ԺԱՆ-ԼՅՈՒԿ ԼԱԳԱՐՍ. «ԵՍ ՏԱՆՆ ԷԻ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ ԱՆՁՐԵՎԻ ԳԱԼՈՒՆ» / Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

download (1)Մեր սեղանին է 20-րդ դարավերջի և այժմ էլ դեռ ժամանակակից համարվող ֆրանսիացի դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Ժան-Լյուկ Լագարսի «Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն» պիեսի հայերեն թարգմանությունը: Թեպետ ինչպես պարզվում է, շնորհաշատ թարգմանչուհին՝ Սաթենիկ Խաչատրյանը (որին, ի դեպ, դեռ բախտ չեմ ունեցել հանդիպելու), առաջաբանում ըստ ամենայնի ներկայացնում է Լագարսին, այսուհանդերձ այդ վաղամեռիկ՝ Վեռլենի եզրույթով կոչված «անիծյալ բանաստեղծի» (ապրել է ընդամենը 38 տարի. (1957-1995) շնորհը խորությամբ ճանաչելու համար, հարկ է ընթերցել պիեսը: Իսկ ընթերցելուց հետո ցանկություն է առաջանում դիտել բեմադրությունը: Հուսանք, որ մեր բեմադրիչները, ծանոթանալով հետաքրքիր թարգմանությանը, կմտածեն այն մեր թատերասեր հասարակայնությանը ներկայացնելու ուղղությամբ:
Այսօր Լագարսը Ֆրանսիայում ամենից շատ «խաղացվող» հեղինակներից է: Նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Հիմնադրել է շրջիկ թատերախումբ (La Roulotte), անձամբ բեմադրել է Բեկետի «Գոդոյին սպասելիս» և Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» թատերգությունները: Գրել է 25 պիես, բազմաթիվ պատմվածքներ և մի վեպ՝ «Ճանապարհորդություն դեպի Հե»: Հայտնի են նրա «Վերջին զղջումը մահվանից առաջ», «Հավակնորդները», «Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն», «Հենց աշխարհի վերջը», «Հեռավոր երկիրը» և այլ գործեր: Որոշ պիեսներ ինքն էր բեմադրում, հետո թաղվում պարտքերի մեջ, որովհետև նրան ընդունում էին որպես դերասան և բեմադրիչ, սակայն մերժում էին նրա դրամատուրգիան և խորհուրդ էին տալիս հրաժարվել գրելուց: Իսկ նա համառորեն շարունակում էր ավելի շատ գրել: Հատկապես վերջին տարիներին: Միայն ինքը չէր կասկածում, որ ուներ գրական տաղանդ: Կենդանության օրոք Լագարսը չհասավ համընդհանուր ճանաչման: Քննադատներն ու բեմադրիչները նրա գրվածքները հայտնաբերեցին և վերարժևորեցին նրա մահից հետո:
Լագարսի օրագրում կարդում ենք. «Ես կլինեմ փնտրված գրող 2046 թվականին»: Տարեթվի հարցում սխալվել է. նա փառաբանված գրող դարձավ իր մահից շատ քիչ անց, իսկ 2007 թվականը հռչակվեց «Լագարսի տարի»:
Անմիջապես ասեմ, որ թարգմանչուհին գերազանց է տիրապետում և՛ ֆրանսերեն լեզվին, և՛ հայերենին, և՛, մանավանդ, խորապես գիտի ժամանակակից թատրոնը: Հատկապես աբսուրդ թատրոնը, որով հիացած էր Ժան-Լյուկ Լագարսը: Կարելի է ասել՝ այստեղ գործ ունենք բեկետյան աբսուրդ և մետերլինկյան խորհրդապաշտական թատրոնի յուրօրինակ համադրության հետ, թեպետ շատերը նրան համարում են Բեկետի հետևորդը:
Ալբեր Կամյուի փիլիսոփայական Աբսուրդը դրամատուրգիայում իրականացրին Էժեն Իոնեսկոն, Սամուել Բեկետը, հայազգի Արթուր Ադամովը. նրանք այն հիմնական դեմքերն են, որ տակնուվրա արեցին թատերական աշխարհը: Այս ժանրի առանձնահատկությունն այն է, որ նրանց ներկայացուցիչների փիլիսոփայությունը ցուցադրվում է հենց աբսուրդ լեզվով, որը գործող անձանց վերածում է խամաճիկների, քանդում է նրանց միջև եղած ամեն տեսակի հնարավոր հաղորդակցություն, հանում է ինտրիգի հետ եղած ամեն մի կապակցվածություն և որևէ տրամաբանական կապ:
Ինչո՞ւ է թարգմանչուհին ընտրել Լագարսի հենց «Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն» թատերգությունը: Որովհետև այն շատ բնորոշ է արդի թատրոնին, շատ մոտիկ է Բեկետի «Գոդոյին սպասելիս» պիեսին, որով այնքան հիացած էր Լագարսը՝ նրան համարելով դարի խոշորոգույն գրողը: Ինչպես Բեկետի, այնպես էլ Լագարսի գործերը ցույց են տալիս իմաստազուրկ գոյություններ աշխարհի անմիտ իրավիճակներում, որոնց մեջ կործանվում է մարդկությունը:
Լագարսի թատերգությունը գրեթե չի պարունակում սիմվոլներ, սակայն, այսուհանդերձ, միայն աբսուրդ փիլիսոփայությունը չէ, որ կլանում է մեզ: Մենք զգում ենք խորհրդապաշտական լռություններ, որ բնորոշ են մետերլինկյան թատրոնին: Առկա է մետերլինկյան խորհրդապաշտական դրամատուրգիան, որոնցից և նեղվում են Լագարսի հերոսները: Գործող անձինք պարփակված են մնում իրենց ներաշխարհում, և այստեղ է, որ երևան է գալիս գործող անձանցից յուրաքանչյուրի բնավորությունը՝ ըստ նրա գործածած լեզվի: Հիշենք Մետերլինկի «Կույրերը» դրաման:
Լագարսի պիեսում ևս բեմահարթակին են հինգ գործող անձ՝ հինգ կին և մի երիտասարդ, որն անորոշ կերպար է: Ցանկանալով առավելագույնս ճշգրտել ամեն ինչ, տեքստը պարադոքսալորեն դառնում է ավելի ու ավելի անորոշ:
Ընդհանրապես Նոր թատրոնը կապվում է անտիկ թատրոնի հետ. գործողությունն այստեղ ամբողջական է և ոչ թե տեսողական կամ հիմնված երկխոսությունների վրա: Առարկաները բոլորովին խորհրդանիշ չեն պարունակում:
Սյուժե գրեթե չկա, գրվածքն ընթանում է միջանկյալ նախադասություններով, գործող անձինք անդադար վերսկսում են այն, ինչ քիչ առաջ ասել էին՝ ձևափոխելով, կրկնելով տեքստը:
Սակայն մենք այսօր ցանկություն ունենք գնահատել ոչ միայն թատերգությունը, այլ ավելի շուտ՝ թարգմանությունը, որի մեջ, ինչպես ամենուր, ոճի հիմնարար տարրը բառերի ընտրությունն է՝ համարժեքության ապահովումը: Թարգմանչուհին հոմանիշների շարքից ընտրել է լավագույնները՝ հնարավորինս փոխանցելով դրամատիկական իրավիճակը: Լագարսի պիեսը այլևայլ բաներից բացի, յուրաքանչյուրից պահանջում է կրկնություններ, հավելադրություններ, ապարտեներ: Սակայն այդ ամենը նրբորեն, գրեթե աննշան: Այն, ինչ կատարվում է պիեսում, ակնհայտորեն տարբերվում է իրականությունից:
Թարգմանչուհու ազատ ստեղծարարությունը չափավոր է, չկան ավելորդաբանություններ, պիեսի ամբողջականությանը վնասող ավելորդ հավելադրումներ: Լագարսի թարգմանական լեզուն՝ հայերենը, նույնքան արտասովոր է, գեղեցիկ, ինչպես և բնագիրը:
Ուրեմն թարգմանչուհին կարողացել է որսալ հեղինակի ոճը՝ նրա ներշնչանքի աղբյուրը: Դա հեղինակի կենսագրությունն է՝ նրա հիվանդությունը, (հիվանդ՝ դարի անբուժելի հիվանդությամբ) մոտալուտ մահվան ուրվականը, որից մերթընդմերթ փորձում են ձերբազատվել գործող անձինք: «Ես տանն էի և սպասում էի… (ինչի՞ն) վերջին, անձրևին, թերևս՝ մահվանը»:
Այս թատերգությունը Լագարսը գրել է 1994 թ., մահվանից առաջ: Հինգ սպասող կին, տղամարդ չկա, հայրը վաղուց մահացել է, մայրը, երեք դուստրերը և «ամենաավագը» սպասում են ողջախոհության սահմաններում, քայքայելով իրենց անբախտ, անիմաստ կյանքերը, սպասում են իրենց «անառակ» որդու, եղբոր, թոռան վերադարձին, որին մի օր վռնդել էր հայրը: Եվ, այնուամենայնիվ, նա վերադառնում է, գալիս է, որ մեռնի նրանց մոտ, նրանց աչքի առջև… Բայց երբ ավարտվում են հիշողությունները և պատրանքները, հանկարծ սկսում ես մտորել պարզ և հարատև բաների շուրջ՝ ընտանիքի, սիրո, հիվանդության և մահվան:
Պատմություն որպես այդպիսին գոյություն չունի, իրադարձություններ չկան: Անգամ գործող անձինք անուններ չունեն: Նրանք ապրում են ժամանակից, տեղից, ազգությունից անդին: Դրան հակառակ գոյություն ունի, որ շատ կարևոր է, զգացումների լեզու. այն հանկարծակի ծնունդ է տալիս զեղումների, ապրումների: Դա արդեն հասկանալի է բոլորին, և, իհարկե, առաջին հերթին՝ թարգմանչուհուն, որը հիանալիորեն է զգացել և հայերեն է փոխանցել Լագարսի լեզվաիմաստային ոճը, նրա երկարաշունչ ու արտասովոր, հնարովի ֆրազները:
Վերջում կուզենայի հիշեցնել Մարինա Ցվետաևայի խոսքերը Ռիլկեի թարգմանության առնչությամբ, երբ գրում էր. «Այսօր ես ցանկություն ունեմ, որ Ռիլկեն խոսի իմ միջով: Խոսակցական լեզվում դա կոչվում է թարգմանել: Բայց թարգմանություն նշանակում է նաև այլ բան: Սոսկ անցում չենք կատարում մեկ լեզվից մեկ այլ լեզվին… Ես անցկացնում եմ Ռիլկեին ռուսերենի միջով, այնպես, ինչպես մի օր նա ինձ կանցկացնի մեկ այլ աշխարհ»:
Հարասույթային ձևով նույնը կարող ենք ասել Սաթենիկ Խաչատրյանի մասին, որ նա Ժան-Լյուկ Լագարսին անցկացրել է հայերենի միջով, և մի օր գուցե նա էլ թարգմանչուհուն անցկացնի մեկ այլ աշխարհ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։