Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ներկայացված է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ ամենամյա մրցանակաբաշխությանը

ԱՂՈԹՔ

Հայր մեր, որ երկնքում ես, ի՞նչ մեղք էինք գործել, որ մեր աշխարհի վրա բաց թողեցիր թուրանական սելավը: Ինչու՞ այդ պատիժը դրեցիր մեր ճակատագրի մեջ, ինչու՞ պիտի մեր թռչունը թռչի վանդակը թևից կախ: Հայր մեր, հեռացրու ամոթի այս բաժակը մեզնից և ամենքից, հանձնիր դժոխքի հրին:
Տեր, ի՞նչ հաճույք ես ստացել` մարդու այս տեսակը ստեղծելով, անգամ մենք` մահկանացուներս, երբ մի բան ենք սարքում, և այն գեղեցիկ է ստացվում, ուրախանում ենք. դու արդյո՞ք ուրախացել ես թուրքին ստեղծելով: Թե՞ դա քո ձեռքի գործը չէ, քեզանից ծածուկ, քեզ ի հակառակ` նրան արարել է չար ոգին, որպեսզի նա գլխատի աջ ու ձախ, ծանակի ծերերին ու փոքրերին, որպեսզի ոչնչացնի քրիստոնեական ամեն վկայություն իր արյունոտ ճանապարհին, և նրա միջոցով չար ոգին սեփական թագավորությունը հաստատի երկրի վրա:
Հա՛յր մեր, երկնքում չար ոգին չունի ուժ և իշխանություն, թող երկրի վրա էլ չունենա: Հեռացրու նրան մեր հացից, մեր օրորոցից, մեր հավատքի տներից: 600 տարին բավական չէ՞ միթե մեզ փորձության ենթարկելու համար, իսկ մի դար է` աշխարհ ես բերել թուրքի նոր տեսակ` ադրբեջանցի` ազերի անունով, հարցնում եմ, ի՞նչ հաճույք քեզ` տիեզերքի տիրակալիդ, թուրքի տեսականին բազմացնելուց:
Հա՛յր մեր, մնա՛ հաստատուն քո բարձունքներում և մի՛ ենթարկվիր սատանայի փորձություններին այնպես, ինչպես որդիդ իմաստնաբար վանեց նրան իրենից, երբ առաջին անգամ աշխարհ եկավ:

ԶՈՒՐ ՋԱՆՔ ՄԻ՛ ԹԱՓԻՐ
Երեկ Մարտակերտի
կանաչած-ծաղկած հողի վրա
Թշնամու տանկերը, իրենց տակ ճզմելով գարնան դեմքը,
Թուրքական Հալայ պարն էին պարում,
Այսօր խոցված,
ընկած են մեր դիրքերի դիմաց,
Որպես սև, ծխացող ածուխներ,
Հանված պատերազմի քուլայից:

Այսօր զինվորների, կամավորների և
լրագրողների մեջ,
Դունչը ականորսիչի նման շարժելով,
Շրջում է ձյունամաշկ մի շուն,
Որի առջևի ոտքը կտրել-տարել է
ռումբի բեկորը:

Նա փնտրում է իր
դիրքապահ ընկերներին,
Որոնց մի մասին, ավա՜ղ,
չի տեսնի երբեք,
Նա ուզում է հասկանալ
երեկվա աշխարհանցումը,
Ուզում է մեկն ու մեկը բացատրի` ինչի՞ համար էր այս պատերազմը,
Որի իրանը թեպետ ջնջխված է
այստեղ, սակայն գլուխը
օձի պես ֆշշում է
Ադրբեջանական կողմում:

Զուր ջանք մի՛ թափիր,
վիրավոր իմ բարեկամ,
Աշխարհը 600 տարի չի հասկանում
թուրքի արածը
Կամ հասկանում է,
բայց շրջում է դեմքը,
Այնպես որ, աշխարհին էլ
չես հասկանա:

Հենց նոր մի բեռնատար եկավ`
լիքը սնունդով,
Լավ կլինի` գնաս այնտեղ,
գուցե մի կտոր երշիկ տան,
Երկու օր է` բերանդ բան չես դրել,
Վիրավոր ես, արյուն ես կորցրել,
մեղք ես:

ՉԶԱՐՄԱՆԱՍ, ԱՇԽԱՐՀ
Կռվի թեժ պահին հանկարծ ձորակից,
Չար տեսիլքի պես հառնեց
ազերիական ուղղաթիռը:
Նա թռչում էր
ամբարտավանորեն ցածր`
Փորը համարյա գետնին քսելով,
և նրա փորից
Հրի ժայթքումով մեր դիրքերի վրա
Ցփնվում էին մահաբեր խրձեր:

Շարքային Նարեկ Մալխասյանը
հայտնվեց ուղղաթիռի դիմաց`
Ձեռքին նռնականետը, որն այդպիսի հրեշ խոցելու համար
Անզոր զենք է
մասնագետների կարծիքով,
Նարեկին պետք չէր որևէ կարծիք,
Նա պարզեց զենքը և ուղղակի կրակեց
թռչող հրեշի կողին:
Սա երերաց, թեքվեց մի կողմի
ու խփվեց գետնին, տրաքեց:

Ինչու՞ զարմանալ.
տղան զենքի մեջ դրել էր
Իր զայրույթը սաստիկ,
վրեժը զոհված ընկերների,
Որ մի դժոխք կխոցեր անշուշտ:
Եվ եթե նռնակի փոխարեն նա քարով
խփեր անգամ,
Ուղղաթիռը պիտի ընկներ, տրաքեր:

Չզարմանաս, Աշխարհ:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄՆԱՑԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Գյումրեցի կամավորների խումբը
մեկնում էր Արցախ:
Ավտոբուսի պատուհաններից
հորդում էին
Զվարթ երգեր, կատակի ու ծիծաղի
գույնզգույն հնչյուններ,
Որոնք ուղեկցողների վրա թափվում էին
քաղցրավենիքի նման:

Կամավորները մեկնեցին,
ուղեկցողները հեռացան
աղոթքով,
Հետաքրքրասերները փակվեցին
տներում:
Դատարկված հրապարակում
մնացին կանգնած
Երկու սաստիկ դժգոհ անձ`
Մի յոթանասունն անց ծերունի
Եվ մի տասնհինգամյա պատանյակ-
Մեկին չէին առել խմբի մեջ`
ծեր էր շատ,
Մյուսին` անչափահաս լինելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։