ՔԱՄԻՆԵՐԸ
Սկզբում եկան քամիները՝
Նրբին ու տաք, շոյող, թեթև,
Խաղ խաղացին, երգ երգեցին,
Եկած ճամփով հետ գնացին՝
Քրթմնջալով՝ շու՜տ ենք եկել…
Քամիների այլ խումբ եկավ՝
Մե՛րթ անձրևի ուղեկցությամբ,
Մե՛րթ կայծակի մեջ շուլալված…
Եկած ճամփով չգնացին,
Սա՛ր բարձրացան ու խտացան…
Քամիները հիմա խումբ-խումբ,
Պարան-պարան, շարան-շարան,
Անձրևներից ընդարմացած,
Գլորվում են ու թափվում ցած՝
Ձմռան երգը լավ սովորած:
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Կասեն՝
Բարի էր, անկեղծ, գթառատ,
Սիրում էր կյանքը՝ և՛ Արև, և՛ Լույս,
Արժևորում էր բոլորին հատ-հատ,
Երգը բաժանում՝ որպես
նշխար-հույս…
Չե՛ն ասի:
Ի՞նչ կասեն, հապա,
Ի՞նչ կբամբասեն…
Կասեն՝
Կոպիտ էր, անտաշ, անգութ, անհոգի,
Ժլատ էր անչափ, անչափ եսասեր,
Չի օգնել կյանքում նաև ոչ ոքի,
Ոչ մեկին բարի խոսքեր չի ասել…
Կասե՞ն…
Չե՛ն ասի:
Ի՞նչ կասեն, հապա…
Ես ի՞նչ իմանամ.
Դեռ… կա՜մ:
***
Լեռ-չափանիշով
ես աշխարհ մտա.
(լեռը, քարափը
լոկ նկարչական
երազանքների
գոռ պաստառներ չեն
և ոչ բնության
պարգևներ հպարտ).
Լեռներ եմ կրում՝
իմ հոգում անսանձ,
Խոհերիս քաշը՝
զանգվածը նրանց:
***
Ինչքան կրակ տվին,
Ձյուների պես Լեռան՝
Անհալ ու ջինջ եղա:
Մշուշ, մեգ, մառախուղ,
Կաթիլ, առվակ, առու՝
Ինչ որ ասես, դարձա:
Ես Լեռան ձյուն էի,
Կրկին անհալ ու ջինջ՝
Լեռս վերադարձա…