***
Մի՛ փակեք ձեր աչքերը լուսաբացին`
մեղք է անկողնում շնթռած ապրելը,
մի՛ այպանեք կյանքի սերը ներսի –
բացեք ձեր աչքերը լուսաբացին:
Սերն է կյանքը, թե կյանքն է սերը,
ամեն ոք այն յուրովի է մեկնում,
ի՞նչ է թաքնված այս խաբուկի մեջ`
հորս արև, թե բան եմ հասկանում:
Չբռնեմ մեկը մյուսի մեջ հեղեմ,
անսահման սիրով, բայց անտրամագիծ,
և լուսաբացի լույսերի միջից
մի փունջ լույս քաղեմ անբանական:
Ծաղիկ կլինի դա, թե դամբանական –
դուք կտեսնեք իմ շողացող դեմքը
և քարեդարի մի առակ-ժպիտ,
և նոր ծոցվորած ծիրանի մի ծառ:
Եվ կշշնջան կողքից շողշողան
նշենու ծառս, փշատենիս նախշուն,
և կյանքիս ուղեկից սիրած կնոջս
մի քահանա կասի.-Աստված օգնական:
Ամոթխած, բայց սևուկ աչերով սիրուն
նա կնայի երկնքի սևմութ ամպերին,
– Աստված պահապան,- լուռ կարտաբերի՝
ինձ ու սև հողին հազիվ լսելի:
ԱՆՍԻՐՏ ՊԱՏԿԵՐ
Խելքս թռցրել եմ ես այս տարիքում,
Հեռանում եմ սեղաններից անգլիական ձևով:
Կնոջս անգամ սկսել եմ սիրել իրենից թաքուն,
Որպես ապաշխարանք՝ քնելուց առաջ մի շիշ
Գարեջուր եմ կոնծում:
Ժամանակն ինձ անընդհատ
Հավասարակշռությունից է հանում,
Եվ ես 20-րդ դարն առանց կոմունիստների եմ հիշում,
Ուր Մոսկվան երբեք իմ մայրաքաղաքը չի եղել:
Երևանում չեմ ուզում մնալ, չգիտեմ թե ինչու.
Չէ՛, խելքս թռցրել եմ ես այս տարիքում:
Աշնակ չեմ ուզում գնալ, բայց Ջաղցի ձորը
Հորս ձայնի արձագանքով ինձ է կանչում:
Ելնեմ-գնամ երևի, քանի դեռ ձմռան մութը չի ընկել…
ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԲԱՌԵՐ
Էլ չեք սիրվում ապաթարցով օծված մտքեր –
սուրսայր լեզվով գրիչները դեռ ապրում են
անագորույն մեր կյանքից վեր` ավեր, ավեր:
Տիեզերական ինչ-որ դաշտում ահասարսուռ
մի շրջմոլիկ հայ գաղթական՝ ճակտին դաջած
«բարև արև», թափառում է միտքն անկատար:
Չգիտեմ, թե ի՞նչ աշխարհ է դա – ջրածին –
բնակիչներ են անհասկանալի` սևուսպիտակ և խառնածին:
Նրանք ապրում են լռության մեջ թովիչ ու հոգեհմա.
այս ի՞նչ անկապ խրախճանք ես մոգոնել դու
ազգությամբ հայ թափառական Անրի Թրուայա:
Ո՞ւր եք թռչում, խեղված մտքեր անուղեկից –
ապաթարցով այսօր ոչ ոք էլ չի գրում –
գոռում – գոչյուն և աղեկեզ դեր է խաղում
սևուսպիտակ գլխաշորով սուրող քամին:
Միայն մայրս է արտասվում – ասեղ կլլած
լուսահոգի մեր շան լացին հար և նման ու
ոսկեթել հիշողությունը կորցրած,
աչքի մեջ ճերմակ սուրմա է կրում
ու չգիտի, որ վանդակում է բնակվում
և չի նշմարում լույսի ճիչը համր, ու
մութի մեջ խավարասերների հույսն է թիավարում,
և հավատում է, որ առ այսօր և այսուհետ, հավիտյանս,
Աստված մարդկանց իր հոգու մեջ է տեղավորում,
այնտեղ` ուր իմ մորենական աչքերը ծանր լույս են նշմարում:
ԱՄԱՆՈՐԸ ԷՐԳՐՈՒՄ
Սասնո գավառի մեր տան նկուղում,
մի պարապ տակառ կար`
սարդոստայնով լեցուն:
Կոտրած մի կճուճ և անձեթ ճրագալույց,
հազիվ նշմարվող նախշազարդ մաշիկ:
Լավաշ բացելու կլոր սեղանին`
փտած գրտնակ և ցեցը կերած`
դժգույն մի գոգնոց, և
պարմանուհու ապրշումե շապիկ`
տրուբադուրյան սերերով օծուն:
Կար մի թարեք անբույր` լավաշահացի,
և մի փրթած մախաղ, գլգիլի ողկույզ –
արծաթե փոշով պսպղուն:
Եվ առաստաղն ի կախ, ամեն-ամեն բան,
հարյուր տարեկան, իբրև պահունի,
իր ու առարկա, Աստված օգնական,
զսպված լույսի տակ լուսատտիկի-
շատ էին նման, հորս գերեզման,
հուրուհավիտյան կախվածի:
ԲԱՌԵՐԻ ԽՐԽԻՆՋԸ
Բառերը հրեղեն ձիու նման խրխնջում են ներսից,
Պայթող աղբյուրի մեղրաջրից սերված,
Մատաղացու աքլորն է թպրտում ժամի շեմին,
Պոետի միտքն է թևածում խատուտիկի պես ազատ:
Սանձարձակ մի նժույգ` առանց զանգապանի,
Ծառս է տալիս կորնգանի արտում գունազարդ,
Հորս ստվերն է խիզախ հեծվորը Դոն Քիշոտի,
Որ ձգում է լկամն ու խրխինջը զսպում`
Կորնգանի արտի հրեղեն նժույգի:
Հորս ստվերն հանկարծ դարձավ բեռնաձի,
Մի թուրիկ գլգիլ, մի երկանք բարձած,
Շարժվում է հազիվ քայլքով պայթածի:
Հայրս փնչում է Քուռկիկի հանգին`
Թքում Էրգրում կռած լկամը բերանից,
Կողքից քայլում են ջրաղացպան Գեղամը
Եվ չխչխիկը ձեռքին Մովսես Խորենացին:
Բառերն այսպես խոնավ խրխնջացին անհաշտ
Ճրագալույցի սուրբ գիշերից սկսած.
Մինչև մութն ու լույսը Ադամի,
Մինչ ի շիլ և թաց լուսաբաց:
ՄՏԱԾՈՒՄՆԵՐ 100 ՏԱՐԻ ՀԵՏՈ
Երբ առաջին անգամ մտածեցի մահվան մասին,
Թոռնիկս վազեց, հասավ ինձ, ճչաց ու թռավ գիրկս
Նա տեսիլքը հեռացրեց ինձանից:
Երբ երկրորդ անգամ մտածեցի մահվան մասին,
Որոշեցի մեծ թոռանս հարցնել, արդյո՞ք
Սիրած աղջիկ ունի նա – այս օրերին –
Այսպես սև լույսը չքվեց սպիտակ թղթից:
Երբ երրորդ անգամ մտածեցի մահվան մասին,
Երազում Գաբրիել հրեշտակը էկավ շրջայցի,
Ասավ՝ Ռոլա՛նդ, մի աշխարհ գործ ես գլխիդ կուտակել –
Խելռած պառկել, ի՞նչ ես մտածում,
Թափ տուր քեզ, իշխա՛ն, բնիկ սասունցի.
Դու ծնված օրից երկու բույն ունես`
Ծիծեռնակներն են օրեցօր հյուսել,
Թե՛ երկրի վրա և թե՛ երկնքի…
***
Իմ ցասումը ծերացել է`
էլ ուժ չունեմ ես ի դերև,
միտք եմ անում, թե ի՞նչ երկնեմ
այս հասակում փշատերև,
ինչքան հեռու ես մնացի
հանցանքներից բազմակաշառ,
աստվածատուր կյանքից հեռու
մութուլույսի մեջ ծաղկեցի
ես, ի տրիտուր, բայց անկատար:
Քանի՞ մարմին ներող եղավ
իմ գգվանքի արշալույսին,
քանի մեղու խայթեց լեզուս`
Մարիամ տատս սպեղանի:
Շատ եմ հոգնել ձեզնից քամի –
ստվեր, ծիծաղ, ստորություն
և թույն, որպես նռան գինի:
Օ՜, նվիրյալ, աստվածային`
ուժ զինական և հողածին,
փառք ու պատիվ և բարեսեր –
ներկան միշտ էլ ամբարիշտ է`
գրկախառնված անցյալի հետ –
կուզես ապրիր, կուզես մեռիր.
կյանք սիրելի և անբասիր,
բայց դե, միտքդ դու մի՛ սանձիր –
դեպի երկինք, լույսերի մեջ:
ԼՈՒՅՍԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Լեռան հառաչ է լսվում ամենուր
այս օրերին դժնի –
յոթծովիմերան երկրիս փանջարաներն են
բաց` հազար ու մի,
ու տա Աստված, որ մի օր
նստենք սեղան վայելքի,
դիմակահանդես կլինի օրն այդ
առանց դիմակի –
վկան՝ անտես Մարաթուկը
իմ հայրենի Սասունի…
Յոթը օրենք գրենք գինով,
յոթը կանոն` բնական,
առանց թղթի, նույն գրիչի`
աղն ու հացը փաստաբան –
ի՞նչ իմանաս, թե կյանքը մեզ
ո՞ր մէ նոր ափն է նետելու –
սատանան է այդ նոր ափի
տեր Աստվածը լինելու:
Նռան գինով ստորագրենք
օրենքներն այդ բաղձալի,
նավը լեռան վրա թողած՝
բախենք դուռը առավոտի…
***
Բառերն այս առավոտ երկնքից էին թափվում ցած,
հեքիաթի խնձորների նման` ըմբոստ,
բայց աչքերը թաց:
Նրանք անհամբեր սպասում են հեքիաթասացին,
թե ե՞րբ պիտի ավարտին հասցնի այն,
և, ըստ ավանդի, եռաշար իջնեն Հայոց Աշխարհ,
թեև ոչ ոք չի տեսնում, ինձանից բացի,
փոցխած բառերի այս խնկահոտ խաշամը,
որ իջվարել է երկնած երկնքից գլխիս մեջ ալեհեր:
Աչքերս փակ, միտքս սահում է թացաչք
բառերի վրայով,
ականջներս խշշում են, երբ քամի բառն անցնում է
ցորյանի ծովերի փրփուրների միջով,
ուր խաշխաշները
դիմադրում են հանդիպակաց քամուն
և մերթընդմերթ առէջահան լինում:
Բառեր, բառեր, բառերի հեղեղ են, որ
ամենուրեք թափվում, թափթփվում են ցած,
գլխիս մեջ կյանքն էլի ձգձգվում է օր օրի,
և ջութակի կնտնտոցը դուռս է թակում
ապրիորի: Կյանքն էլի կրկնվում է,
հետո գլորվում է կինո Նաիրիից
Նուբարաշեն, դեպի Էրեբունի և Ճենաշխարհ:
Ես տեսնում եմ մորս դեմքը հիշողության
անդարձ լույսով պարուրված, թեպետ գիտեմ՝
այս պահին Ժասիկն ինձնից թաքուն ծերանում է,
իսկ թոռնիկներս մեծանում են հոր կարմիր ուժով
և մոր ճերմակ կաթով:
Բառերն էլի հորդառատ թափվում են ցած,
թռիչքի պահին զարկված լորիկների նման:
Թեև դրանք այն չգրված բառերն են լռակյաց,
որ ապրում են աշխարհ կոչված
մնջախաղի թատրոնում:
Շատ տարօրինակ մարդ են այս աշխարհի մարդիկ –
նոր աշխարհ են ուզում շինել – առանց հայության,
բայց նրանց միջոցով, որպես առհավատչյա:
Խելքի աշեցեք, սին թափառականներ –
ամեն հայ գրպանում որձաքար ունի պահած
և մի Ծով հայրենիք, և Հայոց լեզու ոսկեղենիկ,
և ճշմարտության պակասն այս աշխարհի մեջ
խելակորույս, լրացնում է ճշմարտություն հորինելով –
բնակեցնելով այն իր անվերջ բաբախող սրտի
և ուղիղ վարքով ապրող և տնքացող հոգու մեջ:
***
…Ինչ-որ մեկն ինձ ծանր գրիչ է նվիրել
և դրանով ինձ հակադրել աշխարհին:
Ո՞վ է նա, ինչո՞ւ է հենց կառչել
իմ բնությունից չնաշխարհիկ:
