Ասք ներբողական` Եղիշե Չարենցին
Ա.
Ազգ իմ ժայռազարմ,
Ազգ իմ հրածին,
Քեզ ո՞վ է տվել Փիւնիկը` Բազէն,
Որ գալարւում է վիշապ-հողմերիդ,
Սուզւում բոցերիդ երախը կարմիր,
Լափում լեռներիդ մրրիկը անծիր,
Քանդում ամեն մի
Կարմիր սուլթանի
Բռնագրաւած
Պարիսպը մթին.
Շանթում է երկնիդ շանթերից էլ թէժ,
Շեղբում դարերի սլաքը հրէ,
Շաչում,
Ոնց որ ամեն մի բառդ է դաճւում
Հանճարեղ մտքի Մագաղաթի մէջ:
Ո՞վ է տւել քեզ այդ Փիւնիկ հավքը,
Որ կոչումով քո
Շառագունանքը արշալոյսների` ծփուն թեւերին,
Նախշում է ամբողջ քո ծիածանները
Իր փետուրների՜ն,
Մի բեկոր հրաշք դնում բիբերին.
Համբուրում հողդ, ջրվէժներիդ պէս,
Գամւում, ծծւում է արևների բոց պորտին խոլաբար,
Հանում մի բեկոր բոց ատրուշանի,-
Մի պտղունց անդորր, անդորր մուժալոյծ
Եւ մի բեկոր լոյս հանճար շիկահեր
Այն հզօր բառից, որ քեզ պոկել է
Աստուածաշնչեան ծննդեան դարից,
Գամել մեր խելառ,
Բարկ թւականին…
Բարկ բախտիդ Բազէն
Կանգնել է ամեն դարի կատարին,
Քեզ խոստանում է` պարտքն իր կատարել,
Եւ ամեն դարիդ որոշեալ տարին
Քեզ պարգեւում է ԸՆԾԱՆ ՀԱՆՃԱՐԻ…
Բ.
Հազար
Ութ հարիւր
Ինըսուն եօթ
Թիւ:
Ծնկեց փիւնիկը արեւից իջած,
Ծնկեց գլխահակ
Ընդդէմ նայիրեան արհաւիրքների,
Ընդդէմ հրդեհի,
Ընդդէմ նայիրեան այրերում փչող մարմանդ հովերի…
Նա իր լերկ ճակտին բերել էր վառւող
Մի նոր արեգակ`
Թէժ ու ամեհի,
Ընդդէմ նայիրեան դաշտերում կանգնած խուլ խաչքարերի
Իբրեւ մրրկոտ մի Հողմ արնածին, արնոտ դարերի:
Երկի՛ր Նայիրի,
Քեզ ո՞վ է տւել տխրութիւնդ բիլ.
Դու, որ Մեռել ես գէթ հազար անգամ,
Գէթ հազար անգամ Յառնել ես նորից,
Քեզ ո՞վ էր ասում` քո թախիծն ամբողջ
Կարինէի մէգ աչերում լեցնես,
Որ Եղիշէն դեռ հազիւ դուրս եկած
Բազէի խորին եւ բորբ երախից,
Դեռ հազիւ արած չարութիւնները տխուր մանկութեան,
Դեռ թուխ պատանի տասնութ տարեկան
Ու դեռ կամաւոր գրւելուց առաջ
Եւ գրւելուց ետք
Սիրէր
Ծւարել իր բի՜լ քրոջ հետ
Կարսի պարտէզում մի նստարանի,
Եւ խմէ՛ր, ըմպէ՛ր նրա աչերի մշուշի միջից
Թախիծդ անծիր,
Երկի՛ր Նայիրի…
– Այս հսկայ գիրքը.
Ոսկեդարի լոյս, ճաճանչով կոփւած,
Դեռ քանի՞ անգամ
Պիտի թերթես դո՛ւ,
Հայկազուն պօէտ:
Նա սիրում էր բիլ թախիծը հոգու,
Որ իր վեհունի թեւածող Ոգու ամբողջ կայծերը
Լեցրեց ԽԵԼԱԳԱՐ ԱՄԲՈԽՆԵՐԻ
Պիրկ մկանների մէջ:
Նա որոնում էր մի հսկայ ՄԱՐՄԻՆ.
Գուցէ մի բագին,
Որ իր հրառէջ մարմաջը հալի,
Որ շղթան կոփի` խենթ իմացութեան,-
Եւ արհաւիրքի դժնի տեսիլքին
Զարկի իր մրճի,
Խելաթափութեան, բորբ սիրոյ կեանքի
Շանթահար, շաչող
Շառաչը հրծին:
Բայց յանկարծ,
Յանկարծ
Մարող թախիծը հանց մշուշւած կին
Յամբառնեց քո դէմ,
Ոնց որ Երկնային Մարիամն է գալիս
Յանկարծ երազի:
Գ.
Բայց յանկա՛րծ,
Յանկա՛րծ
Տխրութիւնը կոյր
Իբր հազար տարւայ գինու բոյր
Պագեց ծարաւ մեր հոգին,
Ու մենք տխրեցինք,
Մենք վերծանւեցինք
Մեր բիլ տխրութեամբ
Եւ մենք իմացանք,- ո՛չ, դա հաստատւեց,-
Կրկին եւ կրկի՜ն,
Որ նախնեաց պէս,- Մե՛նք
Կարող ենք ընկնել ու ելնել կրկին,
Ելնել երկնելով, կռւելով ելնել,
Տխրելով պայթել
Հանց նուռը` յաւերժ հեռու անտառի սաղարթներում լուռ:
Մենք նմանւում ենք լոկ – միմիայն Մէկին,
Եւ մեր կերպարը ստացաւ Մարմին,
Անանց թախիծի, վայրի պայքարի
ԱՆՀԱՇՏ կռւի մէջ նա
Կանգնե՛ց
ԳԵՏՆԻՆ…
Երազդ եղաւ`
Բանդագուշանքի սեւ իժ գալարուն,
Աշնան Կատարին
Սօսեաց անտառի օրօրմունքի պէս
շանթահար երկնում:
Վերջում գրեցիր խօսքդ առ Աստւած…
Ի խորոց սրտի,
Խոսքդ` քաւութեան
Ապաշխարանքի,
Հուսկ արհաւիրքի:
Դ.
Երգի՛ր, Նայիրի՜,
Մեր մեծ Երազը առնում է Մարմին,
Երգիր, Եղիշէ,
Անշիրիմ պօէտ,
Երկիր Նայիրի:
Ծնկեց փիւնիկը արեւից իջած,
Ծնկեց գլխահակ,
Ընդդէմ Նայիրեան արհաւիրքների,
Ընդդէմ Արեւի,
Ընդդէմ Նայիրեան դաշտերում փչող` հիւանդ հովերի,-
Նա իր լերկ ճակտին տանում էր հրդեհ,
Մի նոր արեգակ` բորբ ու ամեհի,
Ընդդէմ Նայիրեան դաշտերում կանգնած խուլ խաչքարերի
Հո՜ղմը`
Դարերի…
Երկի՜ր Նայիրի,
Քեզ ո՞վ է տալիս
Այդ հաւքը` Բազէն,
Սուզւող լեռներիդ մրրիկը անծիր…
Քանդող ամեն մի վայրագ սուլթանի
Բռնագրաւած
Պարիսպը մթին:
Երկի՛ր Նայիրի,
Քեզ ո՞վ է տւել տխրութիւնդ բիլ,
Դո՛ւ, որ` սպանւել ես գէթ հազար անգամ,
Գէթ հազար անգամ` յառնել ես նորից.
Երկի՛ր Նայիրի՜,
Քեզ տանում է քո փիւնիկն հրաթեւ,
Դէպի հրազուն,
Հրածին արեւ…
…Քեզ տանո՜ւմ` իբրեւ
Ողջակէզ մարմին,
Քեզ տանում է, որ զարկէ արեւին,
Ելնի հուրերից,
արեւին դաճէ,
Երկի՛ր Նայիրի՜,
երգի՜ր,
Եղիշէ՛…