Սամվել ԿՈՍՅԱՆ – Դուք հաճախ եք անդրադառնում պատերազմի թեմային: Զինվորական լինե՞լն է պարտադրում, թե՞ պատերազմով պայմանավորված խաղաղության իրական արժեքը:
Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ – Երբ ավարտում էի Պոլիտեխնիկական ինստիտուտը, չէի կարող պատկերացնել, որ կշարունակեմ պատանությանս տարիներին կիսատ թողած գրականության ճանապարհը, երբ մասնագիտությամբ արդեն աշխատում էի Ռադիոֆիզիկայի ինստիտուտում, մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ երբևէ զինվորական ուսադիր կկրեմ, երբ արդեն կրում էի այդ ուսադիրը, նույնչափ անիրական էր թվում, որ ինչ-որ մի օր քնարական գրքերիս կողքին կհայտնվեն նաև ռազմի գործեր` պատերազմի, նրա արհավիրքների, սահմանին կանգնած զինվորի ու հերոսացած տղերքի մասին, ու մի օր էլ… Կհամալրեմ ռազմի պոետների շարքը…
Բայց ավելի ուշ, ինձ համար գոնե, պարզ դարձավ, որ այդ բոլոր շրջադարձերը ճակատագրորեն ինձ բաժին հասած կանխորոշումների շղթայի այն օղակներն էին, որոնցից ամեն մեկը կենսագրությանս մի հատվածը պիտի դառնար, ու որոնց տրվելու ճանապարհին ես պիտի քայլեի ներքին համոզմունքների թելադրանքի ազնիվ մղումով, բայց ո՛չ երբեք` ժամանակի քմայքներին հաճոյանալու կամ ինձ ավելի հավակնոտ տեսնելու ուղղորդումով…
Եվ այդ ժամանակ, երբ կտրուկ որոշումներով փոխում էի ընթացքս, մեծ ճիգեր էին պահանջվում, որ մնայի սկզբունքներիս հավատարիմ: Որովհետև նոր իրավիճակները մարդու կյանքում կարող են մեծացնել սխալվելու հավանականությունը: Հենց թեկուզ բանակը… Կարծում եմ` միանգամայն պարզ է, որ դա այն կառույցն է, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չունես:
Եվ այդ բոլոր շրջադարձերին Ակնածանքն էր իմ պատվո պահակը:
Զինվորական լինելը չի կարող պարտադրանք համարվել` գրելու պատերազմի, զինվորի, հերոսի մասին… Այն կարող է լինել ընդամենը քո ներսում ու քեզանից դուրս գտնվող ընկալումների տարբերությամբ պայմանավորված այն առավելությունը (եթե դա կարելի է առավելություն համարել), երբ դու մյուսներից ավելի շատ ես տեղեկացված: Սակայն դա երբեք չի կարող դառնալ ճշմարիտ, ազնիվ պոեզիա ստեղծելու նախապայման: Մնացած ամբողջի պատասխանատուն Նորին Գերազանցություն Հոգեվիճակն է…
Ցավով պիտի նշեմ, որ խաղաղության իրական արժեքի գիտակցումը շատ հաճախ կաղում է, բայց ոչ այն պատճառով, որ չենք ուզում դա և կամ չենք գիտակցում դրա կարևորությունը: Այն էլ ո՜նց ենք գիտակցում… Պարզապես այսքան երկար ձգձգված ոչպատերազմ-ոչխաղաղություն կարգավիճակը դատարկել է շատերի Համբերանքի ամբարները, թուլացրել Խաղաղության հասնելու ճանապարհին լուրջ դերակատարություն ստանձնելու նրանց զգոնությունը, որն այսօր, առավել, քան երբևէ, այնքա՛ն կարևոր է: Իսկ այդ դերակատարության բանաձևը պարզից էլ պարզ է. ամեն մեկս մեր տեղում` Նվիրումի առավելագույն չափաբաժնով:
Ս. Կ. – Ձև՞, թե՞ բովանդակություն, ի՞նչն է առաջնային: Թեև հարցադրումը հին է, բայց յուրաքանչյուր ստեղծագործող փորձում է իր պատասխանը գտնել:
