Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն
Գրականությունը ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը…
Ավ. Իսահակյան
Հայոց (մայրենի) լեզվի, գրականության, հայ գրականության դասավանդման բացառիկ դերը անհատի, պետականամետ հայ քաղաքացու արժեքային համակարգի, նրա բարոյական նկարագրի ձևավորման գործում գիտակցվել է մշտապես և ամրագրվել հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական չափորոշիչներում: Գրականության դասավանդման վերջնարդյունքում ենթադրվում է ոչ միայն գիտելիքի յուրացում, գիտելիքը գործնականում կիրառելու կարողությունների և հմտությունների ձեռքբերում, այլև քաղաքացու ձևավորում՝ «անձնային նկարագրով, վերաբերմունքով կամ դիրքորոշումով իր երկրի, պետության, ազգային արժեհամակարգի, սեփական անձի և կյանքի հանդեպ» (տե՛ս Հանրակրթական ուսումնական հաստատությունում «Մայրենի» 1-6-րդ, «Հայոց լեզու» 7-12-րդ, «Գրականություն» 7-9-րդ և «Հայ գրականություն» 10-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչ, 2023 թ.):
Այլ կերպ ասած՝ գրականությունը կերտում է անձի հոգևոր աշխարհը, ամբողջացնում բարոյական կերպարը, նպաստում աշխարհաճանաչողությանը, ձևավորում աշխարհայացք ու գեղագիտական ճաշակ:
Գրականության դասագրքերը միշտ էլ գրվել են այս գիտակցումով՝ հիմնականում կատարելով իրենց վերապահված գործառույթները:
Պիտի ընդունենք սակայն, որ կան հիմնախնդիրներ, որոնք տարիների ընթացքում ոչ թե լուծվել, այլ՝ խորացել են՝ կախված օբյեկտիվ և սուբյեկտիվ բազում պատճառներից: 1988 թ. լույս տեսած «Գիտագործնական համաժողովի նյութերի ժողովածու»-ում կարդում ենք. «Աշակերտների անտարբերության դեմ պայքարը պետք է դարձնել համընդհանուր գործ՝ օգտագործելով ամեն մի առարկայի ընձեռած հնարավորությունները: Պետք է հասնել այն բանին, որ աշակերտները սիրեն իրենց մայրենի լեզուն և այն սովորեն սիրով, նվիրումով, որպես հոգեկան ներքին պահանջ և ոչ թե որպես դրսից թելադրվող անհրաժեշտություն («Սովորողների աշխարհայացքի ձևավորումը մայրենի լեզվի և գրականության ուսուցման ընթացքում», Եր., «Լույս» հրատ., 1988, էջ 10-11): Դրվում էր լեզվի և գրականության գործնականացման խնդիրը (նույն տեղում, էջ 12), դրվում էր մեթոդական նոր ձևերի ու եղանակների մշակման խնդիրը (Խաչատրյան Պ., «Ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը գրականության ուսուցման ընթացքում», Եր., «Լույս» հրատ., 1974, էջ 3): Ուսուցչից պահանջվում էր լինել և՛ գիտնական, և՛ արվեստագետ (Հովհաննիսյան Ս., «Գրականության դասը մանկավարժական ստեղծագործություն», Եր., «Լույս» հրատ., 1985), պահանջվում էր ապահովել միջառարկայական և ներառարկայական կապերը (նույն տեղում, էջ 5), օգտվել տեխնիկական միջոցների ընձեռած հնարավորություններից (Հովասափյան Հ., «Զննականությունը և գրականության ուսուցումը», Եր., «Լույս» հրատ., 1982), հանձնարարել ըմբռնելի, մատչելի տնային աշխատանքներ:
Այս պահանջներն արդիական են նաև այսօր: Չնայած բոլոր ջանքերին՝ շարունակվում է աշակերտի օտարումը դասագրքից, ետ է մղվում գիրք կարդալու ցանկությունը: Զարգացած տեխնոլոգիաները տեղեկությունը տրամադրում են արագ. ամեն ինչ տեսանելի է, մատչելի: Արդյունքում, սակայն, աշակերտի խոսքը դառնում է է՛լ ավելի պարզունակ, բառապաշարը՝ աղքատիկ, շարադրություն գրելը՝ դժվար: Մինչդեռ բառապաշարի հարստացման, լեզվամտածողության, ուղղագրական ունակությունների զարգացման լավագույն միջոցներից մեկը գրականության ընթերցումն է, աշխատանքը գեղարվեստական տեքստի վրա:
Նշանակում է՝ դասագիրք գրող այսօրվա հեղինակի գերխնդիրը պետք է լինի դասագիրքը գրավիչ, սիրելի, մրցունակ դարձնելը՝ աշակերտի համար երկարատև ճանապարհ հարթելով դեպի գրականություն:
Ողջունելի է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դպրոցի համար ստեղծել է դասագիրք ընտրելու հնարավորություն, և շնորհակալական խոսքի են արժանի բոլոր նրանք, ովքեր ձեռնամուխ են եղել իրականացնելու դասագիրք գրելու ծանր, բայց կարևորագույն գործը:
«Կրթադարակ» կայքում (https://krtadarak.am/) տեղադրված է «Գրականություն 8» դասագիրքը: Առաջին իսկ հայացքից ակներև է, որ հեղինակներ բ. գ. դ., պրոֆ. Ալբերտ Մակարյանը, մեթոդիստ-փորձագետ Թամարա Թովմասյանը նախ և առաջ լուծել են վերոնշյալ խնդիրը: 8-րդ դասարանում սովորում է ամենաբարդ տարիքային խումբը. փորձում է ինքնահաստատվել, պարտադրել իր տեսակետը, կարևորում է գնահատականը, արագ ոգևորվում է և արագ էլ հիասթափվում:
Առաջին ծանոթությունն սկսվում է դասագրքի շապիկից: Հմուտ ուսուցիչը կարող է մեծ ազդեցություն ունենալ աշակերտ-դասագիրք հարաբերությունների ձևավորման վրա՝ նրբորեն բացատրելով, որ հեղինակները կազմի պատկերի ընտրությամբ արտահայտել են իրենց վերաբերմունքը 8-րդ դասարանցու հանդեպ. կազմի մի կողմում ծրագրային հեղինակների դիմանկարներն են ու խոսքերը, իսկ շատ ավելի ազատ տարածությունը տարվա ընթացքում պետք է լրացնի ինքը՝ աշակերտը՝ իր հույզով, խոսքով, դատողությամբ, երևակայությամբ. կարևորվում է աշակերտի ես-ը, մտածողությունը, և վերանում է հոգեբանական անջրպետը:
Մտերմիկ շեշտեր է պարունակում հեղինակների ներածական խոսքը՝ «դու», «սիրելի՛ աշակերտ» դիմելաձևերով: Հստակ ձևակերպված նպատակները, խնդիրները, պահանջները վստահության երաշխիք են. այդ տարիքային խումբն ընկրկում է անորոշությունից: Նրա համար կարևոր է հասկանալ՝ ինչ խնդիրներ են դրված իր առջև, և կարո՞ղ է արդյոք ինքը լուծել դրանք:
Յուրաքանչյուր թեմա սկսվում է չափորոշիչներով և ծրագրով ամրագրված նպատակների և վերջնարդյունքների շարադրումով՝ հնարավորություն տալով աշակերտին հիմնավորելու ուսուցչի կողմից դրված գնահատականները կամ էլ ուսուցչի հետ գնահատելու իրեն ու իր ընկերներին:
Մինչ գրողների ստեղծագործություններին ծանոթանալը, պատկերագրվում է յուրաքանչյուրի դիմանկարը՝ արտաքին տեսքը, հայացքները, հետաքրքրությունները, ապրած ժամանակաշրջանը, նրանց մասին նշանավոր մարդկանց ասույթները: Տրված են նաև գրողների ծնողների դիմանկարները, տեղեկություններ գրողների կյանքում նրանց ունեցած դերի մասին: Հոգեբանական առանձնակի լիցքավորում են բերում այդ նկարներն ու ակնարկները. աշակերտի համար ընտանիքից է սկսվում և ընտանիքի շուրջ է կառուցվում աշխարհը: Բոլոր նյութերի համադրումը ամբողջացնում է գրողի նկարագիրը, ավելին՝ մղում է աշակերտին կարդալու QR ծածկագրերը, կատարելու ինքնուրույն-հետազոտական աշխատանք՝ ավելի լավ ճանաչելու ուսումնասիրվող հեղինակին՝ իբրև մարդու, անհատականության, ուրեմն և՝ ձեռքում ունենալու գրողի ստեղծագործությունն ըմբռնելու բանալին:
Պրոֆ. Ալ. Մակարյանը հմտորեն բացահայտել է նաև ուսուցանվող ստեղծագործությունների գաղափարական և գեղարվեստական արժեքները: Դա արվել է ուղղորդող մեկնաբանություններով, երկերի ստեղծման պատմությունների ներկայացմամբ, ստեղծագործությունների կառուցվածքային, պատկերային, լեզվաոճական առանձնահատկությունների շեշտադրմամբ, աշակերտների համար անծանոթ բառերի բացատրություններով, ներառարկայական և միջառարկայական կապերի ապահովմամբ:
Հեղինակային վերլուծությունները գրված են գիտական ամուր հենքով, նոր մոտեցումներով, դասագրքերում չշրջանառված մանրամասնություններով:
Գրականագիտական-տեսական անհրաժեշտ գիտելիքները տրված են սեղմ, բայց ամողջական բնութագրումներով: Այստեղ էլ կան նոր հայեցակետեր, և դրանք ոչ թե պարտադրված, այլ հիմնավորված են բացատրություններով, ինչպես, օրինակ, Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» քնարաէպիկական պոեմ համարելը:
Յուրաքանչյուր բառի, նախադասության, մտքի՝ շոշափելիության աստիճան առարկայական պատկերագրումը խոսում է հեղինակի փորձառության, նաև պատասխանատվության մասին: Այս մոտեցումները ուսուցչին մղում են ինքնազարգանալու, կատարելագործվելու:
Ուսուցանվող նյութի շուրջ բանավեճեր հարուցող, ինչպես նաև որոնողական բնույթի հարցերը օգնում են աշակերտներին դառնալու ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցը: Առաջադրանքները միտված են սովորողների ինքնուրույն մտածողության ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը: Ոսումնասիրված հեղինակների, ստեղծագործությունների միջև տարվող համեմատական վերլուծությունները նպաստում են աշակերտների քննադատական մտածողության զարգացմանը: «Ինչու»-ները հիմնավորող փաստարկները բնագրից գտնելու առաջադրանքը, որը մղում է աշակերտին կատարելու թափանցող ընթերցանություն, տանում է դեպի ստեղծագործության ենթատեքստի ընկալում: Նկատելի է, որ առաջադրանքները համապատասխանեցված են տարբեր մակարդակներ ունեցող աշակերտների ուժերին: Մեթոդական ուղեցույցը օգնություն է ուսուցչին՝ դասը դարձնելու հետաքրքիր, ինքնատիպ:
«Գրականությունը,- գրել է Նար-Դոսը,- կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա նշանակությունը. նա կյանքի դպրոցն էլ է…»:
Պրոֆեսոր Ալ. Մակարյանի, մեթոդիստ-փորձագետ Թ. Թովմասյանի հեղինակած «Գրականություն 8» դասագրքի կարևորագույն առանձնահատկություններից մեկը ուսումնասիրվող նյութերը կյանքի դպրոց դիտարկելն է՝ մարդկային ճշմարիտ ապրումներով ու հույզերով:
Չկարողանալով հաղթահարել իմ ներսում ապրող ուսուցչին, մեթոդական միավորման նախագահին, փոխտնօրենին՝ մտովի տեղափոխվում եմ դասարան և պատկերացնում այս դասագրքով անցկացրած տարեվերջյան դասը. գրքի կազմի՝ գրատախտակին փակցված նույն պատկերով պաստառի վրա ուսուցիչը խնդրում է աշակերտներին մատնանշված ազատ տարածության մեջ փակցնել իրենց նկարները և գրել ամենակարևոր նախադասությունը՝ ինչ տվեց, ինչ սովորեցրեց իրենց դասագիրքը: Դա կլինի լավագույն գնահատականը հեղինակներին:
Բարի ե՛րթ նոր ծնված դասագրքին: