ԲԱՐԴՈՆ / ՆԱՆԵ

 

 

Մինչև այդ ամենաշատը երկնքին էր նայում, բա էլ ո՞ւր պիտի նայեր` մանկասայլակի մեջ պառկած կամ սրա, նրա գրկում աջ ու ձախ ճոճվող գլուխը ետ գցած: Ամեն բան սկսվեց, երբ առաջին անգամ վայր ընկավ: «Առաջին քայլերից դժվար բան երևի թե չկա այս կյանքում». այդ էին ասես ճչում երեխայի լայն բացված աչքերը, երբ նա փափլիկ տոտիկները մոր աչալուրջ հայացքի ներքո փորձեց ինքնուրույն առաջ տանել: Երկու քայլից երերաց ու… հայտնվեց հատակին: Բայց նույնիսկ չզգաց, որ ծնկները ցավեցին.  մտածածն ուրիշ բան էր.  «Ըհը, իսկը ինքն է». հենց այդպես` փորի վրա պառկած, ծալված ոտ ու ձեռով, թուշիկը հպեց գետնին ու մնաց: Հողն ամուր էր, ապահով, ու անցավ քիչ առաջ զգացած վախը: Դրանից հետո աչքն ու միտքը այդ ապահով հանգրվանից գրեթե չէր կտրում:

Երբ մեծացավ էլ, ամենակարևոր բանը նրա համար ապահովությունն էր: Բարդոն, որ իր անունը Բարդուղիմեոս պապի պատվին էր ստացել, ամեն մի իրավիճակում նախ ծանրութեթև էր անում ապահովության դեմ թաքուն թե անթաքույց վտանգները և նոր միայն որևէ վճիռ կայացնում կամ քայլ անում: Ու երբ կյանքի մեծ շրջադարձերի տարիներին բոլորը նախ պարտքեր, հետո էլ վարկեր էին վերցնում` մանր ու մեծ խնդիրներ լուծելու համար, ամբողջ գյուղում միայն նա մնաց այդ հարցում անդրդվելի ու ընտանիքի անդամներին էլ թույլ չտվեց գայթակղությունների մեջ ընկնել: Հոր պես բոլորին հրահանգում էր.  «Մի քոռ կոպեկ պարտքով անգամ նոր տարի չմտնեք»: Օրեր էին լինում, երբ հացի կարոտ նստում ու իրար երես էին նայում, բայց. «Սովից վնաս չկա. հենա բախչում միրգը ծով, բանջարի պակաս էլ չկա. գարուն ու ամառ` թարմ, ձմռանը` չորացրած հո՞ միշտ կա»:

Իսկ երբ գյուղում արդեն մեկը մյուսի ետևից` բանկի ձեռքը կրակն ընկած, կուտակված տոկոսները փակելու անընդունակ, տնից զրկված` ճամպրուկները հավաքում էին ու գնում երկրից դեպի… անհայտություն, Բարդոն գորովանքով նայում էր տան պատերին, ոտքերով շոշափում տան հատակը, զգում ամրությունն իր տակ ու քթի տակ գոհունակ ժպտում:

Աշխատանքն էլ միայն այգու գործերն էին` անշառ-անշառ:

Գենը հզոր բան է` երեխաներն էլ քիչ կամ շատ իր նման ոտքերի տակ հողի պնդությունը ստուգելով էին ապրում: Հիմա էլ` 3-ամյա թոռնուհին: Այն օրը լսեց, թե հարսն ինչպես է` երեխային քնեցնելու համար, նրան գիրկն առած` հեքիաթից հեքիաթ անցնում, երբ իմացած հեքիաթների` «Գնդիկ բոքոնիկ», «Երեք խոզուկները», «Կարմիր գլխարկը» և այլնի պաշարն ավարտվեց, սկսեց մտքին եկածը ասել.

– Երբ մեծանաս, Մերի ջան, գնալու ես մանկապարտեզ…

– Էնտեղ վերելակ կա՞,- արագ փորձեց ճշտել երեխան, որն արդեն վերելակի մեջ վտանգ էր տեսել ու մեկընդմիշտ հրաժարվել էր վերելակի փակ, թակարդ հիշեցնող, տարուբերվող «արկղին» իր անձը վստահելուց:

– Չէ՛, մանկապարտեզում վերելակ չկա, դու այնտեղ խաղալիքներով ես խաղալու, շատ ընկերներ ես ունենալու: Հետո, երբ մի քիչ էլ մեծանաս, գնալու ես դպրոց…

– Էնտեղ վերելակ կա՞,- ընդհատեց երեխան:

– Չէ՛, այնտեղ էլ չկա,- ծիծաղեց մայրը,- գրքեր կառնեմ քեզ համար, կսովորես գրել-կարդալ: Մի քիչ էլ որ մեծանաս, համալսարան կընդունվես…

– Էնտեղ վերելակ կա՞:

– Եթե լինի էլ, շենքն այնքան բարձր չի լինի, այնպես որ, ոտքով էլ կարող ես բարձրանալ-իջնել: Դրանից հետո արդեն կամուսնանաս:

–  Էնտեղ վերելակ կա՞…

«Իսկը իմ կտորն է»,- մտածեց Բարդոն ու ժպտաց: Միտքը հեռու գնաց.  առաջին անգամ ինքնաթիռ պետք է նստեր, օրերով գցել-բռնել էր և նոր վայելք էր ուզում ճաշակած լինել.  դե ով ասես մոտը գլուխ չէր գովում էդ «մի տեսակ ուրիշ հաճույքից»: Տոմսերը ձեռքին մինչև հսկիչներ հասավ, դրանից դենն էլ գնաց, հետո այնքան մոտ էր ինքնաթիռին, ապշահար նայեց իր փոքրության կողքին այդ մեծությանը` հիացավ, ապշեց… սարսափեց: Հետո ոտքը աստիճանին էլ դրեց.  վերջ…  այդ մի քայլն էր դեպի աշխարհի հեշտացած կյանքի մետաղե հսկա ներկայացուցիչը: Հաջորդ քայլն արդեն հակառակ ուղղությունն ուներ` ոտքն իջեցրեց աստիճանից ու շուտով հանգիստ շունչ քաշեց օդանավակայանի ելքի մոտ:

Այդպես էլ օդանավ չնստեց Բարդոն: Նայում էր դղրդյունը մի քանի պահ բոլորի ականջներում տարուբերող, ժամանակ առ ժամանակ վերևում` իրեն վստահված մարդկային թանկ «բեռով», անպատասխանատու վարքով պայթող այդ անվստահելի կաղապարին ու ամեն անգամ շնչում էր այնպես խորը, ինչպես այն օրը` օդանավակայանի ելքի մոտ:

Համոզում էին.  «Աշխարհ տեսնել չե՞ս ուզում, այ խելառ, մարդո՞ւն էլ Ամերիկա հրավիրեն ու չգնա»:

Չէ՛, ինչո՞ւ, «աշխարհ» տեսել էր` մեքենայով Ռուսաստան մի երկու անգամ ինքն էլ էր գնացել: Ի՞նչն էր ավելացել…

«Մարդ իր աշխարհը պիտի ունենա,- ասում էր երևի պապից, ապուպապերից ժառանգած իմաստությամբ,- էս աշխարհից էլ մեծ, տիեզերքի չափ սեփական աշխարհը, որ ուր ուզես` տեղավորես. տանդ մեջ, բակիդ մեջ, ուր ուզես: Հետո էդ անսահմանության տարածքում հա՛ գնա ու արի, հա՛ տես ու զարմացիր, վերջ չի լինելու.  էնքաաան բան կաաաաա»:

«Ձեր ասած աշխարհը,- ասում էր,- էնա, հեռուստացույցը սաղ օրը ցույց ա տալի: Մեջն ի՞նչ կա.  հեչ սիրտս չի էլ ուզում… Ի՞նչն ուզի… »: Այդտեղ լռում էր, գիտեր, որ ով էլ զրուցակիցը լինի, մնացածը մտքում շարվեշար անցկացնելու է ու անպայման համաձայնելու: Այդպես էլ կար.  լսում էին և գլուխները վեր ու վար տմբտմբացնելով` տխուր լռում, երկարորեն լռում, այդ լռության մեջ հասցնելով ետուառաջ անել իրենց բաժին ընկած, իրականում բնավ էլ ոչ այնքան մեծ այդ աշխարհի կտորներով, դրանք հանգուցել իրար, նայել այս ու այն կողմից ու մինչև վերջ հասկանալ Բարդոյի հասկացածը:

