Նինա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հիշողություն մանկությունից
Շառագունում է մեգը իրիկվա,
Կամաց-կամաց մթի մեջ թաղվում…
Ղրիմյան բակի դեղին պատերում
Գույներն են,
տաք գույները ժամանակի…

Կանգնել եմ ոտաբոբիկ,
Ներբաններով զգում եմ հողը:
Հասած թթի կապույտ արյունով են
Շուրթերս ներկվել:

Քնաթաթախ է օդը…
Զատիկը երկար, շատ երկար
Սողում է ձեռքիս վրայով:
Վաղը, վաղը ինչքան ասես
Կարող եմ ապարանքներ կառուցել
Դեղին ավազով…

Իրիկնային հովվերգություն
Իջնում է սարերից երեկոն սև հոտով,
Եվ ցածում խարույկի շուրջ
ծաղկում է կրակը,
Մեկմեկու ձուլվելով երկինք են սլանում
Անմարմին-ճերմակավուն
ձայները նրանց:

Իսկ բաց մանուշակագույն գոմեշները
Թափառում են ծանրորեն
Սառչող, կարմիր մոխիրներում երեկոյի
Եվ ռունգերով մանուշակագույն
ըմպում են անշտապ
Անբարբառելի մութ
իմաստնությունը հողի:

Պարուհին
Նվիրվում է հայ հինավուրց
պարուհի Նազենիկին
«Անչափելի էր գեղեցկությունը նրա, և նա ձեռքերով էր երգում…»
(հին հայկական ձեռագրերից)
Եվ կինը մի կողմ էր նետում
ճակատից խոպոպը,
Եվ դանդաղ ձեռքերը բարձրացնում,
Որ լինի բոլորինը և ոչ մեկինը…
Ե՛վ հրճվում էր նրա մարմինը,
և՛ թառանչում`
Համակված հայացքով ամբոխի,
Եվ ձայնը կոկորդում դողում էր,
Հանց եղնիկը թակարդում,
Օդը ցանկություններից դեղնում,
Լարված ճակատներին էր զարնվում,
Եվ տիեզերքի կենտրոնում
Ստի, կպչուն մտքերի,
կեղտոտ խոսքերի,
Անսեր հայացքների ու
չար լեզուների կողքին
Պարում էր կինը, կյանքն էր ցնծում…
Եվ սերն էր տերը նրա մարմնի,
Այդ վտիտ մարմնի համար
այնքան վիթխարի,
Եվ գունատ դեմքը նրա
փախչում էր մեզնից
Ու դեպի մեզ էր վերադառնում կրկին:
Գլորվում էր ժամանակը ծուռ,
թեք ու դեպի ետ,
Կայսրությունները խավարի
Փլատակների տակն էին անցնում,
Իսկ կինը մի կողմ էր նետել խոպոպը
Եվ ձեռքերը վեր, պարում էր, երգում…

***
Այգու կապույտ դռնակ…
Ա՜խ, ե՞րբ էր, ե՞րբ էր դա:
Երկինքը վայրի մեղր էր հագել,
Թաքուն կրակից կակաչն էր փքվել,
Կեռասով լի քարղանի վրա
Մեղուն էր ոսկեթև պտտվում`
Թուխ օդում ծածանելով
Գաղտնի նշանները ոսկե:
Ա՜խ, ե՞րբ էր, ե՞րբ էր դա:
Մայրս վարդագույն լաթով
Մեղվին էր քշում թասից`
Քանդելով գրությունները ոսկե,
Իսկ հենց գլխավերևում,
Ուր ոստն է, ոստին սերտաճում,
Տնարար սարդը
Ժանյակով շատ ամուր
Աշխարհն էր բարուրում երերուն:

Կրիան
Այնտեղ, ուր մանուշակագույն
արևով է ողողված
Կրակով բռնկված Լռությունը,
Հանց նեոլիտյան ժամանակի բեկոր
Նա փռվել է անշարժ:
Եվ նրա լայն զրահի վրա
Արևը իր տաք մոխիրն է ցանել:
Ասես ինչ-որ մեկի հառաչից մենավոր
Սևանում է թուփը ավազներում ճերմակ:
Այստեղ մի ժամանակ
ծիծաղել են երեխաները,
Այստեղ անցյալում ծաղկել է կյանքը…
Եվ ճռթճռթում են ողերը դարերի
Ծանր թաթի տակ հսկայի…

Հայկական միջնադարյան մանրանկարչություն
Հայաստանը երազում է
արյան ու գորշ մոխիրի միջով,
Իսկ այստեղ` վանքում,
խոնարհված գրին,
Նկարիչ Կիրակոսը
մանրանկարներ է անում,
Եվ կարմիրը կապույտի
հետ ոսկով է ծաղկում:
Տաք, սև տապը կախվել է
հինավուրց երկրի
Եվ թուխ սարսափից հյուծված
մանուկների դեմքերին:
Նկարիչ Կիրակոսը դրախտի
դռներն է նկարում,
Ե՛վ լուսավոր տերևներ,
և՛ գունագեղ թռչուններ:
Արարի՛ր, չէ՞ որ քո ազատությունն
Այնքան մեծ է չափերով,
մի ամբողջ թերթ է.
Այնտեղ ծաղկում է ծառը, և
կանաչ պսակի տակ
Պետրոս առաքյալն ու ավետարանիչ
Մարկոսն են կանգնած:
Կիսախավարից հարբած փռնչացող
ձիերի սմբակներով
Մասնատվել է դեմքը
հարազատ քո երկրի
Եվ վրձինը, լցված երկնային
կապույտի քնքշանքով,
Դողում է դրախտի խորանում մոլորված:
Շտապի՜ր, չէ՞ որ այնտեղ`
կրակվող ցեխերում,
Երեխաներին կրծքներին սեղմած
մայրերն են հեծեծում,
Եվ եթե դու հիմա դրախտ չնկարես,
Մահվանից հետո
ո՞ւր պիտի գնան նրանք`
Երեխաների ձեռքները բռնած…

***
…Ե՛վ գետը անհանգիստ,
Ե՛վ քարը արևից ճաքած,
Ե՛վ ժանգագույն, խանձված բլրին
Ուրվապատկերը կարմիր ցլի,
Այս ամենը երազում, երազում եմ տեսել:
Ցուրտ մայրաքաղաքում հյուսիսային,
Երազիս ինչո՞ւ է միշտ գալիս
Սև դոփյունը դեղին ճենահողին,
Եվ ամբոխնե՜ր,
ամբոխնե՜ր, ամբոխնե՜ր,
Եվ լաց ու ավերակ տներ…
Երազիս ինչո՞ւ եմ տեսնում
երկիրը պապերիս
Եվ այդ սարսափելի տարիները,
Խելակորույս մայրերի
ծամերը ճերմակած,
Դալուկ երեսները երեխաների:
Ինձ կանչում են այդ դեմքերը,
Որ մարմնավորվեն ու ապրեն
Հուշերում իմ այրվող:
Այս ամենը երազում, երազում եմ տեսել…

Բլուրները
Եռերգ

1
Բլուրնե՜րը, բլուրնե՜րը
դեղին ժամանակից վերև
Վառվում են կապույտ ցոլքերում:
Հանց հղի կնոջ որովայնում
Անցյալն է քուն մտել
սպասման վայրկյանում:
Բլուրնե՜րը, բլուրնե՜րը
Հողից աճած ոստեր են…
Տարված քնով ընդերքի`
Անցյալն է նրանցում խուլ շարժվում,
Ինչպես սաղմը վիթխարի:

2
Հովիտը, կրակով բարուրված,
Շողում է կապույտ բոցով,
Այստեղ են երբեմնի քաղաքները մեր
Գետնի տակ անցել:
Ինչպես են
կեսօրվա շողերն արթնացնում
Արնագույնը մասուրի պտղում:
Հպվում եմ հողին, լսում եմ`
Խորքից զուռնան է երգում հինավուրց:
Եվ ես տեսնում եմ մութ
ժամանակի միջով
Բլրի տակ թաքցրածը:
Այնտեղ թուխ աղջիկ է խաղում
Մեծ, դարչնագույն բզեզով:
Եվ ինչքան փխրուն են
գծերը մանկական ձեռքերի
Ծանր, բրոնզագույն ավազին:
Եվ զգեստը այնքան կապույտ,
Ինչպես երակները ձեռքի:
3
Բլուրնե՜րը, բլուրնե՜րը
Մեծ ու մերկ,
Միգուցե բլուրներ չեն,
Այլ նախնիներիս հառաչանքն է
Հառնում խավարից ընդերքի:
Այսպես ծանր շնչում են մեռյալները:
Ականջ դիր, ինքդ կլսես…

Բլուրնե՜րը, բլուրնե՜րը
Քար են կտրել
Կեսճանապարհին Երկնքի…

***
Այս ճերմակ ճանապարհը,
Ինչպես թափանցիկ աղոթք…
Իմ հայրենի հողն է`
Լցված արևով, սիրով…

Ուր ճաքած քարը մանուշակագույն
Լույս է ճառագում,
Եվ հորդում է հրե խոսքը
Հոգիները փափկասուն մանկանց:

Եվ այնքան մոտ է երկինքը հողին,
Եվ այնքան շատ է կապույտն անմեկին,
Որ ասես մահ չկա
Աստծու այս երկրին…

***
…Եվ ես հեռանալ էի ուզում,
Բայց կանայք իմ տոհմի
Բոլորը մեկտեղ,
Ե՛վ ծեր մամը մեծ,
Ե՛վ տատս լուսահոգի,
Որին ամուսինն էր ջահել ժամանակ լքել,
Ե՛վ իմ տոհմի մնացած կանայք
Բռնեցին ձեռքս
Ու դեպի քեզ հրեցին,
Եվ ես կրկին ցանկացա մեկնել,
Որովհետև աչքերիդ մեջ
Հանկարծակի ջահելացած
Ես տեսա զգույշ ու դանդաղ
Մոտեցող հովազին, որ փախավ…
Հա՛, ես ուզում էի փախչել,
Բայց կանայք մեր ցեղի,
Չսիրված, անքնքշանք, անհամբույր
Կնանիք վայնասուն դրեցին,
Աղաչանք, պաղատանք,
Քաշեցին իմ ձեռքից,
Մի՞թե ես կարող էի
Թողնել, հեռանալ,
Երբ կանայք իմ ցեղի,
Բոլոր կանայք իմ տոհմի,
Սիրատոչոր այդ կանայք
Քո սերն էին անկեղծ ցանկանում:

***
Կոպերը փակում ես, և
լողում են աչքերիդ առաջ
Պաստառները արևային,
Իսկ սեղանին կապույտ ջրով լի
Ջրաման է կապույտ:

Արևն իր շողերից
Ծիածանագույն հյուսքեր է հյուսում…
Նկարում նժույգները կիջնեն,
Գետից ջուր կխմեն:

Մայրիկը խաղողը ձեռքին ներս կգա
Երկար, մանուշակագույն խալաթով,
Հայրիկը պարուսինե պիջակով
Անկողնու եզրին կնստի,
Եվ լայն կբացվի պատուհանը դեպի բակ,
Եվ սենյակը ծիծաղով կլցվի…
Մահդ վարագույրներից դեպի քեզ կգա
Ու քնքուշ կժպտա…

Թարգմանությունը ռուսերենից`
Սուրեն ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։