1.
Ավանդույթները մեր օրերի չափով չեն,
Թափված են մանկության շորերի պես,
Իզուր էլ փորձում եմ նրանց կյանքի կոչել
Չիմանալով ինչպես, ինձ ո՞վ կասի` ինչպե՞ս…
Կիրակիներն անցան, տաք կիրակիներ,
Երկուշաբթիները տմարդ սարդերի պես…
Ներսս որտեղի՞ց այսքան սարդոստայններ,
Ե՞րբ հյուսեցին` ինչո՞ւ, և ո՞վ կասի` ինչպե՞ս…
2.
Ո՞ւմ գրպանից է ընկել իրիկունը`
Ճմրթված ու կեղտոտ թաշկինակ,
Թիթեռներով է լիքը նրա քունը,
Սև թիթեռ, կապույտ ու սպիտակ…
Թիթեռներին գերում է իրիկունը,
Հավաքում մահվան շնչի տակ,
Սփոփանքը խելագարությունն է`
Ճմրթված ու կեղտոտ թաշկինակ…
3.
Մտքից անդին նույն անհունն է,
Նույնն է, սակայն չի երևում,
Նույն անհունն է, նույն թռչունը,
Մերթ ցավի տակ, մերթ վերևում:
Երգը նրա մարգարտաշար
Ոնց է ուզում փոսը լցնել,
Անհունի մեջ շատ է դժվար
Մտքի բեռը ավելացնել:
4.
Ինչ եմ մոռացել, ինչ եմ հիշում դեռ,
Նեռը բառերս այրել է վաղուց,
Փորձում է անգամ հուշերս վարձել,
Մի՞ թե ոգի չեմ, փոս եմ և կամ խուց:
Թե նեռը ինքս եմ, նոր ցեղի մի նեռ,
Ամբարիշտ ու խև իմ հուշերից դուրս,
Բայց ապրում եմ` չէ՞, ու շնչում եմ դեռ,
Թեկուզ և անհույս, իսկապես անհույս…
5.
Առանձնապես ծանր են անձրևոտ օրերը,
Որտե՞ղ եք արևոտ իմ պատկերներ,
Թաց ասֆալտին միայն ձեր ստվերները`
Զույգ թևերը կորցրած կույր փետուրներ…
Հա, մահացել է հին օրերի սերը,
Անձրևը ջնջել է , խառնել բիրտ ջրերին,
Եվ ինչ փրկվել ու մահից մնացել է,
Իմ գերին է, կամ էլ ես եմ նրա գերին…
6.
Մեր հորինածը գիտենք ես և դու,
Ու մեկ էլ մեկը` անունը չտամ,
Նա որ թառած է ճյուղին մեր հոգու
Ու մեզ հսկում է գիշերներն անգամ:
Մեր իմացածը նա է հորինել,
Չենք ուզում ասել, որ չկորցնենք,
Ուրիշ բան պետք չէ դրանից ավել,
Կա ինքը մեր մեջ ու նրա մեջ` մենք…
7.
Երկու բարի խոսք, որ օրը լցվի,
Ինչ մի մեծ բան է երկու լավ բառը,
Թե չէ հարվածից առօրյա կացնի
Օրը լերդանում դառնում է դառը…
Էհ, պարապ օրվա մերը չմեռնի,
Սովորություն է և բախտի խաղը,
Ինքս ինձ ասում եմ՝ մի՛ հուսահատվիր,
Չի եղել այսօր, կլինի վաղը…
8.
Ո՞ւր, հարցնում են շենքերը, ո՞ւր,
Հարցնում են ծառերն ու մայթերը,
Չգիտեմ, ասում եմ տխուր,
Ինձ ուր կտանի իմ սերը…
Հետ արի, ասում են, խելագար,
Գամ որ ի՞նչ, ասում եմ, է հետո՞,
Հետ արի, ասում են, այ հիմար,
Քեզ տանն է սպասում սերը քո…
9.
Սերը իմ մեջ է, ես էլ նրա մեջ,
Ես նրան, ինքն էլ ինձ է արարել,
Սակայն հերիք է ու այլևս վերջ,
Պիտի բաժանվել, առանձին ապրել…
Իմը բառերն են, մնացածն` իրեն,
Հա, լոկ բառերը և հույզեր մի քիչ.
Որ նրա մասին երգեր հորինեմ,
Լավ ու վատ երգեր և ուրիշ ոչինչ…
10.
Նորից հարբեցինք, ցավ ու կրակ էր,
Ժամանակն ուռեց ու ընկավ ձորը,
Կյանքը թելի պես էլի բարակ էր,
Ոչ մի դուռ չուներ անիծյալ օրը…
Մահն էլ չէր ուզում հետներս խոսել,
Գնաց փսխելու ինչ-որ պատի տակ,
Ու չգիտեինք որ կողմը հոսել,
Դեմը հաստ պատ էր, իսկ շուրջը՝ դատարկ…
11.
Հետաքրքիր չէ այնտեղ՝ ուր չկամ,
Ձանձրալի է այնտեղ՝ ուր ես եմ,
Երևի նորից կյանքից ուշանամ,
Բախտի քարայրում դարդերս լացեմ:
Այսպես դեռ ինչքան, ինչքան կտևի,
Ո՞վ գիտի, ինքս էլ կարգին չգիտեմ,
Մահանամ իմ մեջ այսօր երևի,
Մահվան մեջ օրվա իմ տողը գտնեմ:
12.
Ծանր կափարիչ է գիշերը,
Այստեղ չեմ արդեն, այլ՝ վերևում,
Եվ իմ ոտնահետքերը
Որպես աստղեր են երևում…
Ողջույն, ասում եմ վերևից,
Խուլ են, չեն լսում ներքևում,
Թքած, ասում եմ ինքս ինձ,
Նրանք չէ, ես եմ վերևում…
13.
Ես ցավի, նահանջն իմ ընկերն է,
Անիմաստ, անխոհեմ ու խոնավ,
Բառերս էլ հավեսից ընկել են,
Չգիտեն ինչն է վատ, ինչն է լավ…
Գնում ենք մեկ-մեկու հրելով,
Շարժվելը իսկական տառապանք,
Ես կայի ինչ-որ բան գրելով,
Գիրը հեչ, բայց ինչո՞ւ էլ չկանք…
14.
Սա վերջն է, ու վերջը վերջի,
Նոր սկիզբը ինչ ունի` չեն ասել,
Կուզեի երկնքի թաց էջին
Մորս պատկերը տեսնել…
Երբ վերջն է ու վերջը վերջի,
Ու հեռուն բան չունի ասելու,
Եթե երկինքն էլ ցած իջնի,
Մորս այնտեղ եմ տեսնելու…
15.
Պոեզիան կյանքը չի, հակառակը,
Կյանք չի եղել ու չի էլ լինելու,
Նա է այն դաժան մոլորակը,
Ուր պոետը գնում է մեռնելու:
Հարությունն անհույս է` ցնորք,
Տակաշոր լուծվող մտքերի,
Եվ ոչ ոք, և ոչ ոք, և ոչ ոք
Կյանքն իմ ինձ նորից չի բերի…
16.
Ողջ գիշեր անձրևը եկել էր,
Հիմա էլ անձրև էր մաղում,
Մայթերին շաղել պատկերներ,
Մոլորված աշուն էր խաղում…
Դեռ ինչքան կտևի անձրևը,
Պատկերն իմ կորել է, չկա,
Դժվար է ապրելու այս ձևը,
Ներկա չես, ոչ էլ բացակա…
17.
Երբ հոգնել ես ու շատ ես հոգնել,
Միշտ հոգնած ես ու շատ հոգնած,
Փորձիր, մանկությունդ հագնել,
Ծերության ուսերից իջնել ցած…
Իջնել հոգսերը շրջանցելով,
Կյանքի աղմուկի թևին հենված,
Ինքդ քեզ քո դեմ լուռ բացելով,
Կամաց-կամաց, կամաց-կամաց…
18.
Քո ժամանակը քո կյանքն է,
Ու քո ծննդյան թիվը ունի,
Մնացածը բամբասանք է,
Գցած երախը անհունի…
Եվ քեզ, քո վախին ընդառաջ,
Քո թոռն է, քո անունը ունի,
Որ շարժվելու է միշտ առաջ,
Փակելով երախը անհունի…
19.
Թռչում են օրերն իմ վրայով,
Մտքերս նրանց թևերին,
Ապրելու խղճուկ իմ փայով,
Ուզում եմ հաղթել վերևին…
Բայց մութը քաշում է հատակ,
Հող էիր ու հող էլ կդառնաս,
Չի կարող ամեն նահատակ,
Բարձրանալ երկինք ու Պառնաս:
20.
Անիմաստ է կան ու չկան,
Առավոտ թե իրիկուն է,
Սերն էլ եթե այցի եկավ,
Միայնակ եմ, միևնույն է…
Անգամ Տերը ձայն չի տալիս,
Ներս ու դրսում լռություն է,
Թեև լիքը գնում-գալիս,
Միայնակ եմ, միևնույն է…
21.
Հոգսերը երազներս խուզել,
Կապել են մտքերս ցավին,
Ես կարողանում էի հուզել,
Ես հավատարիմ էի լավին…
Ի՞նչ եղաք, թագավոր իմ օրեր,
Գունատն է հիմա ձեր գահին,
Ի՞նչ արիք, որ բախտը ալեհեր
Ընկեր է ոչ թե ինձ, այլ՝ մահին…