Գրողների միություն ընդունվելու իմ առաջին փորձը տապալվեց։ 76 թիվն էր, ծնվել էր տղաս և տպագրվել պատմվածքներիս անդրանիկ ժողովածուն, դիմումը գրել, հանձնել էի, նաև երաշխավորություններ, բնականաբար՝ «գրավոր» և ավագ գրողների ստորագրություններով։ Որոշման օրը տանը մնացի, անհարմար էի զգում Գրողների միությունում հերթապահություն անել կամ անցուդարձ անել միջանցքներով,- մարդկանց շնչի վրա ծանրանալու պես բան։
Հաջորդ օրն իմացա, որ կողմ ձայները բավարար չեն եղել։ Անշուշտ, տխրեցի, բայց հաստատ աշխարհի վերջը չէր։ Լավ եղանակ էր, գարնանային։ Աջափնյակից իջա Պապլավոկի լճակ՝ գարեջուր խմելու։ Տեսնեմ` Գալշոյանն է այնտեղ՝ սուրճ է խմում։ Մոտեցա, բայց հարցնելու մտադրություն չունեի, Մուշեղն էր, որին սիրում էինք, հարգանք մատուցել էի ուզում։
Տեղից վեր ելավ, ձեռքը մեկնեց՝ բարևի համար։ Ուրախությամբ սեղմեցի։ Ասաց.
– Նախագահության նիստում քո մասին խոսք եմ ասել, որովհետև պատմվածքներդ հավանել եմ, բայց… այսպես ստացվեց։
Այլևս դիմում չգրեցի։ Օրն ի բուն աշխատում էի «Հայֆիլմում», որտեղ կյանքը հագեցած էր ու հետաքրքիր։ Իսկ 80-ականների սկզբին երիտասարդական ալմանախ տպագրվեց՝ «Հարազատ տուն» խորագրով։ Ինձ լիիրավ երիտասարդ էի համարում, ուստի պատմվածքներ էի ներկայացրել։ Հենց գիրքը լույս տեսավ, բերեցի կինոստուդիա ու նվիրեցի շնորհքի ու հմայքի ծով Վարոս Հովակիմյանին, որի հետ մտերմացրել էր համատեղ աշխատանքը, որովհետև ռուսերենից ֆիլմեր էի թարգմանում (երկխոսությունները, անշուշտ) ինքն էլ մշտական խմբագիրն էր։
Մի քանի օր հետո հարցրեց. «Չե՞ս ուզում Գրողների միություն դիմել»։
Խթանեց, նորից երաշխավորություններ էին հարկավոր, երեք հատ։ Սիրով գրեցին Էդվարդ Ավագյանը, Վալտեր Արամյանը, Վահագն Գրիգորյանը։ Բայց այդ տեքստերը իմ պահոցներում չունեմ։ Գրել էին ձեռքով ու տվել ընդունող հանձնաժողովին։
Անցա՛։ Անդամատոմսերը հանձնում էին հանդիսավորապես, նախագահության անդամների ներկայությամբ, հանձնողն էլ նախագահն էր՝ Վարդգես Պետրոսյանը։
Լավագույն կոստյումս հագիս՝ մոտեցա՝ իմանալով, որ Վարդգեսն առանձնապես բարեհաճ չէ իմ հանդեպ։
– Դո՞ւ ոնց թափանցեցիր,- տոմսը ինձ հանձնելիս փոքր-ինչ հեգնական ժպտաց Վարդգեսը։
– Ես էլ եմ զարմացած,- ժպտացի ի պատասխան և անհեգնանք։
Ինչպես ասում էին դասականները, «անցան դարեր»։ Վարդգես Պետրոսյանի հետ լավ բարեկամներ դարձանք։