Զավեն ԲԵԿՅԱՆ

***
Քառատողով գրել,
երբ ջահել չես արդեն –
դա նույնն է` ինչ ծերը
դիմի ձեռնափայտին…

Քանզի տողը ազատ
խոյանքի է տանում,
ազատ ռիթմն` անկաշկանդ
սանձարձակության, երբ

հովատակը պոեզիայի
սլանում է անսանձ,
ու պետք է մնաս պինդ`
մեջքի վրա անթամբ:

Քառատողում հանգի՜ստ
դրվագում ես վարգդ`
մի կերպ պահպանելով
հին հեծյալի վարկդ…

ԻՐԻԿՆԱՄՈՒՏ
Մարմրում է
նման
համրի
մրմունջի
մարմանդ
մարմրում է
անուրջե
կամուրջ է
այնկողմնա –
տար Տար
մարմանդ
մարմրում է
համրի
մրմունջ է
մայրմտոց
մայր
որբ
հոգատար
Տար…

ՄԵՆԱԳՆԱՑԻԿ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ
Կեռքիթ,
ճոճվող հանց
Կլեոպատրայի
նավը
(ողբում է
այնտեղ
Կեսարը
ցավից):

Էլ ի՜նչ,
էլ արդեն
դեմքդ
աբրեշում
շներն են
միայն
կաղկանձով
հիշում…

ՀԵՌԱՑՈՂ ԾԵՐ ՓԻՂԸ
Մեջքիս – ամբարած իմ
իմաստության Բուդդան –
տանում եմ, այստեղ էլ
ոչ ոք այն չի կարդա…

Խորքում թավուտների
հմայախոտ են ծխում:
Լուսինն է երերում`
ասես ոսկե խխունջ:

Զանգուլակներս` աստ,
երեխեքին նվեր:
Հեռանում եմ ես հաշտ –
ասես չեմ էլ ծնվել…

«ՎԵՈԼԻԱ». ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՍ
Նույն տեսարանն է միշտ:
Աբովյան 66 – ից,
պատուհանից իմ այս`
անդ – Մայր Հայաստանը,
Հաղթանակի այգում:

Ռակուրս 1.- Զնգուն
ամռանն այսպիսին է –
ստվերը թրի շեղբի
ընկնում է հենց կոնքին:

Ռակուրս 2.- Իմ մեջ`
ջրերը զարթոնքի
(«Վեոլիայից» պրծնե՜լ…):
Հրեղենս` թամբած…

Ռակուրս 3.- Ամպած
օրով, մշուշի մեջ`
օրորվող-հեռացող…
Մայր է մի կարեկցող…

ԻՄ ՀԵՐԹԱԿԱՆ` «ԾԻՐԱՆԱՎՈՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Ասես Անդրոմեդայի
միգամածության
Անտարես պայծառ աստղից –
«Անտարես» հրատարակչությունից
իջավ տպաքանակը
ծիրանագույն կազմով
ու մոլորված մակաղեց –
զի խալխն այլ բանի էր
և ոչ ընթերցեր զբանն…
Ու մոլորված մակաղեց
Աստծո գառան պես:-
Ու ի՞նչ արվեր, որ…
Խաչեինք – մաշկեի՞նք…
Եվ մակաղածը
եղև մատաղ,
որ յոթ տեղ բաշխեցինք,
առնելով երբեմն քամահրանքի աղը
ընծայաբերման ափսեի հատակին…
Եվ հազա՜ր մարգարիտ թափենք,
բոլորն էլ` բրոի բրոի…-
Ու կրքոտ խռխռոցով
Լեգիոնը թող տրորի…

ՆԵՐԲՈՂ ԼՈՒՍՆԻՆ
Հիմա, քսանմեկերորդ դարում,
քո վրա ավելի շատ
մետաղի ջարդոն կա,
քան` ռոմանտիկա ու խորհուրդ
(հանգած մարտկոցներով, լքված
լուսնագնացներ զանազան,
Նեյլ Արմսթրոնգի
սկաֆանդրի պոկված կոճակը,
մի դանակ` հրեշտակների թողած,
որով ձմերուկ են կտրել…):

Ավելի շատ մետաղի ջարդոն կա,
քան` ռոմանտիկա ու խորհուրդ:

Բայց էլի իմ յարն ես դու,
պոետի քնարն ես դու…

Էլի` մինչև չամպի` չկորչես,
արտերը չեն մտնի քուն:
Արտով անցնող իր ճամփով
չի գնա մեկն իր յարի տուն…

Էլի վայրի մեղրահացի պես ես,-
ծորում է քո քաղցր լույսը:
Էլի քո անքուն ընկերն եմ
ու խելակորույսը…

ՄԹԱԳՆՄԱՆ ՏԵՂԵՐ
Թերթում եմ գրքերս
հերթով (վերջերս
շատ եմ թերթում),
հանց ծերն` իր
օրագիրը – գոհ եմ
(թեև` չի կարդում… երկիրը):

Դուստրե՜րս սիրուն – և, իրոք,
մեկը մեկից սիրուն-տարբեր են
(թեև` քննադատներն անտարբեր են –
բամբասեի՜ն գոնե պառավի պես…):-
……………………………………….
Ոչ ոք չի գա խնամախոսի,
թեև դուստրերիս աչքունքում
հենց ինքն` Աստծո լույսն է հոսում…

Լույսը` լույս – ցնծուն են
ընդհանրապես,
բայց գիտեմ` տեղեր կան
խրթին-միստիկ:
Բայց հո չե՞մ գրելու մերկ-պարզ`
հանց կոմունիստական այն
մանիֆեստը…
Անվանենք «մթագնման տեղեր»:
(Մի գրագետ շշնջում է.
«Դեռ հո՜ւյս կա…»):
Բայց ո՜վ գիտի, գուցե սև խոռոչում
ամենից ավելի՞ շատ լույս կա…

ՀԱՆՃԱՐԻ ԱԿՆԹԱՐԹԸ
Խոստովանեմ, երբեմն
նշմարվել է հանկարծ,
ինչպես մի գեղուհու…
ազդրի ցոլքը – մի պահ –
փեշի ճեղքից, ապա`
արագ անհետացել…

Հանց հայելուց ընկած
արևի շողքի հետ
խաղա երեխան – ձեռքը
տանի` բայց կորե՜լ է…

Մարդուս հայելու մեջ
Աստված մոլորվե՜լ է…

ԵՐԵԿՈ
Եվ երբ վերջալույսն է
անհույս մի հիվանդի
աչքի պես մարմրում,
հեթանոս լապտերներ են
կտղուցաջեռ կարմրում
մայթերին, կամուրջի տակ…

Օ, մի նո՜ր Ամստերդամ…-
Եվ այս տողը վրձնելիս
էլ ինչո՞ւ կարմրել:
Արի՛, արի երգենք
քաղաքն այս, Ժակ Բրել…

Տեղ չկա իմ բառերին
այս ոստանում կամ ունկ,
ուր լսվեն կամ ննջեն –

քաղաքը գոտիների է
բաժանված միլպետների ու
մուրացկանների միջև…

ՀԱՐՑՈՒՄ
Գրելով իմ գիրը,
և աջակցությամբ Քո,
ջանում եմ արարել
մի բան` շնչիդ ներքո`
կատարյալ, քան ինքս
(գոնե հուսում եմ դա…):

Սակայն, սակայն… Ո՜վ Դու,
Կատարյալից էլ` վե՜ր,
ի՜նչ կարիք ունեիր
այս աշխարհն անկատար
արարելու – ի՜նչ փույթ…-

Վրիպո՞ւմ էր անփույթ,
իսկ ժամանակն ինքը`
աղե՞տն Հավերժության…

Հավանաբար սա է –
Գոյը` Բանն – «Եղիցին»,
հեղված քո ոսկին է`
ժողովվողը նորից
բանաստեղծի խոսքով
(որ բայց Քո՜նն է կրկին…):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։