ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆ ՀԳՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ

ՀԳՄ

Նոյեմբերի 15-ին Ծաղկաձորի ՀԳՄ ստեղծագործական տանը կայացավ Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքների հավաք հաշվետվությունը, մասնակցությամբ` Շիրակի բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանի, Լոռու` Մանվել Միկոյանի, Արագածոտնի` Արևշատ Ավագյանի, Տավուշի` Սամվել Բեգլարյանի, Կոտայքի` Հակոբ Հարությունի: Հարգելի պատճառներով բացակայում էին Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի բաժանմունքների ղեկավարները: Ներկա էին ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, գրական մամուլից՝ Ռուբեն Հովսեփյանը, Սամվել Կոսյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ գործունեությունը՝ մարզային բաժանմունքների աշխատանքները բարելավելու ուղղությամբ: Ամիսներ առաջ ՀԳՄ-ն նամակներ էր ուղարկել ՀՀ մարզպետներին` Հայաստանի գրողների միության հետ համագործակցության և մասնավորապես տեղի գրական բաժանմունքներին օժանդակելու նախաձեռնությամբ: Բաժանմունքների նախագահների հաշվետվություններից պարզվեց, որ այս առումով վիճակը բավարար է Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում: Դրական է նաև Արմավիրի մարզպետարանի և բաժանմունքի համագործակցությունը: Տավուշի մարզպետարանը բարեհաճ է աջակցելու: Վիճակն անորոշ է Կոտայքում: Շիրակի և Լոռու մարզերում մարզպետներին ուղղված ՀԳՄ առաջարկը` տեղացի գրողներին խրախուսելու նպատակով, համապատասխանաբար Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի անվան մրցանակներ հիմնել, ըստ բաժանմունքների նախագահների, դեռևս ընթացքի մեջ է: Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում լուծված է բաժանմունքներին հատկացված սենյակների խնդիրը: Նշվեց, որ գրեթե բոլոր մարզերում մարզային կառույցներն ու համայնքների ղեկավարները այս կամ այն չափով օժանդակում են բաժանմունքների միջոցառումներին: Բոլոր բաժանմունքներն իրենց կարողությունների չափով անում են հնարավորը տեղերում մշակութային կյանքը աշխուժացնելու, հոգևոր միջավայրը նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ: Գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հոբելյանական տարեդարձներ, հանդիպումներ, գրական-երաժշտական երեկոներ… Տավուշում, սահմանի առկայությամբ պայմանավորված, հաճախ են հանդիպումները զորամասերում, իսկ Արագածոտնի մարզում գրական միջոցառումներն առավել տարողունակ են՝ ներառելով երաժշտական և թատերական ժանրերը ևս:
Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ նաև գրահրատարակչական խնդիրներին: Հաղորդեց, որ Գրողների միությունն ամեն կերպ փորձում է նպաստել մարզային բաժանմունքների մամուլին` «Եղեգան փող» (Շիրակում), «Երկունք» (Լոռիում), «Ոգու կանչ» (Կոտայքում) տրվող պետական աջակցության ավելացմանը: Արագածոտնի մարզում միջոցառումներին արձագանքում են «Կանթեղ», «Արագած» թերթերը: Խոսք գնաց թերթերի սպառումը կազմակերպելու մասին, որը թույլ կտա թեթևացնել խմբագրությունների հոգսերը: Միաժամանակ նշվեց, որ ՀԳՄ հետևողական ջանքերի շնորհիվ պետական աջակցությամբ տպագրվող գրքերի ցանկում փոքր չէ մարզային հեղինակների հաշվեկշիռը: Արծարծված այլ հարցերի շարքում Էդ. Միլիտոնյանը կարևորեց մարզային գրողների հանգստի և առողջապահական խնդիրներին միտված դրական աշխատանքը:
ՀԳՄ մարզային բաժանմունքների նախագահները, իրենց հաշվետվություններում ներկայացնելով կատարված աշխատանքը, միաժամանակ խոսեցին իրենց խնդիրների մասին, արվեցին մի շարք առաջարկություններ: ՀԳՄ նախագահը, ի գիտություն ընդունելով արված խնդիրներն ու առաջարկները, բաժանմունքների նախագահներին հորդորեց ՀԳՄ-ից բացի, առավել ակտիվացնել իրենց համագործակցությունը մարզպետարանների, համայնքների, տեղական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ ու բովանդակային դարձնել մարզային բաժանմունքների գործունեությունը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։