Մ ա ն ա ս ե

Մանասե-2
***
Օրը ձգվեց որպես ձիու ձգված մռութ,
որ աչքերիս առջև իր արշավն է դոփում,
մի երազ եմ ապշել ձիու խոշոր աչքով,
ինձ թվում է ես եմ քո դահիճը, երկիր:

Առանց հոգու ապրել նույնիսկ հոժարել եմ,
առանց երազ` երբեք, որ ինձ մղձավանջ է,
դու այնպես ես ձգել քո հայացքը իմ մեջ,
ասես մղկտացող ձիու ձգված մռութ:

Դու այնպես ես թողել մեռնող խրխիջ,
ու այնպես ես թողել խրտնած ձիու ապշանք,
այն զայրույթը որով ես քեզ մտրակել եմ,
ինձ է դաղում արդեն, մղձավանջն է ու ես:

Այն զայրույթն է շաչում` հալածելով քնից,
որ դու չկաս, ուրո՛ւ, մղձավանջն է ու ես,
խիղճ եմ ջղաձգվում ու զառանցում քրտինք,
երազների ամբոխ որից դուրս չեմ պրծնում:

Խրխիջներ են խրտնում որ ինձ մոտենալիս
խոշոր աչք են բացում խղճիս վրա,
ինձ մատով են անում, թե դահիճը ես եմ,
թեկուզ նրա համար որ քեզ զավակ չեղա:

Քեզ զոհվելու համար որ չգտա իմ մեջ
մի կամավոր կրակ` ինքը վառվեր,
իսկ ուրիշ կերպ` դարձավ կեղծ ու պատիր,
ու չեմ ներում ես ինձ դրա համար:

– Մի ձիաքարշ բերեք,- ձիաքարշն է վայել,
որ ես լծվեմ նրան մինչև իմ մահ,
սլանալու համար կռանում են թամբին,
իսկ ուրիշ կերպ` երբեք քեզ չեն սիրել:

Օրն է որպես ապշած ձիու ուռած մռութ,
հոտոտում է խեղված ինձ`դիակիս,
քրքջում է նեղվածք որ մեռնելս քիչ է,
եթե անգամ ներես – պիտի քավեմ ընդմիշտ:

***
Աճյունները կաճեն մեռյալներից:
Հողով լցված ոսկորները կբուսնեն:
Ու հարության հույսից ընդոստ
դամբանները պիտի բերան բացեն:

Տապանները այնժամ չեն հսկվի,
պիտի հպարտանան առանց ննջող`
մեռյալնե՞ր եք փնտրում ողջերի մեջ,
չկա նրանց` երկիր հրապուրող:

Բայց կլինե՞ն նույնը հառնածները,
ու չե՞ն տենչա նախկին ծնունդն իրենց,
ու դրանից գուցե վերադարձնեն մարմնին,
քաղցր մի հուշ`մահկանացու լինել:

Ապրել այստեղ ու երազներ տեսնել,
ոսկրեքը իրենց թող չբուսնեն,
թող աճյունը աճած խոտով լցվի,
ապրել միայն, ապրել այստեղ:
Ապրել – ահա ու այն
վարդը տեսնել,
որ բուրում է գուցե
վերջին անգամ,
ինչ քացր է, Աստված, մահկանացու լինել,
ու չթողնել վարդը մեռնի մենակ:
***
Աստղից մոխիր որ քո մեջ չունես,
ի՞նչ իմանաս` ի՞նչ պատասխան է
աստղը լռում քեզ: Մի երկվայրկյան է
Բրահմանի համար ուշացած լույսը,

որ մարած աստղից հասնում է մեզ:

Մոխիրներ են ննջում աստեղաց մեջ,
ու փայփայում են արեգակներ այնտեղ,
միայն մահը խորհել` խոհածության ախտ է,
որ մի աստղի աճյուն կարող է տևել:

***
Մարգարեներ, որ ամայություն եք տագնապել
ու մաշել մելամաղձեր,
կորուստների ցավ եք հաշվել ըստ ձեր սրտի
զարկերի – որ և հաղթանակ են զարկել,
և նվաղմամբ եղել ու տագնապել անհայտ,
ձերը չէ աշխարհը, որ գաղտնիքներ բացեք,
այլ միմոսներին` Ջոն Դոնի զանգից
կախված –
որ զարկում են ասպարեզներ,
ուր ամենքն են արդեն մի մարգարե,
ու հանճար են ճչում` իրենց սրտի մաշած
ամեն մի զարկի հետ:

***
Նենգություն էին կկոցում մանրիկ ժպիտների մեջ,
հետևելով առաջնորդին, որ խոսում էր ՆԷՊ-ից,
ուռճացնում էին ուտիճներ հատակներում`
Կրեմլից մինչև բոսյակների նառը
ու ապառիկ քնում խոստացված դրախտում –
տրորում էին Միտքը կրունկներով նեռ,
ու խոթխոթում իրենց ռունգերում գաղափարներ:
…………………………………………………….
Գիտեր Չարենցը՝ մախորկայի ծուխ է գալիքը,
բայց երանի նրան, որ հավատում էր…:

***
Հրաժեշտին իմ հողը ես կխմեմ ձեր կենաց,
պարզ կլինեմ, ինչպես գլխատված մարմին,
օտարանալը մեր, որ կգտնի իրենը,
անկախ մեզնից կլինի, թե սիրել ենք միմյանց:

Ես կխմեմ իմ կյանքը հրաժեշտին ձեր կենաց,
ինձ թռիչքն է կամ անկում –
թող դա լինի մի ցատկով,
թեև դժվար մոխրիս քամին բախվի այդքան շուտ,
սակայն հե՞շտ է լինելու`մոխիր խմի ձեր կենաց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։