Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

razmik-grigoryanԱՅՆՏԵՂ
Ուր Աստված ծնկել, տղա էր բերել,
շոգից կարկամած արևը կռանում է լվացվելու,
լեռներն իրենց ստվերները
ուռկանի պես լիճն են նետում,
աղբյուրներից թափվող
բյուրեղներ են վազում՝
հողը կանաչով զարդարելու,
կայծակը պատռում է ամպի փեշը,
ու երկինքը արտասվում է
անձրևի տեսքով…
Բարձրանում եմ վեր, աշխարհից այնկողմ,
քեզ մոտ եմ գալիս,
մեկնելու ես վերջին գնացքով,
թաց առավոտվա ծիածանագույն երկնքի միջով…

***
Շուրթերիդ բոլոր գարունները հավաքելուց հետո,
աչքերիցդ վերցնում եմ մեկ բուռ արև,
ու ծրարում սրտիս մեջ չմրսելու համար,
մազերիդ ու ձեռքերիս հպման կետում
զգում եմ քամին, շոշափում՝ սերը,
քո տեսքն ունեցող սերը
սրտեր սնուցող արևի պես տաք է,
արև դառած շրջում ես իմ մեջ
արյանս շրջանառության հետ…
Իսկ դրսում ձյուն է, քամի, բուք,
մեզանից տաքը գողանալու համար
ձմեռն ուզում է կոտրել ապակին,
վառարանում ճարճատում է փայտը,
սուրճի հետ ջերմություն ես լցնում բաժակների մեջ,
գոլորշու հետ պատուհանից դուրս է գալիս
մեկ կաթիլ գարուն, ու սպիտակը ներկում կանաչով,
կանգ է առնում ժամանակը,
ճչում՝ լռությունը,
սպիտակ փողոցում, ձյան տակ կքված
ծաղկում են բոլոր ծառերը…
Սուրճն ավարտվում է ծխախոտի վերջին ծխի հետ,
այսպես՝ ամեն առավոտ,
քեզ հորինելու և հուշերից ներկա կառուցելու համար
բացում եմ անցյալը,
որ ծնվում է ծխախոտի թանձր ծխում
և ավարտվում՝ առավոտվա սուրճի բաժակում…

***
Հոգեհամբույր ծիծաղը շուրթերիդ մեջ
արևներ է ծնում,
մազերդ խառնող քամին
քեզանից ջերմություն է քամում
ու վազում այգի՝ սնուցելու ծաղիկներին,
հեռացող անցյալը քայլերիդ հետ
կորչում է դատարկ փողոցում,
անցնող ձմռան պես,
ասես ոչինչ չի էլ եղել…

Գարնանը
Անավարտ երգերումդ
տանուլ եմ տալիս
կանաչ երաժշտությանս
վերջին նոտաները…
Կոտրված հայացքիս արտացոլանքից
սուրճի մեջ ծնվող գոլորշին վեր է բարձրանում
ու դիպչելով բետոնե առաստաղին՝ ջարդվում է՝
օդում մոխրահոտ թողնելով…
Սենյակում գարունը
քո պատկերով ձմեռներ է կարկատում պատերին,
մենությունը ձյունե կանաչ պատառիկներից զմրուխտ է հյուսում,
արձակում եմ անցյալի բոլոր կոճակները,
ներկաս փրկելու համար…
Անտարբեր փողոցում ինձանից պոկում եմ
տանուլ տված երաժշտությանս վերջին նոտան,
թողնում, որ մեռնի
սարը բարձրացող կանաչ ստվերների մեջ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։