ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
(17.04.1927 – 27.04.2013)
Հրապարակախոս, արձակագիր
ՀԳՄ անդամ 1978 թ.-ից

 

***
Եվ Աստված ցանկացել է գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա
Եվ Աստված ցանկացել է գրել
Խ Ա Ղ Ա ՂՈՒԹՅ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
քո փոքրիկ հողակտորի համար…

 

 

ՀԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՁԵՌՆԱՐԿ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՀԱՍՏԱՓՈՐ ԳՐՔԵՐ ԿԱՐԴԱԼՈՒ ՈՉ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆ, ՈՉ ԷԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գլուխ առաջին, վաղ նախնադար
Ահա, սկսած վաղ նախնադարից ապրում եմ ես
իմ ժողովրդի հետ այս քարերի վրա,
այս ժայռերի մեջ ու ծերպերից մի կերպ կառչած,
որովհետև արոտներն ու դաշտերը,
բերրի հողերը տարել են վաղուց…
Ձեր ինչի՞ն է պետք հողը, ասել են,
արոտներն ու դաշտերը ձեր ինչի՞ն են պետք,
չէ՞ որ դուք խելացի ու աշխատասեր մարդիկ եք
և կարող եք քարից հաց քամել
և միրգ՝ ժայռերից ու ծերպերից …
Գլուխ երկրորդ, քարե դար
Հետո ծովերն են տարել և ասել են.
չէ՞ որ դուք խելացի, աշխատասեր մարդիկ եք,
դուք կարող եք երկնքից ջուր քամել
և լողալ մտքերի ծովում ազատորեն…
Ապա ճանապարհներն են տարել,
բացատրելով, որ մենք
հարուստ երևակայություն ունենք
և կարող ենք ճանապարհորդել մտովի…
ընդ որում
մեծ հաճույք ստանալով
նվազագույն ծախսերի պարագայում…
Գլուխ երրորդ,
թե ինչեր են տարել բրոնզե դարում
Իսկ հետո սկսեցին հացը տանել,
որը քարից էինք քամել – ասացին
դուք Աստծո սիրասուն զավակներ եք
և առաջապահն եք նրա նվիրական զորքի,
գթացեք ձեր հարևաններին, որ չեն կարողանում
կշտանալ առանց ձեր հացի,
իսկ դուք, քանի որ հին ու
տառապած ժողովուրդ եք,
ուրեմն դիմացկուն եք և հետևաբար
կարող եք ապրել առանց հացի՝
օգտվելով առավել սննդարար հոգևոր հացից…
Գլուխ չորրորդ, թե ինչեր են տարել միջնադարում
Իսկ հետո դռները տարան՝
ծխնիներից տեղահան անելով,
հետն էլ ամոթով տվեցին և կշտամբեցին՝
ասելով. – Ձեր ունեցվածքը փակի տակ եք դրել
դիտավորյալ, որպեսզի մութ
բնազդներ արթնացնեք
ձեր պարզհոգի հարևանների պարզ հոգիներում՝
ստիպելով նրանց վտանգի ենթարկվելով
լուսամուտից տանել այն
ինչը կարելի էր շատ հանգիստ
անցկացնել լայն բացված դռներով…
Գլուխ հինգերորդ,
նոր ժամանակներ՝ 19-20-21-րդ դարեր
Ասացին նաև. – դուք, որ հյուրասեր ու խաղաղ
ժողովրդի համբավ եք վայելում,
այնուհանդերձ, դիմադրության փորձ եք արել՝
հնարամիտ ու խորամանկ քայլ,
որպեսզի ձեր հարևանները,
բնության այդ պարզ ու անմիջական զավակները
հարկադրված կոտորեն ձեզ և դրանով իսկ
խայտառակվեն աշխարհով մեկ,
ինչը և ձեր նպատակն է եղել հետին….
Գլուխ վերջին, բարոյական հաղթանակների և
նյութական կորուստների հետևանքը
…Եղել են նաև ուրիշ օրեր՝
բաց են եղել դռները երկնքի,
մանանա է իջել թանձր ու խիտ
քաղցր մեղրի նման
և հաստ շերտով նստել է արոտների
դաշտերի, սար ու ձորերի վրա
և մազանոթներով թափանցել է խորքերը հողի՝
հարձակվել են չորս կողմից,
պատառ-պատառ են արել,
հոշոտել են մոլուցքով
քաղցր բույրից խենթացած
վայրի զեռուն ու գազան…
…Մնացել է ափիս մեջ նշխարաչափ մի պատառ՝
ամեն կողմից կրծոտված մեղրաբլիթ… Հայաստան:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ ՀՀ քաղաքացի
Հովհաննես Գրիգորյանս
իրավունք ունեմ պետական գործիչների հետ
միասին արթնանալ վաղ առավոտյան
վստահ,
որ իշխանություններն արել են ամեն ինչ,
որպեսզի արևը ծագի արևելքից,
ամպերը շարժվեն քամուն համընթաց,
և թռչունները երգեն պատուհանիս տակ
նույն երգը, որի երաժշտությունն ու տեքստը
հաստատվել են համաժողովրդական
հանրաքվեով…
Ես իրավունք անեմ շրջելու քաղաքի բոլոր
փողոցներով, առավել խրախուսելի տարբերակը
ոտքովն է, բայց ես իրավունք ունեմ
բոլոր նրանց մասին,
ովքեր շրջում են մերսեդեսներով,
BMW-ներով և զանազան այլ ջիփերով,
ազատորեն արտահայտել կարծիքս մտովի,
թեև առավել տարածված տարբերակը
բարձրաձայն հայհոյանքն է…
Ես իրավունք ունեմ ազատորեն նայելու
ռեստորանների, բարերի,
կազինոների պատուհաններից
ներս, հիանալու նրանց ինտերյերով.
կահույքով, վարագույրի արանքից հետևելու,
թե ինչպես է զվարճանում
քաղաքական ու տնտեսական էլիտան.
իսկ երբ նրանք ևս,
օգտվելով սահմանադրությամբ
իրենց ընձեռված իրավունքից,
ինձ հեռու քշեն թիկնապահների օգնությամբ,
ես իրավունք ունեմ ներկայացնելու իմ
վերաբերմունքը գոռգոռոցով, թեև առավել
ընդունելի տարբերակը գլխահակ հեռանալն է…
Վստահ եմ, որ պետությունն ապահովելու է
իմ ծերանալու իրավունքը,
և վստահ եմ, որ կյանքիս վերջին օրերը
ապահով կանցկացնեմ նրա հովանավորած
ծերանոցներից որևէ մեկում,
և վստահ եմ, որ ինձ իրավունք է
վերապահված ծերանոցի անծայրածիր
բակի ետնախորշերից մեկում թաղվել,
երբ գա ժամանակը օգտվելու իմ ամենակարևոր
իրավունքից – ընտրություն կատարելու՝
ապրել թե մեռնել
և ես, անշուշտ, կընտրեմ մեռնելը,
թեև առավել տարածված
տարբերակը սատկելն է…