Ն. Պ. – Կարծում եմ` ձևն ու բովանդակությունը, մարդկության ստեղծման առաջին օրվանից ցարդ, միշտ քայլել են կողք կողքի` շարունակաբար միմյանց փոխարինելով, իսկ ավելի հաճախ դրանցից մեկն անպայման դոմինանտ է դարձել` մղելով մյուսին կարևորության ավելի ցածր հորիզոնականներ…
Ես ձևի ու բովանդակության անհամաչափությանը միանշանակ չեմ վերաբերվում: Ձևը բոլոր ժամանակներում եղել է բովանդակության մատուցման գործիքը, միջոցը` այն ամբողջովին, մինչև վերջ տեղ հասցնելու անառարկելի հմտությունը: Հակառակ դեպքում բովանդակությունը, գուցե, ինչ-որ չափով տուժեր…
Երբեմն բովանդակային առումով հետաքրքիր ու խորքային գաղափարները գրականության մեջ չեն կարողանում հասնել մինչև «սպառողը», այն է` ընթերցողը, եթե դրանք մատուցման ձևի մեջ պարզունակ են ու անհետաքրքիր:
Բայց շատ հաճախ ստացվում է նաև այնպես, որ ձևին տրվելու գայթակղությունը դառնում է կործանարար: Ու հենց նման դեպքերում է, որ պետք է կարևորել սեփական հոգեվիճակի «ցուցիչը»: Հետևելով այդ «ցուցիչի» տատանումներին, որոնք ուղղորդում են գրողին` դուրս գալու ձևի պայմանականություններից ու ընթերցողին տանելու առավել ազնիվ ու անկեղծ բովանդակային դաշտ, գրողը դառնում է ավելի հավաստի ու ընդունված:
Եվ, հետևաբար, ձևի ու բովանդակության փոխհարաբերության մեջ պետք է միշտ գործի «ձևը հանուն բովանդակության» սկզբունքը: Ի վերջո, ձևի բացակայության կամ թերի լինելու պարագայում բովանդակությունը գուցե ինչ-որ կերպ տուժում է, բայց ո՛չ երբեք զրոյանում, ինչը չէի ասի հակառակի պարագայում:
Ս. Կ. – Որքանո՞վ է պոեզիան երկխոսության միջնորդ հոգու և տիեզերքի միջև:
Ն. Պ. – Մարդաբանությունը, մարդն ինքը տիեզերքի ածանցումներից է, ուստի` մարդու իրականացրած յուրաքանչյուր գործողություն կամ քայլ, տիեզերքի վրա ներգործելուց զատ, նրա ամբողջության մեջ սեփական գոյությանը ներսից նայելու, ներսից զննելու, այն հասկանալու հնարավորություն է, որտեղ հոգին է այն միակ բացառիկ տիրույթը, որը չի ենթարկվում ոչ մի փոխակերպման:
Պոեզիան, տիեզերական ամբողջության մեջ, հոգու հետ համագոյակցող աննյութեղեն, անշոշափելի տարածությունն է, որտեղ բանաստեղծը բարոյական պարտք ունի երբեք չնեղացնելու այդ նույն հոգու ազատության տիրույթը, պահելու այն առավելագույնս անխոցելի ու սոցիալական կեցույթի տարբեր դրսևորումների դեպքում` անձեռնմխելի: Քանզի հենց պոեզիայի միջոցով է, որ նա կարողանում է ստեղծել սեփական հոգու ու տիեզերքի միջև բառի ազդանշանային կապը, բառի էներգիայով դիֆերենցված ալիքը, ի վերջո` երկխոսությունը: Ու որքան ազնիվ ու մարդկային է այդ պոեզիան, այնքան ավելի երկար ու շարունակական է այդ երկխոսությունը, ու այնքան ավելի բավարարված ու իրացված է բանաստեղծը (գրողը): Քանզի տիեզերքի հետ երկխոսության շնորհիվ է, որ նա կարողանում է իր ապրումներին հաղորդակից դարձնել բոլոր նրանց, ովքեր կարողանում են իր հոգեվիճակի ալեհավաքից որսալ իրենց հոգեհարազատ ազդանշանները: Պիտի խոստովանեմ, որ քչերին է դա հաջողվում: Ու հենց այդ քչերն են դառնում բոլոր ժամանակների «անժամանակ» Գագաթները… Ուզում եմ նշել նաև, որ պոեզիան, դառնալով հոգու ու տիեզերքի երկխոսության միջնորդ, արտոնյալ է դարձնում բանաստեղծին մյուս գրողների նկատմամբ: Ու բանաստեղծը պիտի կարողանա օգտվել այդպիսի «կարգավիճակի» բացառիկությունից:
Ս. Կ. – Համավարակը ի՞նչ է տալիս Ձեզ ու ի՞նչ է խլում:
Ն. Պ. – Փաստաթղթերը ձեռքիս դուրս էի գալիս գրասենյակից, երբ միջանցքում ղեկավարս զգուշացրեց, որ որոշ ժամանակով ծառայության չպետք է գնամ: Համավարակի մասին տեղեկատվությունը դեռ կցկտուր էր, այն ասես մեզանից հեռու, մի այլ տարածությունում էր, այլ չափումների մեջ ու այլ իմացական դաշտում: Հետո արդեն…
Զարմանալի է, բայց մի անսովոր ջերմություն է ներխուժել ներսս, ասես շատ կարևոր մի բան եմ գտել, որը վաղուց կորցրել էի արագ ժամանակների ու գունատված հոգուս արանքում: Ու այն եկել, մտել է իմ տուն… Կարողանում եմ ժամանակ գտնել զավակներիս, ամուսնուս համար, լսել նրանց, քննարկել հուզող հարցերը, եփել նրանց սիրած ճաշերը: Միասին ենք նախաճաշում, ճաշում, ընթրում, քննարկում աշխարհում կատարվող իրադարձությունները, ուշ երեկոյան միասին կինո ենք դիտում…
Ասես վերադարձած լինենք մի այնպիսի իրականություն, որի մասին փնթփնթալով երազում էինք երկար տարիներ: Այդ դեպքում ո՞ւր է վայելումը…
Մի ներքին անհանգստություն, մի անհերքելի սպառնալիք ասես կախված է ամեն մի վայրկյանի, րոպեի, ժամի վրա, ասես այս ամենը տեղի է ունենում ներսդ խցկված ինչ-որ հսկիչի ներկայությամբ, ու դու այդ ջերմությունը վայելելու պահին անգամ պատասխանատու ես նրան, որովհետև քեզանից է սկսվում մյուսների կյանքը, նրանց առողջությունը, նրանց արարումը… Գուցե մոլորակին հենց սա էր պետք, ճիշտ այսպիսի մարդկային տանդեմ` հասկանալու անհատի, սեփականի, եզակիի այնքա՜ն սերտ կապը համամարդկայինի, համընդհանուրի հետ:
Դեռ երբե՛ք մարդն այսչափ կախյալ և պատասխանատու չի եղել իր քայլերի համար, դեռ երբե՛ք մարդն այսչափ անօգնական չի եղել… Կարծում եմ` եկել է Մոլորակին պատասխաններ տալու ժամանակը, որից հետո մարդը պիտի շրջադարձ կատարի ու զգուշորեն վերադառնա համակեցույթի բարոյական ու նյութական նորմերը խստորեն պահպանելուն: Համավարակը, մեծ հաշվով, ոչ թե հիվանդացման, այլ առողջացման գործընթաց է, մոլորակի առողջացման, մարդկային հարաբերությունները վերանայելու ու վերագնահատելու: Թող ինձ ներեն նրանք, ովքեր այս օրերին ունեցան կամ կունենան թանկ կորուստներ… Ես էլ նրանցից մեկն եմ… Բայց չեմ ընկճվում, չեմ ընկրկում…
Գրքեր պատվիրեցի` առցանց, հիմա կարդում եմ Ազնավուրի «Մեղմ շշուկովը», աշխատում եմ տպագրության պատրաստվող գրքերիս վրա: Օրս կանոնակարգված է, այն ավելի լեցուն է դարձել ու իմաստալից: Իսկ երբ գլուխս դնում եմ բարձին, մտածում եմ օր առաջ մեզ` բոլորիս այս համավարակի ճիրաններից ազատված տեսնելու լուսավոր օրվա մասին, որը վաղ թե ուշ գալու է, ու այնժամ մեզանից յուրաքանչյուրն ավելի արժևորած կապրի իր կյանքը: Միայն ափսոսում եմ, որ այս Աղետը դարձյալ իմ սերնդին բաժին հասավ: Դե ինչ, կյանք է, պիտի ապրել ու պայքարել…