Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ/Դուրյանական պոեզիայի ապրեցնող հմայքը

Լյուդվիգ Դուրյան- 90

 

1980 թվական: Մի քանի օր էր, որ Շնողի միջնակարգ դպրոցից աշխատանքի էի տեղափոխվել Թումանյանի շրջժողկրթբաժին, երբ «Գրական թերթում» կարդացի, որ անմահ լոռեցի, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի է արժանացել բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը՝ ժողովուրդների բարեկամությունը մարմնավորող լավագույն ստեղծագործության՝ Հայրենական մեծ պատերազմի փառաբանած հերոս Սերգեյ Օհանյանի և նրա մարտական ընկերներին նվիրված «Նա իջնում է արևից» պոեմի համար։ Շտապ գտա և կարդացի պոեմը։ Միանգամից ճանաչեցի ու սիրեցի Լյուդվիգ Դուրյանին, հետո ծանոթացա նրա մի քանի բանաստեղծական ժողովածուներին՝ «Երբ ծառերը ծաղկում են» (1959), «Ճամփորդ չեմ միայն» (1967), «Արեգակն արդար» (1976), «Քարե արցունք» (2003)։ Դուրյանն իրոք ասելիք ունի և իր հոգում կուտակվածը դարձրել է բանաստեղծական պոռթկում և խոսել ընթերցող տարբեր շերտերի բազմության հետ։

Լյուդվիգ Դուրյանը (Լուկաշ Ծերունի Քրիստոստուրյան) կիսել է իր ազգանունը և երկրորդ մասը դարձրել գրական անուն, տ տառը փոխարինելով դ-ով։ Ծնվել է 1933 թ. հունիսի 21-ին, Ռոստովի մարզի հայաբնակ Չալթր գյուղում։ 1935 թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել ներկայիս Կոտայքի մարզում (նախկինում՝ Աբովյանի շրջանի Շահաբ (Մայակովսկի) գյուղում)։ Աշխատել է Կալինինոյի շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, 1957-69 թթ.՝ գրական աշխատող «Երեկոյան Երևան» թերթում։ 1971 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացը։ 1971-78 թթ. աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1978-88 թթ.՝ «Սովետական գրող» հրատարակչությունում։

Դուրյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ ռուսերենից, այդ թվում նաև ղազախ, վրացի, ուզբեկ, տաջիկ գրողներից։ Նրա ստեղծագործությունները ևս թարգմանվել են մի քանի լեզուներով։ Դուրյանի ստեղագործությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։

Ես, որ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Դուրյանի ժամանակակիցն եմ ու ժամանակին շփվել եմ մի շարք գրողների հետ, բախտ չի վիճակվել անձամբ ճանաչել նրան։ Բայց կարդալով նրա գրքերը՝ զգացել եմ նրա պոեզիայի ապրեցնող հմայքը։ Նրա կյանքի և ստեղծագործական աշխարհի մասին շատ ուշագրավ գնահատականներ եմ լսել հանրաճանաչ շատ այրերից՝ Սուրեն և Հայկազ Մուրադյաններից, Ալբերտ Փարսադանյանից, Աբգար Ափինյանից, Ֆրունզիկ Կիրակոսյանից և Լիպարիտ Սարգսյանից։ Պոեզիայի մասին իմ պատկերացումների մի անկյուն նրա մահով (2010 թ., հուլիսի 9) մթագնեց, և դրանից հետո ամեն գարնան, երբ ծաղկում են ծառերը, ես հիշում եմ նրա բանաստեղծական նույնանուն ժողովածուն, ու ինձ թվում է՝ ծաղկած այգում զրույց եմ անում բանաստեղծի հետ։ Չէի մտադրվել մոռացումից փրկել Լյուդվիգ Դուրյանին և նրա գրական հունձքը, պարզապես վաղուց եմ համոզվել, որ հոբելյանները երկնային կյանքի ճանապարհ բռնած երևելիներին պետք չէ ամենևին, բայց ապրողներիս դրանք շատ են հարկավոր։ Ու սիրով ասում եմ՝ շնորհավոր Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 90-ամյակը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։