Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ, գրաքննադատ, լրագրող, մանկավարժ:
Ծնվել է 1973 թ., Մոսկվայում: Բանասիրական գիտությունների դոկտոր է, Մ.Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի դոցենտ, «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագիր-մեկնաբան: Ռուսաստանաբնակ գերմանացիների պատմությունը և մշակույթը հետազոտողների միջազգային ընկերակցության (Մոսկվա) անդամ է:
Վերջերս տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան
երկրների հրատարակիչների և գրողների
միջազգային գիտաժողովը: Ե. Զեյֆերտը գիտաժողովի մասնակիցներից էր:
ՀԱՅԱՍՏԱՆ – ՔԱՐ ԵՎ ՔԱՐՀԱՏ
Ամենն այստեղ – քար է:
Նույնիսկ Մանդելշտամի տնակը փայտաշեն:
* * *
Անսահման է ցավը քարի,
վարպետի հայացքն է սուրսայր,
երբ քարի վրա բացվում է ծաղիկը խաչի:
Հայաստան, դու և’ քարն ես, և’ քարհատը:
* * *
Քարն ու քարհատն են խաչքար ծնում:
Մայրը դառնում է երեխա:
Հայրը` ծերունի զառամյալ:
* * *
Ծնվելու պահին խաչքարը գոռում է:
Եթե նա լուռ է,
ուրեմն նա դեռ չի ծնվել…
կամ ծնվել է մեռած:
* * *
Երբ պառկում ես քնելու,
երկրի և երկնի միջև
խաչքարը կերպավորվում է օդի մեջ:
Նրան բոլորն են տեսնում,
բայց նա խոսք է դառնում պոեզիայում միայն:
Այն սահմանազատող նշան է:
Ճշմարտությունների միջև ջրբաժան – նշան:
Մեկը լուսավոր խաչ է տեսնում,
մյուսը` թիկունքը սառը քարի,
մյուսն էլ` կողը վրան իջնող տապանաքարի:
* * *
Եթե քարերն այստեղ մանուկներ են,
ապա մարդիկ – արդեն երբեք:
Նրանք մասունքներ են:
ՈՐՈՏԸ ՍԵՎԱՆԻ ՎՐԱ
Թափանցիկ երկինքը
խորտակվեց թափանցիկ ջրում:
Եվ ամպերը հորիզոնը ժողովեցին:
Սևանը խոյացավ մինչև երկինքը:
ԷՋՄԻԱԾԻՆ
Գորշ դարչնագույն տուֆը
և լուռ մթությունը խորքում տաճարի –
առավել լուսավոր են, քան երկինքը:
Տաճարի առաջ նկարիչն է մոլբերտով:
Ստվերանկարելով տաճարը կտավի վրա,
նա պատկերում է երկինքն
ավելի կապույտ և անհուն,
քան իրականում է…
* * *
Ամենահյութեղ խոտերն աճում են քարերի վրա:
Ամենազրնգուն տողերը ծնվում են հոգում:
Ո՞վ քար կնետի մեղսավորի վրա:
Ո՞վ քար կդնի պարզված ձեռքի մեջ:
Ո՞վ է քարը ծոցում պահում:
Հոգին:
Թարգմ.՝ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