ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ* / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

Մենք կարողացանք ազատվել սուլթան Համիդից, բայց չենք կարող ազատվել Բերիայից:

Ե. ՉԱՐԵՆՑ

1936 թ. հուլիսին գումարվում է Անդր­երկկոմի ԿԿ բյուրոյի նիստ, որին մասնակցում էր նաև Խանջյանի գլխավորած ՀԿԿ պատվիրակությունը: Բյուրոյի նիստում ելույթ է ունենում Աղասի Խանջյանը: Զեկուցելով ՀԿԿ ԿԿ կատարած աշխատանքների մասին՝ նա ընդունում է, որ Հայաստանի ԿԿ-ն թույլ է տվել սխալներ և համաձայնում է այդ առթիվ Երկկոմի քննադատություններին: Այնուհետև քննարկվում է ևս երկու հարց, և ժամը 17.30-ին բյուրոյի նիստն ավարտվում է: Հայկական պատվիրակությունը` Խանջյան, Ամատունի, Գալոյան և նրանց միացած Անդրերկկոմի քարտուղար Կուդրավցևը, ճաշելու համար վերադառնում են հատկացված բնակարան: Թեև քննադատությունների պատճառով Խանջյանի տրամադրությունն ընկած էր, բայց ինչպես ճաշի ժամանակ, այնպես էլ հետո «ինքնասպանություն կատարելու մտա­դրություն չի նկատվել»:
Այդ ժամանակ Բերիայի աշխատասենյակում շարունակվում էին քննարկումները, և ժամը 9-ին, Բերիայի պահանջով, քննարկմանը մասնակցելու համար կանչում են Խանջյանին: Ականատեսն այդ պահին եղել է Ամատունու և Գալոյանի սենյակում, որտեղ էլ հնչում է նոր հեռախոսազանգը և Հայաստանի ընկերներին առաջարկում են դուրս գալ միջանցք, որտեղ «գտանք և տեսանք արնաշաղախ Խանջյանին: Մենք Խանջյանին գտանք դեռևս կենդանի և անտեսելով, որ նա պառկած է ջախջախված գլխով, կանչեցինք քաղաքի լավագույն բժշկական ուժերին: Խանջյանին տեղափոխեցին հիվանդանոց, և չնայած գանգը կրակված էր, հիվանդանոցում կատարեցին վիրահատություն, բայց գիշերվա ժամը երկուսին Խանջյանը մահացավ: Նա թողել էր երկու նամակ. մեկը՝ ընկ. Բերիայի և երկրորդը կնոջ անունով: Ընկ. Բերիային ուղղված նամակում նա գրում էր հետևյալը. (կարդում է նամակը. բայց այն չկա նյութերում – Հ.Զ.)»:
Բերիայի աշխատասենյակում քննար­կ­­վում էր Անդրֆեդերացիայի ցրման հարցը, կապված 1936 թ. սահմանադրության ընդունման հետ, երբ կազմավորվելու էին ազգային հանրապետություններ: Թերևս այդ ժամանակ էլ ընդհարում է տեղի ունենում Բերիայի և Խանջյանի միջև, և չարագործ մարդասպանը անսպասելիորեն կրակում է Խանջյանի գլխին, որից հետո մահամերձին հանում են միջանցք և կանչում հայ պատվիրակներին:
Դեպքի առիթով 1936 թ. հուլիսի 12-ին գումարվում է ՀԿԿ ԿԿ պլենում, որտեղ առաջինը ելույթ է ունենում նորընտիր առաջին քարտուղար Ամատունին, հայտնելով, որ Խանջյանի ինքնասպանության առթիվ Անդրերկկոմի ԿԿ բյուրոյի նիստ է գումարվել, որը տևել է վեց ժամ, ընդունվել է համապատասխան որոշում: Խանջյանի ինքնասպանությունն «այնքան էլ փոքր փաստ չէ, պետք է նրան քաղաքական գնահատական տալ»: Բյուրոյի նշված նույն նիստում Ստալինին ուղղված նամակ է ընդունվում, որին առաջնորդն արձագանքում է և հայտնում, որ նպատակահարմար չի գտնում հետագա քննարկումների համար ներկայացուցիչ ուղարկել: Խորիմաստ մտքերով հարուստ այդ նամակը քաղաքական գնահատական է տալիս կատարվածին, պարունակելով նաև քննադատություն՝ ուղղված Հայաստանի ԿԿ-ին:
Մարդասպան Բերիան հետքերը կորցնելու նպատակով իր աշխատասենյակից հեռացնում է Խանջյանի դին, գցում միջանցք, ապա բյուրոյի նիստ գումարելով հիմնավորում է «ինքնասպանության» վարկածը, հորինել տալիս նամակների պատմությունը: Սակայն հասկանալով, որ վիրահատությունից հետո գիտակցու­թյան չեկած Խանջյանը չէր կարող նամակ գրել, կանխամտածված շրջանառության է բերում այն տեսակետը, որ նամակները գրվել են մինչև «ինքնասպանությունը»:
Այդ վարկածով ևս մեկ անգամ հաստատվում է, որ զանազան հերյուրանքների, ստահոդ լուրերի արդյունքում, այն է՝ Խանջյանը իր ազդեցության տակ էր գցել Անդրֆեդերացիայի կոմունիստների զգալի մասին ու նրանց տրամադրում էր Բերիայի դեմ, որ կապերի մեջ էր հակախորհրդային, տրոցկիստական տարրերի հետ, իրեն ներկայացնում էր համայն հայության առաջնորդ, որ Խանջյանը պարբերաբար ենթարկվել է Բերիայի և մյուս «ազնիվ» ստալինականների հալածանքներին: Դա է հաստատում նաև զեկուցման բովանդակությունը. «Եթե դուք նայեք Բերիային ուղղված նամակի բնօրինակը, ապա մարդը ինքնասպանությունից առաջ չէր կարող այդպես գեղագրական ձեռագրով, կետ առ կետ, ստորակետ առ ստորակետ գրել»: Ուրեմն, մնում էր հորինել լրացուցիչ տարբերակ, և այն գտնվեց, գտնվեց ի վնաս մարդասպանների, հօգուտ սպանության վարկածի. պարզվում է, որ Խանջյանը Թիֆլիս մեկնելուց առաջ այրել է գրասեղանի վրայի և դարակների, արկղերի մեջ գտնվող բոլոր փաստա­թղթերը, որոշ մարդկանց հայտնելով, որ «չի վերադառնա Երևան»: Ինչո՞ւ, որովհետև հալածանքների և քննադատության տարափների տակ հայտնված Խանջյանը, նկատի ունենալով Բերիայի «աշխատաոճը», կանխատեսում էր չարագուշակ ավարտը: Եվ այս փաստով պայմանավորված՝ մերժվում է նաև այն տեսակետը, որ նոր սահմանադրության ընդունման, Անդրֆեդերացիայի ցրման առիթով Խանջյանին այլ աշխատանք պիտի առաջարկվեր: Հավանաբար որոշ աղբյուրներից Խանջյանին հայտնի էր դարձել իր նկատմամբ իրականացվելիք հաշվեհարդարի մտադրությունը:
Տարբերակներից մեկն էլ այն է, որ հենց այդ ժամանակ է Խանջյանը գրում նամակները, պահում գրպանում: Այս հեղհեղուկ մտածելակերպի հեղինակները ենթադրում և հաստատում են, որ այնքան էլ պատահական չէր «ինքնասպանու­թյան» գնալը` «նշանակում է ինքնասպանության գաղափարը նրա մոտ ավելի վաղ էր հասունացել»:
Որո՞նք էին Խանջյան-Բերիա հակամարտության պատճառները: Նախ՝ «հավատարիմ ստալինական» Բերիային հաճելի չէր կոմունիստների շրջանում Խանջյանի բարձր հեղինակությունը, նրա ազդեցությունը, ինչը կարող էր հասցնել իր դիրքերի սասանմանն ու, ինչու չէ, նաև պաշտոնանկությանը, որովհետև և՛ Վրաս­տանում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում իրականացվում էր ազդեցիկ կուսակցական ու պետական գործիչների ոչնչացում: Ոչնչացվել էին 150 «լենինյաններ» Վրաստանից, 500 մուսավաթ-բոլշևիկներ` Ադրբեջանից, հարյուրավոր «պայծառ ապագայի մարտիկներ»` Հայաստանից, չհաշված նույն հանրապետություններից հակահեղափոխական, տրոցկիստ, կուլակ, մենշևիկ, դաշնակցական որակումներով սիբիրներ աքսորված, աշխատավորության գնդակահարված ներկայացուցիչներին, գրողներին, արվեստագետներին և այլն:
Հաջորդ պատճառը վարվող ազգային քաղաքականությունն էր, հայկական տարածքների բռնակցմամբ Անդրկովկասում երկու բոլշևիկյան կայսրությունների ձևավորումը: Ջավախքը, Բորչալուի գավառը, Նախիջևանը, Արցախը առանց համոզիչ հիմնավորման…, հանուն այն դատարկ տեսության, որ ԽՍՀՄ-ում լուծված է ազգային հարցը, որ բոլոր ժողովուրդները մեկ ընտանիքի անդամներ են, հավասար իրավունքներով քաղաքացիներ, որ տարբերություն չկա, թե այս կամ այն ազգային տարածքը որ հանրապետությունում է գտնվում, որ գլխավորը մարդկության շողշողուն ապագայի` կոմունիզմի կառուցումն է, խլվել էր Հայաստանից:
Սկսվեց նամակագրություն: 1935 թ. Խանջյանին ուղղված նամակներից մեկում, որն անբացատրելի հանգամանքներում անհետացել է, հիշյալ պլենումում զեկուցողներ Ամատունու, Մուղդուսու ելույթներից պարզվում է, որ Հ. Օշականը, նկատի ունենալով 1936 թ. ընդունվելիք ԽՍՀՄ նոր սահմանադրության փաստը, Խանջյանին առաջարկում էր բարձրացնել Ջավախքի, Նախիջևանի և Ղարաբաղի վերամիավորման, ազգային հերոս Անդրանիկի աճյունը հայրենիք տեղափոխելու խնդիրները («ԳԹ»-ի ծավալը մեզ զրկում է այս հարցը մանրամասնելու հնարավորությունից, ինչին կանդրադառնանք թերևս մոտ ապագայում – Հ. Զ.):
Բնական է, որ Խանջյանն անտարբեր չէր կարող լինել հայության հայրենիքի, խլված տարածքների վերամիավորման հարցում ու բարձրացնելու էր այդ ցավոտ խնդիրները: Անվիճելի է, որ Խանջյանն անպայմանորեն անդրադարձել է այդ խնդիրներին և «վաստակել» Խրիմյան Հայրիկի գործի շարունակող «ազգայնամոլ», «դաշնակցական» անվանարկումները: Այդ առթիվ պլենումում զեկուցողը հայտնում է. «Այն, որ Խանջյանը գնաց այդ գործին՝ դա անվիճելի է, դա հստակ երևում է մի շարք փաստերով… արտասահմանի հայերը հույսով են, որ նա (Խանջյանը – Հ. Զ.) կանի հնարավոր ամեն ինչ… որպեսզի առաջ տանի իր ազգայնական ուղին, Խանջյանը ձգտում էր, և դա նրան գրեթե հաջողվում էր: Նա կուսակցական մյուս կազմակերպությունների ղեկավարներին զրկում էր այդ աշխատանքին մասնակցելուց: Նա զայրանում էր, երբ ինչ-որ մեկը հետաքրքրվում էր այդ հարցերով, պատմության և գրականության հարցերում նրանց անվանում էր տգետ, անհասկացող»:
Երրորդ վիճահարույց խնդիրը համատարած պլանավորումն էր: Ոչ միայն Հայաստանից, այլև մյուս հանրապետություններից կենտրոնը պահանջում էր գյուղատնտեսական և արդյունաբերական այնպիսի արտադրանք, որոնց մշակումն ու արտադրումը անծանոթ գործառույթներ էին: Տեղերից հնչում էին խելամիտ առաջարկներ, որոնք, անհարիր լինելով տիրող գաղափարախոսությանը, ընդունվում էին որպես հակադարձումներ, շեղումներ, այն ժամանակների որակմամբ` սպեցիֆիզմ: Ահա այս հարցն էլ Խանջյանի դեմ որպես մեղադրանք առաջադրվեց: Նա սերտ կապի մեջ էր Հայաստանի ԿԿ նախկին առաջին քարտուղար, իր ուսուցիչ, «սպեցիֆիստ» Աշոտ Հովհաննիսյանի հետ: Թերևս ապագա ակադեմիկոսը ազդում էր իր նախկին սանի վրա, ուղղորդում նրան Հայաստանի տնտեսության զարգացման առավել շահավետ տարբերակի կիրառմանը:
Չորրորդ վարկածը գրականության, արվեստի գործիչներին հովանավորելն էր, նրանց հնարավորինս հետապնդումներից ազատելը, նրանց հետ բարեկամական, մտերիմ հարաբերություններ հաստատելը: Ն. Ստեփանյան, Դ. Սիմոնյան, Տեր-Վահանյան, Ալազան, Ա. Բակունց, Ե. Չարենց, Մ. Արմեն, Վանանդեցի, Անանուն, Ադոյան և այլք՝ հայ գրականության, մշակույթի անվանիներ, ովքեր հակառակ էին «ազնիվ լենինյանների», «Ստալինի պատգամների» ջատագովների զրպարտանքներին և արժանանում էին Խանջյանի պաշտպանությանը: Ավելին, պլենումում հայտնվում է, որ Խանջյանը բացահայտ հայտարարել է, որ ՀՅԴ-ին, Ռամկավարներին 20-ական թվականներին ՀԿԿ VI համագումարում սխալ գնահատականներ են տրվել, որ այդ կուսակցությունները հայրենիքի թշնամիներ չեն, և պետք է փոխել նրանց նկատմամբ հաստատված կարծիքները, որ նրանց ուժերը պետք է օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար: «Դաշնակցական», «սպեցիֆիկ» Խանջյանը ուշադրություն չէր դարձնում քննադատություններին և շարունակում էր իր «հակապետական» գործունեությունը, որի արդյունքում վերջին շրջանում տպագրվում էին գրքեր, որոնք ունեին «ազգայնական ուղղվածու­թյուն»: Ավելին, աքսորում գտնվող Անանունը վերջին նամակներից մեկում Խանջյանին գրում էր. «Սիրելի Աղասի… ողջույն քեզ, սեղմում եմ ձեռքդ…»: «Սպեցիֆիկ», «հակահեղափոխական» Անանունը ինչպե՞ս կարող էր գաղափարական հակառակորդ Խանջյանին` ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին, դիմել նման ջերմ բառերով, եթե նրանք մտերիմներ չլինեին…
Արխիվային փաստաթղթերը առեղծվածներ չեն առաջադրում: Հիշյալ պլենումում ելույթ ունեցած «ազնիվ» կուսակցականների ելույթները, որտեղ նշվում էին Խանջյանի «սխալները», ավելի պարզորոշ էին ընդգծում հայ ժողովրդի արժանավոր զավակի հայրենանվեր գործունեությունը, հաստատում այն միտքը, որ ազգային գործիչ դարձած Խանջյանը վերածվել էր կումունիզմ կառուցող ԽՍՀՄ ժողովուրդների թշնամու, քանզի յուրաքանչյուր հանձնարարական կատարելիս առաջինը մտածում էր ազգային շահի մասին, իր փոքրիկ հայրենիքի անվտանգության, վերելքի մասին:
—————-
* Տպագրվում է առաջին անգամ, կրճատումներով: Հոդվածի նյութերը գտնվում են ՀՔԿՓ ԿՊԱ, ֆ. 1, ց. 16, գ. 7, 61, ց. 17, գ. 27:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։