***
…Մի օր, երբ երկնքի գավաթները լցվել էին
մորս փափագով,
ես ճայթեցի նրա կոնքերի արթուն
հիշողությունից
ու նախշըվեցի անծիրի փեշին`
բառի բաբախով,
որ զարդակարն էր իմ մեջ բույն դրած
մորեմերկ լույսի…
Հետո վախվորած անցա աղմկոտ
օրերի դռնով`
բռնած հավատի կնճռոտ ձեռքը`
իբրև խաղալիք,
ու շաղ տվեցի ինձնով փոշոտված
սերերը բոլոր
ժամանակների ճյուղերին
թառած առավոտներին…
…Սակայն երկնքի կապույտ զարմանքով
մի աղջիկ մնաց իմ կատարներին`
սիրտը ներկված մանուշակների
ջինջ երազանքով,
ձեռքի մեջ պահած քարերը փշոտ,
որ հավաքել էր ձեր հատակներից
ու լցրել օրվա գրպանները նեղ,
որ չկորցնի Կին-Առեղծվածին…
… Մի օր,
երբ երկնքի հոգին կլցվի
բառիս բաբախով,
կճայթեմ լույսի զառիվարներին`
իբրև վերջին կանչ`
թողնելով տաքուկ այն հետագիծը,
որ տրոփում է աշխարհի սիրով
ու ինձ տանում է քարերի միջով
Աստծուն ընդառաջ…
***
Աշունը հոգնած քաղաքի վրա
իմ տանուլ տված երջանկությունն է
թերթում էջ առ էջ …
Ես վախենում եմ,
որ նրա դեղնած բառարաններից
խեղճ ու անճարակ բառերը նորից
ծառերի վրա կգան, կշարվեն,
ու ես չեմ գտնի
հոմանիշները հուսահատության,
որ գամ, վերջապես ձեզ բացատրեմ…
…Աշունը նորից քաղաքի ունկին
իմ տանուլ տված ջահելությունն է
բառ առ բառ լռում…
…Ու չկա մեկը, ում համար արժե
գոնե մեկ անգամ վեհորեն մեռնել
մինչ ձմեռնամուտ…
***
Մի օր,
երբ քաղաքը մոռացել էր ինձ
գարունը պատմել,
հանկարծ կորցրեցի
իմ ծուռուծռտիկ,
իմ կարճուերկար
ջահելությունը…
…Երբ նորից գտա,
զարմացա` ոնց էր
մարմնիս ու հոգուս հակասությունը
այդքան հմտորեն զուգել-զարդարել…
…Հիմա, երբ արդեն
երկինք եմ տանում
մահերով զարդված իմաստությունս,
բալենիների կարկաչի միջից լսում եմ`
ոնց է վրաս ծիծաղում
իմ ծուռուծռտիկ,
իմ կարճուերկար,
ջահելությունը…
***
Լուսինը կորցրած իմ արահետի
դեղնավուն աչքն է.
փակեմ,
որ հանկարծ քամին չստի,
թե գիշերվա մեջ մեռնող այս կինը
չունի սխալներ…
***
Շապիկիս տակ ինչքա՜ն ճախրանքներ կային,
որ չգիտեիր…
Երբ չքնքշեցիր նրանց թռիչքից առաջ,
կոտրված թևերով ճնճղուկներ թափվեցին
փեշիս քարերին…
***
Երակներովս ձկներ են խայտում`
անցյալում թողած հին սարսուռները
վերցրած լողակին…
Երեկ ձյուներ եկան…
…Ու ես քեզ չգտա ակվարիումում բախտի…
***
Թռչնի թևի տակ է դողի ծանրությունը …
…Մի օր, երբ ձեռքերս քնքշանքով օծեմ`
կգամ արթնացնելու
սարսուռներում քնած ջահելությունդ…
***
Մենք կապում ենք հրաժեշտի
ճամպրուկներն ու նայում
հորիզոնների մոխրացող կապույտին…
Հույսի նավերը մեզնից հեռանում են՝
տանելով ալեկոծումը ձեռքսեղմումների…
…Ու ոչ ոք չգիտե, թե էլ երբ կրկին
մեր հոգուն կիջնեն կարոտի մատները,
երբ տարիները մեր բախտի ականջին
կսվսվան երջանկության հին սոնատները…
***
Աստծուց առաջ բառեր չկային`
քարեր էին…
Աստծուց հետո երկինքն
այնքա՜ն ծանրացավ,
որ աշխարհը փլվեց աղաղակներից…
***
… Ճախրանքի պատրաստ թևերս հանկարծ
վարանեցին մի պահ դրախտի դիմաց …
…Նրանց վրա այնքա՜ն փետուրներ կային,
որ դեռ չէին հպվել երկինքներին ծաղկած…
***
Այս սառույցներում ջրեր են ծաղկել,
մաքուր ու ջինջ ջրեր…
Այս սառույցներում ծերացա ես երեկ,
այսօր բախտ եմ փնտրում…
… Երա՜նի նրանց, ովքեր կգտնեն ինձ
վաղվա անփշալար մարգագետիններում…
***
Լույսս մի՛ քերծեք փշերով մթան.
Չե՛մ արյունոտվի…
Չէ՞ որ իմ սիրտը, դեռ հազար տարի սրանից առաջ,
եկել, թառել է ճյուղին երկնքի…
Երգս մի՛ քերծեք բառերով տարտամ.
ես չեմ ընդհատվի.
Հիշո՞ւմ եք, երբ ինձ կորցրեցիք մի օր
ծաղկած դաշտերում մանուշակների,
ես դարձա մի պաղ, նվվացող սպի
ձեր անլույս սրտին…
Հույսս մի՛ քերծեք փշերով բախտի
ես չեմ ավարտվի…
Հիշեք` գալու են օրեր արթմնի,
երբ ես կիջնեմ ու հուշիկ կթառեմ ձեր ափսոսանքին…
***
Հիմա, երբ հնչում է
կեսգիշերային լռության շեփորականչը
ու ես մոտենում եմ`
ընդունելու ժամերի զորահանդեսը,
երբ հավասարակշռում եմ
վաղվան դիմակայելու ներքին բնազդը`
չծռելով մեջքս, որ ինչ-որ մի օր
հաղթել կարողանամ…
Հանկարծ լռության դարպասներից այն կողմ`
համբերության հին զոհասեղանին,
տեսնում եմ լքված երազանքներս,
որոնք խոստումներից անտեսված, լքված,
եկել, սպասում են իրենց դատաստանին…
…է՜յ, ո՞վ կա այդտեղ, կանգնեցրե՛ք նրանց,
խաբվածներն արդեն վերադառնում են…
***
Ես քայլում էի քարերի միջով.
Սեր էր հագինս…
Ու ճաքճքել էր իմ կրունկներին
Ցավերի գինը…
Ճամփան երկար էր…
Հոգիս ծփում էր վերքերը բախտի…
Չէի հավատում,
որ լռությունը մերկանալ գիտի…
…Ես քայլում էի քարերի միջով.
օրը գլխատված սերեր էր ժամում…
Հույսը մեռնում էր բառերից առաջ.
արևներ էին իմ մեջ ծերանում…
Ես քայլում էի քարերի միջով…
Բախտն էր իմ գույնը…
Այս ծեր քաղաքում ինչ ո՜ւշ է գալիս
ձմռան գարունը…
***
Հազար տարի է՝ ես ձեզ պատմում եմ
իմ պատմությունը…
Հազար տարի է` դուք չեք հավատում
խոսող ձկներին…
…Ու թե մի հազար տարի էլ անցնի,
չեք հավատալու
ծովերում ծաղկող աղի ջրերին…
***
Համբերությանս հին կոշիկները
դեն շպրտեցի…
Ծանր էին, մաշված,
տառապանքի մեխերը՝ դուրս ցցված ներսից,
կրունկները` ծռված…
…Նրանցով չափչփել էի
օրերի կուզիկությունն ու
նորոգելու տարել մի հազար անգամ`
ամեն անգամ կարծելով,
թե վերջին անգամն է…
…Մի օր էլ որոշեցի տանել քաղաքի
ամենահայտնի կոշկակարի մոտ…
…Տեսա` խիղճը փակ էր…
Ետդարձի ճանապարհին հանդիպեցի ինձ
ու հասկացա.
ամբողջը տխուր կատակ էր…
***
Երևի երբեք չհասնեմ Աստծուն.
նրա երկինքը թեթև է,
իմ հողը՝ ծանր…
***
…Նայում էի կուզեկուզ հեռացող ժամանակին,
որն իր հետ տանում էր
իմ կարճ ու երկար,
իմ թարս ու շիտակ
բոլոր օրերը…
Նա լրտեսի պես պեղել, գտել էր
իմ կարճ ու երկար,
իմ թարս ու շիտակ
ձախողումները`
մոռացած բոլոր հաղթություններս…
…Հիմա ճոճվում եմ
ժամանակների թևերին գույն-գույն,
ու բուրաստան չէ աշխարհը վաղուց,
ու հույսի ոչ մի գունավոր բզեզ
իմ երազանքին չի գալիս, իջնում…
***
Հիշողություններով մաշված ու դեղին
փաթեթավորեցի խաբված անցյալը,
որ նվեր տանեմ Նորին Մեծություն
իմ Ժամանակին…
Վրան կապեցի
ազնվությանս ժապավենները,
որոնցով մարդկանց միշտ թվացել եմ
մի քիչ ծիծաղելի,
մի քիչ էլ` ապուշ…
… Հիշողություններով մաշված ու դեղին
մի օր կփաթեթավորեք փշրված իմ Ներկան…
Բայց Նրա հետ, խնդրում եմ, ինձ չհանեք երկինք.
այդքան խեղճ չեմ ուզում Լույսին երևալ …
***
… Մի օր ինձ կգտնեք սևագրերում Լույսի,
հագիս` երազանքի տողեր խզբզած,
կետադրած բոլոր անհույս օրերն իմ,
լուսանցքներին բոլոր ցավեր պահ տված…
… Ու կսիրեք դուք ինձ` արբած բառիս գինով,
ու կբացեք հուշիկ խորքը տողատակիս,
կտեսնեք` ինչպես են չակերտները հերթով
իրենց մեջ կարկամել լուսե երազանքիս…
… Այդժամ գուցե ցնծաք բառիս կախարդանքից
ու ինձ լռին տանեք ձեր օրերին անգույն,
որ արթնանաք երգիս լուսաբացում նորից
ու ինձ չասված խոսքեր փայփայեք ձեր մտքում…
…Իսկ թե սևագրերում Լույսի ինձ չգտնեք
ու մոլորվեք նորից կեռմաններին բախտի,
իմացեք` երկար եմ ես ձեզանով անցել,
մինչ մաքրագրվել եմ ձեր զղջման էջին…