Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
(Արցախ)

ԶՐՈՒՅՑ ԻՄ ՈՒ ՔՈ ՄԻՋԵՎ

Իմ ու քո միջև ուղիները նույնն են,
ու դու նորից քեզ մոտ ես տանում,
որ սիրենք քեզ, որ սիրես մեզ…

Քայլ. անտարբեր հայացքով
չեմ նայի այդ քայլին:
Մի քիչ սպասիր, դրոշը ձեռքիս է:
Դրոշը քո տղաների ձեռքերում է:

Տունս կանչում է,
մի քիչ էլ է սպասում ու
նորից կանչում է մորս ձայնով։

Մա՛մ, ցավերս վերցրու ու կարկատիր,
Գալիս եմ,
որ մի տաք ձմեռ էլ
առանց կրակոց,
բայց անտարբեր
խաղաղության հետ ապրենք:
Արցախ… ուզում եմ բարձր գոռալ,
բայց նորից մայրիկիս եմ կանչում,
որովհետև Դու Նա ես:

Մի քիչ աչքերդ բացիր,
մի՛ արտասվիր, խոսիր,
հարցերս անպատասխան են մնում…
Ուզում եմ պատասխանես ու
նորից ասես՝
ազատ եմ:
Ազատ եմ ու չեմ մոռացել
քեզ գրկելու սովորությունս:
Այս զրույցը թող լսեն
նաև անտառներդ,
որ կամա՜ց ու արա՜գ
հեռացել ու հեռանում են կյանքից:

***
Աչքերս ուզում են ապրել
քո ներսում, ուր կյանքը
մի քանի օր կանգ էր առել:
Ու թվում է, թե մի քանի դար է անցել:
Նռան հատիկները հաշվում եմ
սպասման քառուղիներում,
Ուր երազներ են նիրհում…
Այստեղ անծանոթ ու
ծանոթ լռություն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։