Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԲԱՐՍԵԼՈՆԱ

Տեսնել, տեսնել Աշխարհը…
Օ՜, Բար-սե-լո-նա՜…
Քո լայն պողոտայում տարաշխարհիկ
Պալմաների վրա ծղրտում են բարձրագոչ
Թութակները…
Թութակները կարմիր, դեղին, կանաչ փետուրներով:
Հանճարեղ Գաուդիի շինվածքները
Ասես չամիչներ են` կառուցիկ քաղաքի
համաչափ միակերպ շենքերը զարդարող
Օ՜, Բար-սե-լո-նա…
Ես չտեսա գեղեցիկ իսպանուհիների,
Մաչոները քո կարճլիկ են ու սև,
Իսկ զբոսաշրջիկները վխտում են
Առույգ քստացնելով հին սալահատակին:
Ռամբլա փողոցում չկա ոչ մի քանդակ,
Այն զարդարում են մարդ-արձան տրուբադուրները:
Ահա ոսկեզօծ դեմքով, զգեստով ու փայտիկով
Ոսկեհուռ գահին բազմել է կախարդ փերին ժպտերես…
Օ՜, Բար-սե-լո-նա…
Նավահանգիստը հսկում է բարձրից պղնձե
Արձանը հանճարեղ Կոլումբոսի:
Իսպանական պալատը քաղաքի բարձունքից
հսկում է հրապարակում տարածված
կարմրաշեկ կառույցը տորեադորյան,
Այլևս չկա ցլամարտի հրաշքը:
«Գթասրտությունից» նորօրյա վերացվել է Կորիդոն,
Ցլամարտիկները դարձել են զբոսավար,
իսկ մարտիկ-ցուլերը վերածվել են վաղուց երշիկի,
Բացի հզոր մարտերից նրանք անպետք են ավա՜ղ:
Կառուցիկ մուտքը հյուրանոցի ողջունում է
Իսպանական աղմկոտ խոսքով:
Իսկ բակից բացվում է խիստ մտերմիկ պատկեր.
Ահա երկրորդ հարկում տարաշխարհիկ բույսերով
զարդարված ճապուկ մարմինները
արևին փռել են կատուները` սև, ճերմակ ու կարմրաշեկ:
Այս մեկ բնակարանից ձգվում է պարանը,
Տանտիրուհին անփորձ փռել է շորերը խառնիխուռն…
Կյանքը եռում է ասես կարմիր խեցգետինը կաթսայում:
Բոլոր ծագերից հայտնված մարդիկ շատ հմայիչ են:
Կարկինով գծված փողոցներիդ ճակատը
12 քայլ է կազմում,
կատալոնացին դա գիտի:
Քո հանճարեղ տաճար-եկեղեցիները
հայտնվում են նեղլիկ փողոցներից
յուրաքանչյուրի վերջում…
Շունչս կտրվեց Օ՜,
Օ՜, Սագրադա Ֆամիլյա…
Բազմագույն քարեր, շպիլներ դեպ երկինք
և բարձրակռունկներ…
Այս տաճարը շինվելու է հավերժ…
Ես մեկնեցի մի պայծառ օր, բայց
մտքումս հնչում է բասկյան ֆլամենկո՜ն…
Օ՜, Բարսելոնա,
Ես
Կվերադառնամ
Անշուշտ…

ԵՎՐՈՊԱ

Օ՜, Եվրոպա, քո համար
Արտասվում է յոթ վերքերից
Խոցված Մարիամ Աստվածածինը
Սուրբ…
Դու մոռացել ես պատվիրանները,
Դու հեռացել ես հայր
Աստծու հովանուց.
Այլևս չկա-չիք ընտանիքը
սուրբ հայր-մայր-զավակ
Քո ճամփան ուղիղ
գնում է դեպ Սոդոմ-Գոմոր,
Ճակատագիրը, ճանապարհը խոտոր
ընտրել ես դու,
Օ, Եվրոպա, քո մշակույթը
հանճարեղ, քեզ այլևս
Պետք չէ…
Խաչակիրները զոհվեցին
Օ, իզուր, իզուր…
Սիքստինյան Մադոննայի
աչքերից հոսում են
արցունքներ,
Քո համար, Եվրոպա,
քո համար…

***

Աստված փնտրելու
ճանապարհին ես
գտա Ուշիի սուրբ
Սարգիս եկեղեցին, որ
խոնարհված է
և խոստացա
ջանքեր չխնայել
այն վերականգնելու
համար,
Ծիրանի գոտին կամար
կապեց, գրկեց ինձ
և ուխտը իմ:

ՊԻԱՖԻՆ

Ոչ, չեմ ափսոսում ոչնչի
համար, ինչ արել եմ:
Ես ցավում եմ, որ չեմ թռել
Օդապարիկով` Տաթևի բարձրունքներից
դեպի հորիզոնները անծիր,
Ափսոսում եմ, որ չբարձրացա
Խնձորեսկի քարանձավները հեքիաթային,
մեկիկ-մեկիկ, գուցե թե
գտնեի ինչ-որ իր, ինչ-որ
գաղափար կորուսյալ,
Ափսոսում եմ, որ մորս
չտարա քաղաքը Կապան,
ուր ապրել էր հանքախույզ
ամուսնու հետ, երբ դեռ
չէր ծնվել առաջնեկը`
Օ՜, քույր Ռոզա.
Ափսոսում եմ, որ ոտքով
չբարձրացա Արագածի սուրբ
լիճը սառնակունք:
Ես երբեք չիմացա իմ տեղը,
Ես երբեք չիմացա իմ չափը
իմ չափը` անչափ է…
անչափն է…

ՖՈՒՏՈՐՈԼՈԳԻԱ

Այնտեղ, ուր կթռչենք`
Ապագա մոտալուտ,
Քսաներկուերորդ դարում, կլինի ամեն-ամենը
ԱՐՀԵՍՏԱԾԻՆ,
Նեոնային արևը դուրս կգա
արևելքից,
կեղծ գազոնը, հոլոգրաֆիկ
ջրվեժը 3D պատկերով
կստեղծեն զուգահեռ
աշխարհներ, աշխարհներ
նանոտեխնոլոգիական
Կսնվենք վիտամինների
փնջով հագեցած իբր
կոտլետով, կխմենք
թթվածնով հարուստ կոկտեյլ,
Բայց գիտեմ, միայն
ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏԸ ՍԵՐԸ
չեն լինի մեքենայորեն, մեքենածին,
կեղծ:
Երեխաները լույս աշխարհ կգան,
կսիրեն, կմահանան
նույն կերպ, ինչպես
արարել է հայր Աստվածը`
ի պատկերի
յուրում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։