ձիե՜ր՝
Առանց հեծյալի պեգասներ են խենթ.
Նրանց խրխինջը ինձ տանում է վեր…
* * *
Տե՜ր իմ, օր օրի
Մոտենում եմ քեզ.
Իմ մեջ մի կին կա
Նոր գլխաշորով…
Սերը դարձել է
Մատաղի թռչուն,
Ինձ չի արթնացնի
Իր տաք մաժորով…
Աղավնաթև է
Ճախրանքը նրա,
Երկնաքերներում
Գտել է գմբեթ,
Բայց մի ուրվական
Փեշիցս բռնել,
Աղոթքից առաջ
Ինձ տանում է հետ…
Նկարիչ է նա՝
Առանց գույների,
Սևեր է թողնում
Ճերմակի վրա…
Ասում է՝ ո՛վ կին,
Նոր աշխարհ է սա,
Դանակի շեղբ է
Վրձինը նրա…
Բայց չէ՛, ես նրան,
Հրաժեշտ կտամ,
Հայացքս շատ է
Մերձենում հոգուս…
Օրհնյալ լինես դու,
Վերախոյա՛նք իմ,
Երբ նոր ծնունդիդ
Հեռանում ես կույս…
Տե՛ր իմ, թույլ չտաս,
Որ շատ ցած նայեմ,
Ոտքերիս առաջ
Փշեր են ցավի…
Քանի դեռ խորունկ
Սպիներ չունեմ,
Թույլ տուր հեռանամ
Այս խոր անձավից…
Թողության պահիս
Էլի կասեմ ես՝
Եկա, ապրեցի,
Ամեն ինչ տեսա…
Եվ թքած, թե միշտ
Հարսնաշոր հագա,
Սակայն իմ կողքին
Չունեցա փեսա…
* * *
Ինձ միշտ հետևող
Գիշերային բու…
Անքուն ես դու էլ,
Քանզի գույներն էլ
Բառերի նման
Կարող են խաբել…

Սառց աբեկորդ
Երբ մի օր, մի օր
Հայելի արի,
Իմ մատների մեջ
Ճերմակ մոմի պես
Այն հալվեց կաթ-կաթ…

Ինձ չտեսա քո
Արտացոլանքում.
Օրերը չապրած
Շարվեցին թելին,
Որ հետո դառնան
Ինձ վզնոց ագաթ…

Գիշերային բու,
Աղավնաթև է
Ճախրանքս արդեն.
Իմ ներումների
Երկնքում հիմա
Ամպ է ու մշուշ…

Ամեն փետուրս
Վրձին դարձրու,
Որ գույն ունենաս,
Եվ այն կտավը,
Որտեղ որ ես կամ՝
Արդեն կոչիր «Հուշ»…
* * *
Երջանկություն բերող
Դու անսովոր թռչուն,
Կասե՞ս՝ որտեղ է քո
Ծղոտահյուս բույնը…

Տաք սրտերի մեջ է,-
Թևավորն ինձ ասաց,-
Ուր ամեն մի փետուր
Ունի արյան գույնը…

Իսկ երբ լքում ես դու
Քո վանդակը սրտե,
Որբացած ես դառնում,
Ո՞ւր ես գնում, թռչո՛ւն…

Անհայտություն դեպի,
Հետո՝ ով որ Տիրոջ
Բախտագիրը ունի,
Նրա մոտ եմ թռչում…
* * *
Ես մոմ եմ, մոմ եմ,
Եվ իմ մարմինը
Հալվում է դանդաղ՝
Արցունք առ արցունք…
Կյանքիս թելը կույր
Շատ գույներ ունի.
Իսկ երազներս իմ հալհլոցից
Դառնում են ձիեր,
Կարապներ մեռած,
Գմբեթ տաճարի,
Տիրամոր պատկեր…
Ես մոմ եմ, մոմ եմ,
Կրակվելով եմ սպառվում դանդաղ…
Բոցս պարում է
Քամիների տակ…
Ճաճանչներ տալով՝
Սպառվում եմ ես,
Իմ կռիվը միշտ եղավ մութի հետ,
Որպես ընդվզում՝
Տոնի ու մահվան
Կրակներիս մեջ…
Ես պատվանդանիս
Եղել եմ հպարտ ու չեմ խոնարհվել…
Ես մոմ եմ կանաչ,
Եվ շատ եմ ուզում,
Երբ թելս արդեն
Ազդարարի՝ վերջ,
Իմ շուրջը միայն
Ճերմակ ու բուրյան մոմեր որ վառեք՝
Որպես ուղեկից
Հրեշտակներ լույս…
Ես վախեցել եմ
Ծանր խավարից իմ մենավորիկ.
Այնտեղ է ապրել
Ինձ անվերջ խաբող
Բախտիս սատանան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։