Ինչ-որ մեկն ինձ զինվոր է կարգել
ու կարծես գիտի-երևի,
որ շաղգամ գողացողն էլ եմ ես`
իմ անուշ մեծ մայրիկի բոստանից:
Ինչ-որ մեկն ինձ թևեր է բաշխել-
և այն էլ սուրբ լեռան բազեի,
բայց ինչ-որ մեկն էլ լեզուս է կտրել
ու թաղել անապատում Դեր-Զորի:
Ինչ-որ մեկն ինձ ժահր է ներարկել,
որ աշխարհով մեկ պոռամ ու կանչեմ-
շանորդու շուն արարածներ. վերջ`
ԵՌԱԳՈՒՅՆՆ այլևս գաղթական չէ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Տիեզերքում միայն մարդկային հոգիներն են, որ
անտարբեր չեն երկրային կյանքի հանդեպ –
այնտեղ սերն անսահման է և անկշռելի:
Այստեղ երբ սիրում ես, ժամանակը կանգ է առնում:
Այնտեղ դժոխք չկա` ես չեմ հավատում,
մանավանդ, Աստված ստեղծել է մարդկանց
և մահի միջոցով հավասարեցրել նրանց:
Բոլոր մարդիկ հավասար են, ուստի և
հայերն էլ են երկնային թագավորության արժանանում,
թեպետ այստեղ երբ սպասում ես կանգառում –
Դեր Էլ Զորի անապատի կրիա ես դառնում,
բայց երբ Մարի թոռնուհիս տիկին Էլիզեի մոտ
դաշնամուրի դասեր է առնում, ես լսում եմ,
լսում, անվերջ լսում նույն խազը ջղային,
և ժամանակը, գաղթականի անձնագրով
մայր Արաքսի ափերն ի վար հոսելով,
վերածվում է ջրի և անձայն անէանում:
Իմ ստվերը մնում է գետափին գամված,
իսկ կողքիս կանգնած դրացիս խորոված է անում –
Շառոյան Ռոլանդին ճանաչո՞ւմ ես,- ձայնեց ստվերս,-
հա՛,- ասաց,- բանակիս ընկերն էր` սեվեռսկիի,
գետի մեջ մտավ և ձկների հետ քայլեց դեպի հյուսիս,
ասացի,- ախպե՛ր, է՞ս ուր ես լողում,- ասաց՝ գնում եմ
դեպի սկիզբը ծովերի, թե չմեռնեմ ձեր գործած մեղքերից
և ծնկներս դիմանան էս քայլքին, կգտնեմ երկրիս
սկիզբը երևի և կառամատույցը Նոյյան Տապանի,
թեև մարդիկ այնտեղ շատ վաղուց փոխակերպվել են
խուլ ու համր, բայց ծաղկած տապանաքարերի:
…Հենվում եմ անցյալի վրա – հերոսներ խոնարհ,
մի փշուր հաց ու մի ափ ջուր:
Ոտքերս խրվում են կեղտի մեջ, երբ ուզում եմ
ներկա ժամանակ կերտել – մի մութ մարդ
գամում է իմ պարտեզն իր ավազին –
ներկան հույսի նշույլի մեջ է տեղակայվել,
իսկ ապագան ինձ անծանոթ բարձրյալի
հետ է կենակցում՝
վերածվելով լուսավոր հորինվածքի:
Բայց ես շարունակում եմ հավատալ քեզ`
դժվար էրեխու նմանակ – իմ անուշ Հայաստան:
Եվ հավատում եմ, որ այսօրածին մեր երեխաները
ժպտալով կիջնեն հայ զինվորների գրկից,
կթաքնվեն ծաղկած ծառերի բների ետևում
ու կթելադրեն իրարու հետ պահմտոցի խաղալ:
Վե՛րջ տվեք, իսերասու, հոգեխեղդ լինելու
այս գորշ ու նանիր բարբաջանքներին –
հայ մարդը պետք է ծնվի, ապրի քաջարի – անբասիր,
ու երբ որ ժամը գա հանդերձյալ աշխարհի,
տաք շուրթերով համբուրի աչուկները լուսաբացի: