ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ
(11.09.1958 – 03.04.2005)
Գրականագետ, խմբագիր
Արևմտահայ արձակի պատմական համապատկերում քաղաքական (հեղափոխական) երգիծանքը հսկայական խթանիչներ ստացավ հատկապես 1894-1896 թվականների Աղետով և 1908-ի հեղափոխությամբ պայմանավորված պատմական, մշակութային, էթնոհոգեբանական իրադարձություններից ու արտահայտություններից: Ազգային ինքնության դրսևորումների այս բացառիկ ժամանակաշրջանում, որտեղ զուգահեռաբար պրկված և սահմանային դրսևորումներով հանդես էին գալիս ազգային գոյութենությունը պարագրկող բոլոր էատարրերը՝ կենսունակությունը պահպանող ուժերի և միջոցառումների հավաքական զորաշարժով և զուտ ինքնապահպանման բնազդով պայմանավորված՝ ցանկացած գնով փրկվելու բարոյական ու հոգեբանական անկումներ, վեհանձնություն, անանձնականություն և փոքրոգություն ու հոգեկան եղկություն, հերոսականություն, գաղափարականություն և հարմարվողականություն, պատեհապաշտություն: Այն ժամանակաշրջանում, երբ հեղափոխականն ու հեղափոխությունը, քաղաքական կամքն ու վսեմ գաղափարը, հերոսն ու գաղափարականը գերարագությամբ փոխակերպվում էին հակահեղափոխականի ու ռեակցիայի, կամքի ոչնչացման ու գաղափարի նսեմացման, հակահերոսի, տարբեր տիպի ու տրամաչափի արկածախնդիր մակաբույծների, պորտաբույծների մշակութային կյանքում բնականաբար պիտի ստանային իրենց հակադարձումը: Իսկ այդ հակադարձման ամենաունիվերսալ եղանակը ծիծաղն էր: Ինչն էլ իր հերթին գեղարվեստական, բարոյաբանական օպոզիցիան արտահայտելու ամենաօպտիմալ և ընդգրկուն կերպն էր: Ուստի բնական է, որ գեղարվեստական իրացումներում դա պիտի հանդես գար մերթ ապամիֆականացմամբ, մերթ տոտալ ապակառուցմամբ՝ հիմնականում պարոդիայի ու գրոտեսկի ձևերով: Ահա այս իրողություններով է պայմանավորված արձակի անթաքույց հակումը ծիծաղի ստեղծաբանական իրացումների հանդեպ, երգիծական գրականության վերածնունդն ընդհանրապես:
Բնականաբար, «ժամանցային» գրականությունը չէր կարող անմասն մնալ այդ ընթացքից: Անհրաժեշտաբար պետք է հաշվի առնել նաև «ժամանցային» գրականության, թերթոն վեպերի ինքնությանը բնորոշ «սթրեսազերծելու» դերակատարությունը, ինչը նպաստել է «հեղափոխական» երգիծական թերթոն վեպերի աշխուժացմանը:
Ւնչպես արևմտահայ արձակը, այնպես էլ թերթոնագրությունը քաղաքական (հեղափոխական) երգիծանքի երկու հիմնական ուղղությամբ հանդես եկավ: Այսպես կոչված «արտաքին կենտրոնացմամբ», որտեղ ծիծաղի սուբյեկտ էին դառնում թրքական կառավարությունը, պետությունը, բռնակալության վարչամեքենան, աշխարհաքաղաքական խաղերն ու տեխնոլոգիաները: Երկրորդ ուղղությունը այսպես կոչված «ներքին կենտրոնացմամբ» արտահայտություններն էին, որտեղ ծիծաղի սուբյեկտ էին դառնում ազգային-քաղաքական ինստիտուտները՝ կուսակցություններ, ազգային-քաղաքական գործիչներ: Առաջինը լավագույնս արտահայտվեց Առանձարի նորավեպերում, իսկ երկրորդը՝ Վահան Թեքեյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Երվանդ Օտյանի փոքր արձակում և վերջինիս թերթոն երգիծավեպերում:
Ավելին, Օտյանի համապատասխան փոքր արձակ գործերը («Հեղափոխության մակաբույծները» շարքը) և թերթոն վեպերը ապամիֆացման, ապակառուցման, գրոտեսկի և պարոդիայի կաղապարներով, տիպաժ-գործառությունների հարացույցով ոչ միայն ժամանակաշրջանի այսօրինակ ստեղծագործությունների կողմնորոշիչներն էին և ուղղագիծ արտահայտություններ էին ունենում այլ հեղինակների մոտ, այլև ուղղագծորեն շարունակվեցին հաջորդ տասնամյակներին: Ըստ էության՝ եղան «քաղաքական (հեղափոխական)» երգիծավեպի միակ դրսևորման եղանակը XX դարի հայ գրականության մեջ: Օտյանն իր թերթոններում հաղթահարեց ազգային-քաղաքական կյանքի, հեղափոխականի և հեղափոխականության տաբուները: Ընդսմին թերթոնի տիրույթներ ներբերելով ծիծաղի «ոչնչացնող» կերպ ու արտահայտություն, ծիծաղի այնպիսի ագրեսիվ եղանակ, որն ըստ ամենայնի սթրեսազերծում էր ու այդպիսով կատարում իր ժամանցային դերակատարությունը:
Երգիծական թերթոն վեպերի այս խմբում ևս գրողի ծիծաղի տիրապետող արտահայտչական եղանակը պարոդիան և գրոտեսկն են, որոնք ընդգրկում են բոլոր հղացքներն ու տիպաժ-գործառությունները, պատումն ու կերպարումը: Հարկ է շեշտել, որ Օտյանի թերթոնները հայոց վեպի մեջ ամրագրեցին «գրոտեսկային վեպի» ներժանրային կաղապարը, ինչը հետագայում կիրարկեցին Նշան Պեշիկթաշլյանը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Սմբատ Փանոսյանը, Սիմոն Սիմոնյանը, Պետիկ Հերկելյանը: Գրողի թերթոններում անհամատեղելի սկիզբների ընդելուզումը, պարադոքսալ համադրությունները ստեղծեցին գրոտեսկային, պարոդիկ հսկայական դաշտ: Ինչն, ի դեպ, միևնույն հաջողությամբ գործում էր ոչ միայն թերթոն վեպերում, այլև փոքր արձակում, դիմանկարներում («Մեր երեսփոխանները»), մանրապատումներում, քրոնիկոններում («Մեր ազգային ժողովը», «Վերնատունեն»):
«Հեղափոխության մակաբույծները» նորավեպերի շարքը և «Պրոպագանդիստը» թերթոն երգիծավեպը քաղաքական (հեղափոխական) կենսոլորտի, քաղաքական գործիչի գրոտեսկային-պարոդիկ դաշտի կայացման առաջին անդրադարձներն էին, որոնց հանգրվանային որակը, բյուրեղացումը պիտի դառնար «Ընկեր Փանջունին»:
«Պրոպագանդիստի» շրջարկում առաջին անգամ ապակառուցման ենթարկվեց հեղափոխությունն ու հեղափոխականությունը, իսկ ուսուցիչ Աշոտի տիպաժ-գործառությունը ուրվագրվում էր Փանջունուն: «Պատուհաս» հորջորջված հեղափոխական խմբի գործունեությունը և Աբգար Կուլտամյանցի տիպաժը (նա հայրենիքի ազատագրության համար ժողոված գումարը գրպանեց և անհայտացավ) վերևում արձանագրված օպոզիցիայի վկայությունն էին, տաբուները շրջանցելու, գաղափարի, սկզբունքի, հերոսության պատրանազերծումը, տոտալ արկածախնդրության, հակահերոսության և հակահերոսականության վկայությունը:
***
«Ընկեր Բ. Փանջունի» եռագրությունը թերթոն վեպի պատմության մեջ ուշարժան է իր ստեղծագործական պատմությամբ: Օտյանագիտությունը բավական մանրամասն և բարեխղճությամբ անդրադարձել է դրան: Գրողի ժառանգությունից այս ստեղծագործությունն ամենամեծ արձագանքն է ունեցել: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է այն իրողությունը, որ «Ընկ. Փանջունի ի Ծապլվարն» աննախադեպ հաջողությունից հետո, ընթերցողական դաշտի պահանջով, կարելի է ասել՝ պարտադրանքով, շարունակվեց «Ընկ. Փանջունի ի Վասպուրական» և «Ընկ. Փանջունի տարագրության մեջ»: «Իմ աշխարհահայացքները» միավորներով. «Բայց պէտք է ըսեմ,- գրում է հեղինակը,- որ առաջին գիրքը աւելի յաջողած է քան երկրորդը:. Ու բնական է այդպէս ալ պիտի ըլլար: «Առաքելութիւն մը ի Ծապըլվար»ին տիպարները քաղած եմ անձամբ ճանչցած մարդոցս դիմագծութենէն, այսինքն՝ զանոնք ուսումնասիրած եմ քսան տարի մը: «Ընկեր Փանջունի ի Վասպուրական»ը, ընդհակառակը ինծի պատմուած թիփերն են, իմ լսածներս»: Խնդիրն այստեղ ոչ այնքան եռագրության երկրորդ և երրորդ մասերում փանջունիականության ֆենոմենի ստեղծաբանական իրացման կոորդինատների փոփոխությանն է վերաբերում, որքան այն իրողությանը, որ Փանջունին Վասպուրականում և տարագրության մեջ, անկախ եռագրության ձևաբանական կառույցի նույնականության (գերազանցապես նամականու կաղապարով), գործառությունների համանման շրջարկի ծապլվարյան գոյութենությունից այլանում է: Վերհանում բավականին պարագայական բազմադիմություն, ինչի ընթացքն արդեն օտարացում է ծապլվարյան գոյութենությունից: Պատահական չէ, որ գրականագիտության մեջ արձանագրվել է, թե ստեղծագործության հաջորդ մասերում Փանջունին «…ոչինչ ունի 1910-ի հերոսէն, անունէն զատ»: Պատահական չէ նաև, որ Փանջունու մեջ նկատվել է և՛ Դոն Քիշոտը, և՛ Տարտարենը, և՛ Պիկվիկը, ինչը մատնանշված այլացման առարկայական վկայությունն է: Այս խորքում նկատում ենք ոչ պատահական մի օրինաչափություն: Անկախ Փանջունու և փանջունիականության տիրույթների ընդլայնումից՝ օտյանագիտության առարկայական արձանագրությունների տեսական միտքը իր մեկնաբանություններում և արժևորումներում խարսխվում է ծապլվարյան շրջարկում՝ ըստ էության կողմնակիորեն ցուցանելով մյուս մասերում Փանջունու և փանջունիականության այլացումը:
Փանջունու վարքագրությունը գործիչի, հերոսի, գաղափարականի գրոտեսկային-պարոդիկ բյուրեղացումն է: Գործիչի, հերոսի, գաղափարականի էության դեգրադացիան ամբողջանում է վեպի մյուս տիպաժ-գործառություններով: Այդ դեգրադացված կենսոլորտը միայն Փանջունու «վաստակը» չէ, փանջունիականությունը հանուր տրվածք է, նստած է բոլորի մեջ, հանուրն է ընդունում փանջունիականության գոյությունը, միաժամանակ այն «…ունիվերսալ ծիծաղն է, ուղղած ամեն ինչի և բոլորի դեմ»: Սրանով է բացատրվում այն իրողությունը, որ Փանջունին և փանջունիականությունն անվերապահորեն ընդունվեցին ոչ միայն ընթերցողական և մտավորական շրջանակներում, այլև քաղաքական ու կուսակցական: Փանջունին տարբերակների և alter ego-ների հսկայական ներուժով և փանջունիականությունն իր գոյաբանական ու տիեզերական անվախճանությամբ մեր գրականության պատմության մշտական ներկայությունները դարձան, շարունակվեցին (Հովնաթան Մարչ, Փարավոն Սեմ Անտոն, Իշխան Արշակունի, Շահազար, Փարոս, դոկտոր Բուրբոնյան) և շարունակվելու են նրա վարքագրությունների նորանոր շարանով:
*Հատված գրքից