Ներկայացված է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ ամենամյա մրցանակաբաշխությանը
ՔԱՌՕՐՅԱ ԿԱՆՉ
1.
Երևան:
2-ն ապրիլի:
Ծախվել է ժամանակն անսեր:
Արցախը կրակի մեջ է…
…Դեռ երեկ հավատը կույս էր…
2.
Սահման, հայացքդ արնոտ,
Ձեռքերդ կապկպված խաչերով,
Մի մարմին լեշաթև, վավաշոտ
Տարփում է ծոցիդ մեջ տանկերով…
3.
Ու տղան՝ առավոտն աչքերին
Պատռում է խղճի դեմքն արճճե,
Իջնում են արնոտված գրքերին
Երկնքի պսակները փետրե…
4.
Ու շեներ՝ արկերի սև կրծքին,
Պուրպուրե նզովքին հանդիման,
Կտրված ականջներ` աղոթքին,
Մարմիններ՝ խոշտանգված անխնա…
Ու լռած սաղմոսներ, քարացած,
Զմռսված գույներով նոր ցավի,
Ու ծերեր` գնդակից ծանակված,
Ու ծերեր՝ երկնքի ծավին…
5.
Աշխարհ կորել ես, չկաս,
Չքվել ես հավատի աչքից,
Ու մերկ ես, ու մերկ ես այնքան,
Որ ես եմ բարուրում քեզ նորից…
6.
Բարձրացան տղերքն ալիքին,
Զարկվեցին, զարկեցին, անցան,
Երկինքներ փլվեցին ճամփեքին,
Ու աստղեր ջրերում որբացան…
7.
Օ, աշխարհ բարձրագոչ ու ծեքծեք,
Անգլուխ, անգլուխ ձիավոր…
…Պարոնայք, գուցե թուլացնեք
Փողկապները ձեր նավթահոտ…
8.
3-ն ապրիլի:
Կանգնել ենք:
Մի սեր ենք:
Մի հոգի:
Մի մարմին…
Բազուկներն հաղթական շարքվել են.
Ձեռնոց են նետել մեր կամքին…
9.
Հողը սուրբ ծալքեր է բացել
Իր կրծքին վիրավոր ու հեգ,
Տղերքը հավերժն են ծոցել,
Տղերքը՝ վահան ու տեգ…
Ակոսվել՝ հոսում են երկինք,
Ակոսվել` արմատն են գնում,
Ու դաս է` լռելյայն ու անգիրք,
Ու ցավ է՝ արև է ձնում…
10.
Որբացած մարմաջներ ճիվաղի
Ածխացած տանկերի բոցերում,
Փախչում են սելջուկները վայրի`
Թողնելով աղոթքները վարձու…
11.
Դիերի գարշահոտը դանդաղ
Քսվում է քիմքին տխմարի.
Բայց, նեղ են ճակատներն, ավաղ,
Ընկել են փափուկ բարձերից…
…Բայց նեղ են ճակատներն, ավաղ,
Արնազեղ ծալքեր են` դարին,
Անբարո, անբարո աճպարար`
Բեմին են կրկես-քարայրի…
12.
4-ն ապրիլի:
Կանգնած ենք:
Բազկված է մեր ոգին անբասիր,
Հայրերը որդիներ են դարձել,
Սահմանը թնդում է երկսիրտ…
13.
Սփյուռք է` միաձույլ, անսփյուռ,
Բռունցք է` պարզված բախտին,
Ալիքվող երթեր են բուռ-բուռ
Աշխարհի ծեգերից անդին…
14.
Զարթնում է թմբիրից տոլերանտ
Աշխարհը իգիլներ շապկած.
Կոչեր են անհասցե ու խեղատ`
Հաշտության արգանդից վիժած:
Կոչեր են անանուն, անհասցե,
Որ քանի՛ պատերազմ են լլկել,
Թող այս մեկն Աստված չարասցե…
Թող այս մեկն Աստծուն տանի վեր…
15.
Վիրավոր հողերի խուլ տնքոց,
Անհեշտանք կրքերի խառնարան,
Ու տղերք`սրբություն սրբոց,
Ու տղերք, որ էլ տուն չդառան…
16.
5-ն ապրիլի:
Աղերս է:
Աղերս է մի կտոր պատվի…
Պարտության ներքնաշորն հոտոտել,
Նստել են հաշտության սեղանին:
Դադար է` մազից էլ բարակ,
Արնոտ է ոտնահետքը լուսնի.
Ականով պատվաստված մի գերան
Գցել են կամրջին Մեծ Հույսի…
……………………………………
17.
10-ն ապրիլի:
Հույզեր են,
Ապրիլյան մղձավանջ հոգեհար,
Փոխանակվում է մեր Սերը
Ատելության հետ հավասար…
…Խաչեր են, խաչեր կարմիր,
Ձեռքեր են`գթությամբ օծված,
Ու ցավը դարձել է բամբիռ,
Ու ցավը դարձել է ընծա…
18.
Բերում են` հողին պահ տալու,
Խիզախման մի լուսե պայթյուն,
Բերում են` մեր հոգին գաղթելու
Դեպի Լյառն, դեպի Խորքը մաքուր…
19.
ԵՐԵՎԱՆ:
ԴԱՐԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՑ:
ՑՆԾՈՒՄ ԵՆՔ
ԹԵՎԵՐԻՆ ՃՇՄԱՐՏԻ…
ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՄԵՐ
ԲԱՐՁԻ ՏԱԿ ԴՐԱԾ,
ԽՄՈՒՄ ԵՆՔ ԳԻՆԻՆ ԱՆՊԱՐՏԻ…
Հիացած եմ, վաղուց-շատ վաղուց նման բարձրարվեստ ու համարձակ,սրտի ցավից բխած…տողեր չէի կարդացել