ԱՆՁՐԵՎԸ ԴԵՐ – ԶՈՐՈՒՄ
Քրիստոսի փոքրիկ հոտը քշում են
Ավազաբլրից ավազաբլուր
Դեր – Զորի քամին վայում է պարտված
Անապատային տապի հետ կռվում
Ալյուրի նման ավազն է մաղվում
Չորացած մարդու մազարմատներին ու չոր մատներին
Չորության շնչից թոքն է պատռվում
Ուժասպառ աջը խաչակնքելիս հատվում է տեղում
Չոր աչքի առաջ թրատված բազում մարմինները չոր
Հանգստանում են ավազուտների շիրմափոսերում
Դեր – Զորի քամին անապատային
Ծածկում է անմեղ մանուկներին ու յաթաղանները
Գետի չորացած հունը փորփրող
Այրվող մատները ջուր են որոնում
Քամին ջնջում է փոսերը նրանց նանիր հույսերի
Եվ անջուր օրը դեղնում է դանդաղ ողբալիորեն
Իբլիսի* ցեղը քրքջում է չոր
Չոր մաշկի վրա չորացած մարդու
Չոր է երկինքը, չոր է երկիրը
Չորացած մեղքերն Աստված կդատի
Չոր ցուպին հենված չորացած ծերուկ…
Ու մինչ դաշույնը անտարբերորեն իր գործն է անում
Չոր աղոթքները շուրթերից իր չոր
Չոր աղերսներ են հղում առ երկինք անձրևի տենչով
Եվ գալարվում են ավազուտները օձերի նման
Եվ արևելքից ամպն է որոտում
Դա Տերն է գալիս տեսքով կաթիլի
Ինքն էլ է սակայն չորանում օդում
24 ապրիլի, 2013, Ծիծեռնակաբերդ
——————————
*Իբլիս (թուրքերեն) – հրեշ
ԱՐԱՐԱՏԻ ՃԱԿԱՏԸ
Հապաղում է ջուրը ամպերի մեջ կորած
Եվ հանդարտ է նաև հունը գետի
Մինչդեռ արեգակն է միջօրեի եռում ու մաքառում
Ինչպես հոգիները հեռու անցավորաց
Սուզված խոհերի մեջ խորախորհուրդ
Արարատն է լռում իմաստնաբար
Լռությանն այդ չարժե և ո՛չ մի բառ
Երբ նայում ես նրան համակվում ես ասես
Նույն խոհերով՝ ինչո՞ւ և ինչպես է եղել
Եվ սերունդներ տապան և ջրհեղեղ
Նույնիմաստ են դառնում նույնահնչուն
Հողմերն Արարատի ժամանակն են ջնջում
Բազմանում են դարերն իրենք իրենց աճում
Ինչպես մեղրամոմը փեթակի մեջ դիմացն Արարատի
Շանթերի՜ց են վառում իր ճակատի
Այստեղ իմաստության կերոնն անշեջ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ
Ամեն գրառում նիզա՜կ է այստեղ
Նվաճողների սրտերում խրված
Ջրդեղված սրով բազո՜ւկ է այստեղ
Հիշատակության ամեն մի դրվագ
Ամեն մի մատյան վե՜մ է անխորտակ
Բերդապարսպի
Ամեն մի էջը սյո՜ւն է աներեր
Ճակատին սպի
Ճախրո՜ւմ են այսպես ձեռագրերը օրերի միջով
Ոգի՜ն է թևում ազնվազարմիկ
Եվ իմաստության հավիտենական լո՜ւյսն է առաքում
Մարմնից մարմին
ՀԱՎԵՐԺ ՉԷ ՈՉԻՆՉ
Արցախի մասին ձեր խոսքի միջից
Իմ Կոսովոյի պատկերն է աճում
Այնքա՜ն ցավալի այնքա՜ն նույնական
Որ ձեզ լսելով ի՜նձ եմ ճանաչում
Մե՛զ էլ են այրել արել մորթազերծ
Թալանել մինչև մեր մարմինը մերկ
Ալլահ կանչելով պղծել ավերել տներն Աստծո
Ոտքի տակ տվել մասունքները մեր
Արյունը նրանց թունոտ է այնքան
Ատելությունը բորբոք է այնպես
Որ չեն խնայել շներին անգամ
Ծառերն են հատել մրգով ծանրաբեռ
Այն ինչ լսեցի նոր չէ ինձ համար
Մեր գերված հողն է բարբառում անդուլ
Այնտեղ ուր քոչվոր ցեղը գիշակեր
Մեր շիրիմներն է եռանդով քանդում
Բայց անցավոր է կյանքում ամեն ինչ
Աստծո կարգերն են ընդմիշտ մնայուն
Կարճ է թե միտքը թե ուղին նրանց
Վերից պահապան Ճամփորդն է նայում
Նա կխճճի ոտքերը նեռի
Այն փշերի մեջ որ ինքն է ցանում
Կիսալուսինը ուր էլ թաքնվի
Արյան հետքերը օրն է ցուցանում
ՎԵՐԱԴԱՐՁ ՍԵՐԲԻԱ
Ոդիսևսի պես ես թախիծով եմ տուն վերադառնում
Արևելակողմ եզերքը թողած՝ հարազա՜տ այնքան
Եվ այնտեղ ապրող ազգը զտարյուն
Ու նաև ավա՜ղ անհասկանալի լեզո՜ւն դյութական
Եվ ժամանակն է սոսափում ինչպես ճյուղերը մայրու
Սահմաններն իմ մեջ փոխատեղվելով իրար են գալիս
Եվ տեսնում եմ ես համառ մարտերի ելքը ցնծալի
Քանի որ այնտեղ ԱՐԵՎ բառի մեջ
Սերբական ВЕРА բառը ճառագեց
Թարգմանությունը՝ Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ
ՍԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ`
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100 – ԱՄՅԱԿԻՆ
Սերբիայի գրողների միության հրատարակչությունը «Փոքր գրադարան» մատենաշարով, անվանի բանաստեղծ Լյուբիցա Միլետիչի թարգմանությամբ, լույս է ընծայել «Արդի հայ պոեզիա» անթոլոգիան, որում տեղ են գտել Երկրորդ աշխարհամարտից հետո ծնված, 70-90-ական թվականներին ասպարեզ իջած 28 բանաստեղծների գործեր` բացառապես իր ընտրությամբ:
Վերջին տարիներին Միլետիչը հնարավորություն է ունեցել երիցս լինելու Հայաստանում և Արցախում, մասնակցելու Պոեզիայի միջազգային փառատոներին, ճանաչելու մեր երկիրն ու ժողովրդին, շփվելու անթոլոգիայում ներկայացված գրեթե բոլոր հեղինակների հետ, ասել է թե՝ շքեղ այս հրատարակությունը մեր ժողովրդին անսակարկ նվիրումի և մեր նորագույն պոեզիայի հանդեպ Միլետիչի անխառն սիրո պտուղն է:
500 օրինակ տպաքանակով, 144 էջ ծավալով գիրքը գրախոսել և հրատարակության են երաշխավորել բանաստեղծներ Գագիկ Դավթյանը և Թիոդոր Ռոսիչը, տպագրվել է Սերբիայի հայ համայնքի երախտագիտության արժանի նյութական աջակցությամբ (ղեկավար` Սամվել Այվազյան): Խմբագիրն է Սերբիայի ԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիր Դրագան Լակիչևիչը, «Արդի հայ պոեզիայի այսօրը» խորագրով վերջաբանի հեղինակը` բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: