Կովկասահայ առաջին դրամատուրգ Վարդան Շահպարոնյանը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ShahparonԿովկասահայ-արևելահայ իրականության մեջ թուրքական բռնատիրության քաղաքականությունը թատրոնի միջոցով քննադատողներից մեկը, եթե ոչ առաջինը, եղել է դրամատուրգ Վարդան Շահ-պարոնյանը:
Վարդան Գասպարի Շահպարոնյանը ծնվել է 1872-ի դեկտեմբերի 22-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում և վախճանվել է 1941-ի հունվարի 8-ին Երևանում: Եղել է գրական-կրթական-հասարակական գործիչ` գրող, դրամատուրգ, մանկավարժ: Աշխատակցել է Թիֆլիսի մամուլին («Արձագանք», «Հորիզոն», «Մշակ», «Նոր-Դար»): 1913-1916 թթ. Ախալքալաքում հրատարակել է «Ջավախք» գրական-հասարակական թերթը` լուսաբանել տարածքին և ընդհանրապես հայ իրականությանն առնչվող բազմապիսի հարցեր:
Շահպարոնյանը գրել է շուրջ տասը պիես, որոնք բոլորն էլ բեմադրվել են Անդրկովկասի և նրա սահմաններից դուրս գործող հայկական թատրոններում, իսկ մի քանիսը՝ տպագրվել առանձին գրքերով: Նրա գրած պիեսներից երկուսը վերաբերում են Հայոց ցեղասպանության թեմային:
Շահ-Պարոնը (իր գրական անունը) Հայոց ցեղասպանության թեմայով իր առաջին պիեսը գրել է Ախալքալաքում և ավարտել 1901-ի նոյեմբերի 30-ին: 58 էջանոց պիեսը տպագրության համար գրաքննությունից թույլտվություն ստանալու համար խնդրել է իր ծանոթ Արմենակ Պողոսի Մառանջյանին, որպեսզի նա ներկայացնի (ինքը եղել է հնչակյան գործիչ):
Սկսնակ դրամատուրգը միամտություն է ունեցել հինգ գործողությամբ իր պիեսը վերնագրելու` ուշադրություն գրավող «Ֆեդայի Արմեն» անունով: Ենթադրել է, որ թուրքական բռնատիրության քաղաքականությունը մերկացնող պիեսը չի առնչվում Ռուսաստանի քաղաքական կյանքին, հրատարակությանը չի կարող խոչընդոտել:
Հակառակ հեղինակի սպասելիքների, Պետերբուրգի Ներքին գործերի իրավասության տակ գտնվող գրաքննության կոմիտեն արգելել է նրա տպագրությունը հետևյալ պատճառաբանությամբ «Ի նկատի ունենալով նրա ստեղծագործության ոչ ցանկալի հանդիսացող քաղաքական ուղղությունը, որի մեջ պատկերված են հայերի ձգտումները Թուրքիայում, նրանց ճակատագիրը, հեղափոխական շարժումները, հույսերը ապագայի նկատմամբ և այլն, վերոհիշյալ ձեռագրի տպագրությունը` հենվելով օրենսգրքի 102 և 104 հոդվածների վրա, 1902 թ. ապրիլի 21-ի զեկուցագրով արգելվել է»:1
Պիեսի բեմադրության համար հետագայում արգելքների չհանդիպելու նպատակով Շահ-Պարոնը վերամշակել է, փոխել նաև վերնագիրը` «Ֆեդայի Արմեն»-ը դարձնելով «Արմենն ու Ֆաթման կամ Զեյթունի պաշարումը»: 1903-ին Ախալքալաքում սիրողների կողմից բեմադրվել է «Արմենն ու Ֆաթման» վերնագրով:
Շահ-Պարոնի պիեսի այս նոր տարբերակն առաջին անգամ ներկայացվել է 1915-ի մայիսի 3-ին, Բաքվի Հայոց Կուլտուրական միության դերասանական խմբի կողմից, նշանավոր դերասանուհի Սիրանույշի բեմադրությամբ: Ներկայացումը տեղի է ունեցել Նիկիտին եղբայրների կրկես-թատրոնում: Երգչախումբը ղեկավարել է կոմպոզիտոր Անտոն Մայիլյանը: Դերակատարներից հայտնի են Միքայել Կոստանյանը – Արմեն, Սիրանույշը – Ֆաթմա, Արուս Ոսկանյանը – Ակիշա, Արմեն Դուրինյանը – Սելպ: Մասնակիցներից են եղել նաև Մարգո Մամիկոնյան-Կոստանյանը, Օվի Ահարոնյանը, Մկրտիչ Թաշճյանը և ուրիշներ:
Ցեղասպանության թեմայով գրած առաջին պիեսից հետո Շահ-Պարոնը հանգիստ չի նստել, նրան շարունակել են հուզել արևմտահայ եղբայրների նկատմամբ թուրքական նոր բռնություններն ու կոտորածները, կողոպուտը: Նա մարդկայնորեն զգացել է արևմտահայության ողբերգական վիճակը և երկրորդ պիեսն է գրել նույն` ցեղասպանության դատապարտման թեմայով: Դա նրա խոսուն վերնագրով «Արցունքի ծով» (կամ «Չարատանջ ժողովուրդ») չորս գործողությամբ դրաման է:
Կանխազգալով որոշ քննադատվելիք դիտողությունը, թե ինչո՞ւ է վերհիշել անցյալի դառը կյանքը` արցունքն ու ավերը, հեղինակն իր պիեսի առաջաբանում գրել է. «Սա մեր թրքահայ դժբախտ ժողովրդի կյանքից է, սա դեռ հեռավոր, շա՜տ հեռավոր պատկերն է, ինչ-որ կատարվել է այդ արյունլվա երկրում… Մի՞թե Սասնա լեռների նֆոցը չէինք լսում, մի՞թե թնդանոթների որոտը, հրացանների ճարճատյունը, որոնք մահ էին սփռում խեղճ, թշվառ, անպաշտպան ժողովրդի վրա, չէին հասնում մեր ականջին, մի՞թե թրքահայ օրիորդի երեսին խաղում է նազիկ ժպիտը… Ո՛չ, ո՛չ, արյուն էր հոսում, արցունքի հեղեղներ էին վազում, լացի, ողբի, աղեխարշ վա՜յերի, օգնության կանչի զարհուրելի համերգի ձայն էր լսվում, և մի՞թե այս բոլորից հետո գրիչը կարող է արտահայտել անդորր կյանքի դյութալի պատկերներ… Ո՛չ, մռայլ էր մեր կյանքը, մռայլ էր մեր հոգին, մռայլ կլինեն և հոգու արտադրությունները»:2
Սրտի ցավով գրած այս պիեսն արտահայտել է հեղինակի կարեկցությունը դեռևս մինչև Մեծ եղեռնի շրջանում կատարված մասսայական կոտորածներն Արևմտյան Հայաստանում: Իսկ պիեսն ուղղակի արձագանքն է Սասունի 1904 թվականի կոտորածների:
Շահ-Պարոնի «Արցունքի ծով, արյան գետեր» պիեսի առաջին բեմադրությունը ևս տեղի է ունեցել Բաքվում, 1915-ի սեպտեմբերի 20-ին: Այս անգամ այն խաղացվել է Մայիլյանների Մեծ (օպերային) թատրոնում, դարձյալ Սիրանույշի բեմադրությամբ, Հայ դրամատիկ դերասանների ընկերակցության կողմից:
Այս պիեսի դերակատարներից են եղել Վահրամ Փափազյանը – խմբապետ Հրայր, Սիրանույշը – Հրայրի ընկեր Գրգոյի մայր և ուրիշներ: Սիրանույշի դերակատարության մասին Բաքվի «Արև» թերթում գրվել է. «Խելագար Զարդարի դերը կատարում էր տ. Սիրանույշը, որն իր տաղանդին վստահած` համարյա ամեն տեսակ դերեր վերցնում է և այդ դերն էլ տարավ լավ: Ավելի զարմանալի է տիկնոջ այն համարձակությունը, որ նա չի քաշվում ամեն տեսակի պիեսներում դուրս գալ»:3
Այս տողերի հեղինակն ինչպե՞ս և ինչո՞ւ է զարմացել Սիրանույշի «ամեն տեսակի դերեր» խաղալու համար: Հայրենասեր դերասանուհին ինչպե՞ս կարող էր անտարբեր մնալ 1915-ի ցեղասպանության շրջանում միլիոնավոր հայրենակիցների անմեղ զոհեր դառնալու նկատմամբ, երբ ինքն էլ էր հարազատներ կորցրել:
Բաքվից հետո, Շահ-Պարոնի «Արցունքի ծով, արյան գետեր» պիեսը նույն 1915-ի հոկտեմբերին բեմադրվել է նաև Թիֆլիսի Զուբալովի անվան ժողովրդական տան հայկական մասնաճյուղի դերասանական խմբի կողմից, դերասան և ռեժիսոր Ամո Խարազյանի բեմադրությամբ: Ներկայացման մասնակիցներից են եղել Վահան Գալստյանը – Հրայր, Գուրգեն Յանիկյանը (հետագայում վրիժառու) – Մքե, Ս. Միքայելյանը – Գրգո, Մնացական Մարությանը – Սրքե, Հասմիկը (Հակոբյան) – Մարջան և Գյուլիզար, Ա. Օդաբաշյանը – Սլո և ուրիշներ:
Այս պիեսը 1917-ին ներկայացրել է նաև Թիֆլիսում ապաստան գտած հայ գաղթականներից կազմված դերասանական խումբը, Ազատ թատրոնում, Գ. Թյուլպենտյանի բեմադրությամբ:
Ահա այսպիսին է Հայոց ցեղասպանությունը մերկացնող ու դատապարտող Անդրկովկասում առաջին դրամատուրգ Վարդան Շահպարոնյանի անուրանալի ծառայությունը: Շահպարոնյանի դրամատուրգիան ճանապարհ բացեց դեպի ավելի հասուն և բազմախորհուրդ հեղինակների և նրանց` ցեղասպանության դեմ պայքարի պատմությունը հարստացնող դրամատիկական և թատերական միջոցներով, իրական կյանքի պատկերները ցուցադրելու և հանրությանը ներկայացնելու գերազնիվ գաղափարը:

——————–
1. Պետերբուրգի պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ N 777:
2. Շահ-Պարոն, Արցունքի ծով, Ալեքսանդրապոլ, 1912, էջ 13-14:
3. Արև (Բաքու), 1915, N 153:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։