Արյան կաթիլից բուսել է իմ մայրը ` Հնար:
ՁՈՆ ՄՈՐԸ
Գեղարվեստական գրականության, մասնավորապես, պոեզիայի կենարար ակունքներից մեկը ժողովրդական բանահյուսությունն է: Ինչքան մաքուր է պահպանված այդ ակունքը, այնքան թափանցիկ ու անաղարտ են նրանից հոսող հոգևոր դրսևորումները, որոնք մեծ ժամանակի մեջ որոշակի ժամանակաշրջանների կնիքն են կրում ու զարգացնում են բանահյուսությունը կենսափորձի իմաստությամբ:
Ժամանակակից հայ պոեզիայում ժողովրդական բանահյուսության պատկերացումները ուրույն ձևով է ասելիքի հետ ներդաշնակել Ալիխանե Մամեն իր բանաստեղծություններում: «Արդի հայ քնարերգություն» գրքում Ալիխանե Մամեն գրում է. «Պոեզիան բնականի և բանականի կապն է, փայլը, խորհուրդը, իմաստը, շունչը, էությունը… Չմոռանանք նրա ծնունդ լինելը, բացառապես սիրո դրսևորում լինելը: Պոեզիան ոգու մրցակիցն է հավիտենության մեջ»:
Սա ժողովրդական բանահյուսության բանաձևումն է Մամեի բնորոշմամբ, որով և մեկնվում է պոետի անհատականության բազմաձայնությունը` պայմանավորված ժողովրդական հոգևոր նրբերանգներով: Ավանդույթներին հավատարիմ լինելով, նա սահմանաջնջել է հինն ու նորը` խորքին վստահելով ասելիքի առաքելություն:
«Եվ ոչ թե դրսից, այլ ինքս ինձնով հիմքս դրեցի»: Նա պոեզիան հատուկ արժանապատվությամբ է ընկալում: «Իմ սահմանման մեջ մարմին չի մտնում»,- ու` «Եվ ձիավորը գնում է, գնում… Ճերմակության մեջ»:
Այդ մաքրության մեջ է Ալիխանե Մամեի պոեզիայի ակունքը` ժողովրդական իմաստախոհությունը: Այն վայրի ծաղկանց պես անբռնազբոս է, գեղեցիկ է ու բուրումնալի: Նրա բանաստեղծություններն ալիքվում են` բանականության երեսին հանելով կարոտը մարդկային հոգու խաղաղության: Եվ դու քեզ երազահաս հեծյալ ես զգում նոր ժամանակների այս թոհուբոհի, արագությունների ու արագացումների նյութականացված աշխարհում: Որտեղ հոգուդ արձագանքների պատկերները ոչ այլ ինչ են, եթե ոչ գորգագործուհու կարպետի նախշը` տարիների հոսքից չխամրած: Ավանդապատումը և ժամանակակից մտածողությունը նրա գրչի տակ միահյուսվում են կյանքի հեքիաթին, որը պարզապես իրականության վերծանումն է լույսի և բարու աչքերով: Ասվածի անվերապահ հաստատումն է «Սիրո գորգը» բանաստեղծությունը, ինչը, կարծում եմ, արժե ամբողջովին ներկայացնել: Սա փոքր ծավալի երկ է, բայց լայն ու ասես անվերջանալի է նրա զուգահեռափունջ զգայահոսքը: Բանաստեղծը այնպես անրջորեն է զուգակցում իրականն ու եթերայինը, բացահայտն ու անբացատրելին, ռացիոնալն ու իռացիոնալը, ստեղծում է մի տրամադրության միջավայր, որտեղ սերը ընդմիշտ է, տաք-տաք է ու թել-թել, պահով նախշված է, բայց ժամանակին հավերժորեն բախշված:
Աղջիկը գետում բուրդ էր լվանում,
Աղջիկը գետում ամպ էր լվանում,
Երբ ձիավորը մոտեցավ նրան.
– Կդառնա՞ս սերն իմ…
Մինչև ծնկները ջրի մեջ մտած`
Սարի աղջիկը ոչինչ չի ասում,
Լվացած բուրդ է գետից դուրս հանում,
Լվացած ամպ է գետից դուրս հանում
Ու փռում տաք-տաք սալերին:
Քաջ ձիավորը մոտեցավ նրան.
– Կդառնա՞ս սերն իմ…
Չի պատասխանում աղջիկը սարի,
Չորացած բուրդ է չիբխում սալերին,
Չորացած ամպ է չիբխում սալերին,
Ու չիբխած-գզած ամպերն են ելնում
Հուշի՛կ` սանդուղքով լեռնալանջերի:
Քաջ ձիավորը մոտեցավ նրան.
– Կդառնա՞ս սերն իմ…
Սարի աղջիկը թեշին է վերցրել
Ու թել է մանում,
Թել-թել անձրև է ամպերից մաղում,
Թել-թել անձրև է ամպերից մաղում,
Ու ձիավորն է անձրևի միջով
Գնո՛ւմ, հեռանո՛ւմ…
Բրդերի թելով, թելով անձրևի
Սարի աղջիկը մի գորգ է հյուսում
Եվ ձիավորն է նախշ դառնում…
գորգին:
– Քո սերն եմ, ասպետ,-
Խոստովանում է աղջիկը նախշին:
Ա. Մամեի բանաստեղծությունները սյուժետային են, որոնց լուծումները, ի վերջո, միշտ էլ լավատեսական են` բարիով, խղճով, արարումով հագեցած: Ահա թե ինչու ոչ թե թվում է, այլ իրականում շրջահայաց ու խորաթափանց է նրա քնարերգությունը, խաղարկուն է ու հուզիչ: Անգամ բաժանման պահին («Մնաս բարով, կին») պոետը հրաժեշտի խոսք չի ասում, այլ բարեմաղթանք, որովհետև ժառանգականություն կրողի համար կնոջ առջև խոնարհումը պարտադիր է, հատկապես նրա ձեռքերի վրա մեռնելու իղձը շատ է բռնկուն:
Ինձ դուր է գալիս հայր լինել,// Իսկ ամուսին` ոչ,// Ինձ հայր դարձրիր,// Սակայն ամուսին չեղա մի կարգին,// Հույսերիդ դիմաց,// Մնաս բարով, կին:
Ալիխանե Մամեն ներհուն բանաստեղծ է, ում համար ասելիքը առաջնային է: Նրա ստեղծագործությունները խորքային են ու տարածքով էլ լայնահուն` մտորելու, բանավիճելու ազատությամբ: Նա քաջածանոթ է հին Արևելքի պատմության ու մշակույթի զարգացման քառուղիներին: Արևելքը չի որոնել Արևմուտքում, այլ Արևելքում է Արևելքը ներառել` լինելով այդ էթնոավազանի ծնունդը: Ինչքան էլ տուրք է տվել Արևմուտքի արտահայտչամիջոցներին, միևնույն է, ոչ մի քայլ չի հեռացել Արևելքի երևակայությունից ու դիցաբանությունից:
Ալիխանե Մամեի բանաստեղծությունները գրված են արևելյան բանարվեստի ոճավորմամբ: Նա հնագույն ավանդույթների, լեգենդների, առասպելների իմաստություններից ելնելով է փորձում բացատրել ժամանակակից կյանքը, հասկանալ բնության և հասարակական երևույթներում մարդու տեղն ու նշանակությունը: Բանաստեղծության ասելիքը կայացնելու երկու ճանապարհ է ընտրել Ալիխանե Մամեն:
Առաջին` փոքրիկ գործողությունների դիպաշարային ընթացքով ասելիքի բացահայտում: Այս գործերում ասելիքի կծիկը պոետը ոչ թե քանդում է, այլ նրա թելը բռնած` կծկում է, խտացնում, որ մեկեն ընթերցողի մեջ պայթի, այն դեպքում, երբ թվում է` պոետը հանգիստ զրուցում է քեզ հետ:
Որը ներս տարա վերջին ումպի հետ,// Կոկորդիս մնաց որպես խարդավանք: – «Սուզումներ»
Կամ`
Դժվար է ապրել//Սրտով կողոպտված…//Պրոմեթևսն եմ`// Առանց մեղք ու քեն// Դեռ ժայռին գամված: – «Հեթանոսական»
Անգամ նրբագույն ապրումի պահին`
Անզգույշ է ժամանակը`// Քանի անգամ ասացի քեզ:- «Գայանե Բաբայանին»:
Այս մեկն էլ`
Լինեմ անխաբ հպատակը քո,// Նպատակը քո,// Երկիր մշտագո: – «Երկիր մշտագո»:
Երկրորդ`
Ներկա օրերի տրամաբանությամբ ծնված ասելիքը բնորոշիչ կերպով արտահայտել է դիցաբանական կերպարների խորհրդով: «Էափոխություն առանց հայելիների» բանաստեղծության մեջ անցումներ են նույն մարմնի մեջ կատարվող կերպարանափոխության և էափոխության: Այս փոփոխությունները բանաստեղծություններում ներկայացվում է ցլապաշտությունից եզապաշտություն ընթացող արևելյան դիցաբանությունում առկա զարգացումներով: Ամոն` «Ցլապաշտ նախնու չամուռ ստվերը» ապրում է.
Սևն սպիտակ չի դառնում,// Սպիտակը` սև,// Ամոյի ձեռքը թե ցուլ էր ընկնում,// Չէր հարցնում` սև թե սպիտակ,// Եզի էր փոխում… մի քանի օրում,// Գունափոխության խաղից անտեղյակ:
Արդյոք նույնը չէ՞, երբ մարդուն կռտում են, մեռցնելով ոգեղենությունը, նա դառնում է ընդամենը բանող և խոսող գործիք: Ցուլ-Եգիպտոս, Եզ-Բաբելոն. մեջտեղի գծիկը չափվում է դարաշրջանով, հասարակարգային փոփոխությամբ:
«Բալլադ ջրի բերածի-ջրի տարածի մասին կամ` ոչ մեկի դուստրը իմ սերը» ստեղծագործությունում պոետը նախասահմանության կանխորոշածությունը հանգեցնում է ինքն իր մեջ խաղարկվող ճակատագրին, որը հավատ և սպասում է «Ոչ մեկի դուստր» իր սիրուն հար և նման Սարգոնի և Շամիրամի դիցաբանական դարերից եկող թափառական սյուժեների տրամաբանությանը, որտեղ ճակատագիրը ձգվում է անհայտից հայտնին:
Թե որ գալիքից չգա ընդառաջ //Նորին մեծագույն սերն արքայազուն,//Այդ դեպքում միայն իր սիրտը կտա…
Մեկ ուրիշ դեպքում` էդիպյան ֆատալիզմը, համլետյան իմաստասիրական երկբայությունը և Ռասկոլնիկովի իրատեսությունը ոճրագործի և ոճիրի նկատմամբ: Ալիխանե Մամեն «Կոշ, կալանավայր համար 6»-ում այդ բոլորը հանգեցրել է ադամական մեղքի գեղարվեստական ընդհանրացմանը, որի փրկությունը մեկն է` ներդաշնակվել բնության խաղաղությանը:
Ես ինձ դատավոր, ես ինձ դատախազ// Նշանակեցի միաժամանակ,//Դատապաշտպանի գործը թողեցի// Իմ պարտված խղճին,//Բայց բնությունը ընդառաջ ելավ,//Ինձ իր գիրկն առավ հոր ու մոր նման,//Որ հեռու մնամ գայթակղության//Սատանաներից ու բնազդներից…
Կարելի է շարունակել Ալիխանե Մամեի ստեղծագործությունների բանահյուսական շերտերի մեկնաբանությունը, բայց նպատակս նրա գործերի առանձին-առանձին քննությունը չէ, այլ ժամանակակից գրական համայնապատկերում ընդհանուր եզրագծերով ներկայացնել նրա յուրօրինակ գեղարվեստական աշխարհը, իսկ որ Ալիխանե Մամեի ներկայությունը գրականությունում և գրական միջավայրում ինքնահատուկ է, անշուշտ, անժխտելի է, ինչպես իր խոսքը հայ և քուրդ ժողովուրդների իմաստությունից սերած. «Քուրդիստանը հայրենիքս է, Հայաստանը` իմ սերը», որի խոկումներից էլ ծնվել են նրա «Կենաց ծով», «Քարը», «Սիրո գաղտնիքը», «Հող և հաց», «Արևի երկիր», «Զագրոսի լույսերը» գրքերը. բոլորն էլ` հայոց լեզվով: