Անահիտ Հարությունյան

 

 

ԳԱՐՈՒՆ

Ես զգում եմ, ինչպես հոգիս

լցվում է սիրով,

ոչ թե գրքերից

կամ էլ ֆիլմերից,

և ոչ էլ վաղուց

իմ ձեռքով գրված, նույնիսկ

ապրված սիրո տողերից,

պարզապես օդը գարնան

սիրով է լցված,

և ատելությունը

նահանջում է

նոր մթնոլորտում…

 

Նայում եմ մարդկանց,

ժպտում սիրով,

խաղաղ աչքերով ու

փնտրում ժպիտ

դեմքերին նրանց…

 

Ավա՜ղ, շատերը դեռ

չեն հասկացել,

որ գարունը հաճախ է գալիս…

 

ԳԻՇԵՐ

Կապտագույն ծառեր,

կապտագույն քարեր,

գիշերվա մեջ ամեն ինչ

կապույտ է թվում…

 

Եվ կապույտ մի սեր

ցրվում է օդում,

ես խուսափում եմ

ետ բերել նրան…

 

Իսկ առավոտյան

գտնում եմ նորից

ծվարած թաքուն

իմ բարձի վրա…

 

ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ՝

ԾՆՆԴՅԱՆՍ ՕՐԸ

 

Ես չեմ ծերացել,

թե մազերս են

ճերմակել՝

նրանք են ծերացել

ու կամակոր դարձել…

Կնճիռները՝ նորություն են

հայելու մեջ հայտնվել, թե

քայլերս դանդաղել են, զգույշ

դարձել,

սառույցներով շատ եմ

անցել՝ զգույշ,

կամաց, այդպես

տղաս երբ առաջին

քայլն էր անում,

ինքը իրեն կրկնում էր.

– Զգույշ, կամաց,-

Ու առաջ գնում՝

ձեռքս բաց թողած…

 

Հիմա նա արդեն

դարձել է հայր,

ուրեմն, ես էլ, բնականաբար,

տատիկ եմ դարձել,

մի քիչ մեծացել…

 

Տարիների հետ դերասանի

տարիքի հետ,

դերն է փոխվում,

էլ ուր մնաց կյանքում

մնանք միշտ նույն դերում…

Բայց թե չզգամ

մեծանալս, կասեմ՝

ապրած տարիներս

զուր են անցել…

 

ԱՆԿԱՍԿԱԾ

Ոչ մեկը չի կասկածում կամ էլ

կարծում՝ երբ արևը դուրս չի

գալիս՝ արև չկա…

Եվ եթե մենք չենք                                            հանդիպում,

չեմ կասկածում,

որ մինչ այսօր

դեռ սիրում ենք…

 

ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ

Ապրելու ժամանակը

սահմանափակ է…

Գինեսի գրքում

«Հավերժությունը»

գրանցում չունի և չի

ունենա, բայց մարդիկ

կյանքում մոռանում են

դրա մասին ու անմահի

նման ապրում…

 

ՍՈՒՏ ԽՈՍՔԵՐ

Լռությունդ չեմ հասկանում,

իսկ խոսքերիդ չեմ

հավատում, ինչ է մնում՝

մի բան ասա, միևնույն է՝

չեմ հավատա…

 

ԱՅԼ ԱՇԽԱՐՀ

Մի կաթիլ սեր մնացել է

սրտիս անկյունում,

թեկուզ երբեք չեմ

շռայլել, եռացել է,

գոլորշիացել ու ցնդել է

սպասումից…

 

Մի կաթիլ սեր մնացել է

սրտիս անկյունում, նրան

ինձ հետ պիտի տանեմ

այլ աշխարհ, որտեղ մեկին

կարող է և նա կյանք տալ,

եթե այս դարի կրքոտ

հրեշտակները չեն

գերել նրան

ու չեն ծիծաղի իմ սիրո վրա…

 

Մի կաթիլ սեր

մնացել է սրտիս

անկյունում, կապրեմ, կքամեմ

այս կաթիլն էլ ու հետո միայն

այս աշխարհից

այն աշխարհը

կգնամ,

որտեղ եթե հանդիպեմ

նրան, չեմ կասկածում, սիրտս

կլցվի սիրով դրախտային…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։