***
Ցերեկը` ցավ, գիշերը` ցավ,
Ցավից չունեմ քուն ու դադար,
Առաջ ինչքան նեղում էր ինձ,
Ասում էի` գլուխը քար:
Հիմա ցավին չեմ դիմանում
Ու չգիտեմ` ինչպես տանեմ,
Ուրկից գտնեմ այն աքցանը,
Որ ցավի մեխն ինձնից հանեմ:
Ու չգիտեմ` ինչքան առել,
Ու ինչքան է տալուս գինը,
Ո՛չ կարող եմ ցավից խույս տալ,
Ո՛չ էլ լքել իմ մարմինը:
Քրոջս
Աստված այդպես է արարել նրան`
Մեղմ ու միամիտ, անչար ու ներող,
Հողի պես խոնարհ, գթոտ ու բարի,
Ու Հոբի նման հեզ ու համբերող:
… Էն երբ էր, որ ես երեխա էի,
Իսկ նա բարալիկ ու նուրբ աղջնակ,
Ես հասակ էի առնում աննկատ
Իր քրոջական թևերի մեջ տաք:
Տարի առ տարի ոչ թե պակասում,
Ավելանում են հոգսի բեռները,
Դեռ ծանրանում են հոգնած թևերին
Իր զավակներից հետո թոռները:
Մայրամուտն է մոտենում արդեն,
Եվ ապրում միշտ նույն
վարքով անբասիր,
Անձնազոհության դասեր է տալիս`
Չմտածելով հատուցման մասին:
Նվիրում է իր կյանքն ամբողջովին,
Երևի այդ է ճակատին գրած,
Երբ հանգչի, լույսի բաժին կդառնա,
Եվ հողը թեթև կլինի վրան:
***
Էլ աշուն չունեմ,
Տերևաթափ եմ եղել մինչև վերջ
Ու հիմա արդեն մերկ ու միայնակ
Կանգնել եմ ձմռան ձյունոտ դռան դեմ:
Սակայն երազ եմ փնտրում տակավին,
Կախարդական գորգ ու
կապույտ թռչուն,
Անմահական ջուր ու երեք խնձոր:
Տեր ամենազոր,
Տեր իմ լռակյաց,
Այնպես եմ ուզում
Գեթ միակ հարցիս
պատասխանը տաս,
Իմ չափ միամիտ ու հավատացող
Ուրիշ արարած էլ ստեղծած կա՞ս:
***
Ամեն անգամ,
Երբ լռում ես թղթի առաջ,
Հիշի՛ր, որ դա ծառ է եղել,
Որ զոհել է կյանքն իր թղթին:
Ամեն անգամ,
Երբ գրիչ ես առնում ձեռդ,
Հիշի՛ր, որ դա խաղ չէ, ժամանց,
Եվ ծանր է միշտ
բանաստեղծի պարտքի բեռը:
Եվ ամենից առաջ, հետո,
Ամեն, ամեն ինչից բացի,
Հիշիր նաև,
Որ այն ազգի զավակն ես դու,
Որ ծնել է Նա-րե-կա-ցի…