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

Անաղմուկ շարվենք պատերի տակ,
ինչպես գնդակահարությունից առաջ՝
վաղ առավոտյան, աչքերը տրորելով,
քնաթաթախ ու շլմորած,
խուզած գլուխներով ձմերուկներ՝
բանտարկյալների
շերտավոր հագուստներով:
Իսկ թփերի մեջ դեսուդեն
աղոտ պլպլում են դեղին
հետույքները դդումների:
Ընդհատված է քամու աշխատանքը՝
կվերսկսի փչել
տերևների խստագույնս հաշվարկից
հետո միայն:
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել չվող թռչուններին:
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել դասականներին, նրանց,
ում արձանները կանգնած են դեսուդեն,
քաղաքի փողոցներում, դպրոցների բակերում,
հրապարակներում, չէ՞ որ նրանք
անմահ են, ուրեմն ողջ և
առողջ են ու փաստորեն
ապրում են մեզ հետ և շատ հաճախ՝
մեզանից ավելի երկար…
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել Շառլ Ազնավուրին,
որի երգերը
միշտ մեզ հետ են, և ընդհանրապես, ինչպե՞ս վարվել
հանրապետության պատվավոր
քաղաքացիների հետ՝
հաշվե՞լ, թե՞ չհաշվել…
Եվս մի ծանր խնդիր՝ հաշվե՞լ, թե՞ չհաշվել Հունանյան
եղբայրներին և հանցախմբի մնացյալ անդամներին,
թողնե՞լ նրանց մարդկանց ցուցակի մեջ,
թե՞ պետք է սպասել՝ ինչ կորոշի դատարանը…
Եվ ընդհանրապես, ինչպե՞ս վարվել մուրացկանների,
անտուն թափառաշրջիկների հետ. նոր թվե՞ր հորինել
նրանց համար, թե՞ հաշվել նույն թվերով,
ինչ նախարարներին, պատգամավորներին
ու մեծահարուստներին են հաշվում…
Բայց չէ՞ որ մի նախարարն ավելի է,
քան հազարավոր
գործազուրկներն ու թոշակառուները
միասին վերցրած:
Շտապեք հաշվել ինքնասպաններին, նրանց, ովքեր
իրենց հերթին են սպասում՝ անաղմուկ շարված
նորակառույց կամրջի բազրիքների երկայնքով…
Եվ կարծում եմ, ինձ նույնպես դեռ կարելի է հաշվել,
թեև հերթս հասել է, ու կախված եմ բազրիքից,
բայց քանի դեռ շնչում եմ ու քանի դեռ
չեմ բախվել մայր հողին,
ինձ մի հանեք ցուցակից…

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Դժվար է քարը քարին դնել այս հողի վրա,
Դժվար է պատ շարել այս հողի վրա,
որն անվերջ ցնցվում է երկրաշարժերից,
անվերջ ցնցվում է՝ հեկեկացողի մարմնի նման…
…Իզուր աշխատանք՝ երկիր կառուցել,
քար քարի դնել այն հողի վրա,
ուր դեռ քար չկա – հողի տակ նետված
ցավից նվվացող դառնացած հոգու
հեկեկոցի մեջ անվերջ ցնցվող
մարմնի վրա…

 

ՔԱՅԼԵՐԳԻ ԷՍՔԻԶ

Անապատի կենտրոնում ապրում է քարը,
նրա գաղտնիքը կարոտ  է լուծման,
անապատում այնքան ավազ կա,
նրանց պետք է խնամքով մշակել:
Իսկ քարանձվում ապրում է մարդը
և նա բազմաթիվ ատրճանակներ ունի,
նա իր քարանձավը խնամքով մաքրում է
և վարագույր ունի դռան վրա կախված:
Նա աշխարհի մասին գիտե ամեն ինչ,
բայց քաղաքների աղմուկից հեռու
նա մոռացել է բոլորը վաղուց,
և դրա համար չարժե բարկանալ:
Նա գիրք է գրում բարության մասին,
իսկ գրքում չկա և ոչ մի ցիտատ,
հետո մաքրում է ատրճանակները,
իսկ կրակելը վաղուց մոռացել է:
Եվ լուցկու գյուտն է անելու շուտով,
թեև ծխելը վաղուց թողել է,
երեկոների հաճույքը միակ
մաստուրբացիայով անխոնջ զբաղվելն է:
Ահա ամենը ինչ մնացել է՝
քարի գաղտնիքը, ավազի սերը և վարձը լուծման,
իսկ քաղաքները շուտով, շատ շուտով
կընկնեն վախի մեջ
և նրանց քարե ոսկորներից ներս
կսահեն վերջին սրբերը գունատ
և իրենք իրենց կպայթեն մեկից
սրտերը բոլոր ատրճանակների:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։