 

Տարին առաջանալու հետ Բարդոյի առողջությունը վատացավ:

Չոքերս են ցավում, մեջերը ուժ չի մնացել:

Ոտքի տակ հողը օր օրի կորցնում էր ամրությունը: Թվում էր` ոչ թե ինքն է երերում, այլ հողը, մի տեսակ աշխարհը լրիվ ավելի անկայուն, աննյութ, թափանցիկ էր դարձել, ու իր ծնկների պես նրա մեջ էլ ուժ չկար այլևս: Բարդոն այդպես ո՞նց պիտի ապրեր: Առավոտից իրիկուն հողի պնդության պակասից էր խոսելը:

– Ա՛յ հեր, գլխներիս Փոքր Մհեր ես դարձել.  հողը չի պահում, հողը խախուտ ա: Ոտքերդ են թուլացել, ա՛յ թե ինչ:

Ու ավագ տղան հորը մարզային հիվանդանոց տարավ:

– Բժի՛շկ ջան, բա վերջը ի՞նչ ա լինելու, բռնվելով եմ էրկու քայլ անում:

– Քանի՞ տարեկան ես, պապի,- հարցրեց երիտասարդ բժիշկը` քթի տակ ժպտալով: Ու խոսքը հարց չէր, այլ հենց պատասխան, որ ապրած գրեթե իննսուն տարիներն էին:

Բարդոն չպատասխանեց: «Թե էս ջահելից ի՞նչ եմ ուզում.  էս խեղճն ինձ ի՞նչ պիտի անի: Առանց գալու էլ` ասելիքը պարզ էր»:

Ապահովության ապահովությունը մի ղշի նման ձեռքից թռել էր. աչքի լույս հողը հիմա վախեցնում էր:

 

Ու այն վերջից մի օր առաջ, երբ ողջ գյուղը պետք է գար նրան հրաժեշտ տալու, հանկարծ ոտքերն այնպես երերացին, որ գետինը ասես լրիվ թողեց իրեն, և նա, հույսը հողից կտրած, սարսափած աջ ու ձախ նայեց, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք աչքերըը պտտեց, խեղճացավ, խեղճացավ, կծկվեց, կծկվեց, ուսերի մեջ փորձեց պահվել, բայց հողը… փախչում էր:

Գույնը գցած ու սիրտը դող ընկած` նորից նայեց աջ ու ձախ, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, իր տանը, հարևան Արտոյի տանը, որ ամենաամուրը թվաց երևացողների մեջ` իր եռահարկ քարաշեն հպարտության մեջ, բայց աշխարհը, ասես խելագար մի կարուսել դարձած, սկսեց պտտվել, ու չընկնելու համար, աչքերն իրենց-իրենց հառվեցին միակ մնացած ուղղությամբ` դեպի վեր…

Բարդոն սովորություն չուներ երկնքին նայելու: Առավոտները միայն մի թեք հայացք էր գցում հորիզոնից մի փոքր վեր, այնպես, որ մի աչքը վեր էր նայում, մյուսը հողից չէր կտրվում, նայում էր ամպ ու արև մտքում կշեռքին դնելու համար, որ հագնելիքը ճիշտ հասկանա:

Հիմա, ելք չունենալուց, առաջին անգամ ամբողջ մարմնով թեքվեց ու բնազդով թևերը պարզեց երկնքին: Երկինքն իր համար միշտ ամենաանվստահելիների մեջ էր հաշվառված, անհասկանալի, անորոշ ու մշուշոտ բան կար երկնայինի հետ կապված ամեն ինչում: Չէր հասկանում, թե մարդիկ ինչպե՞ս կարող են իրենց հույսն այդ օդեղենի ու անտեսի հետ կապել: Բայց հիմա հայացքն այնպես սոսնձվեց վերում ինչ-որ անտես կետի, որ ոտքերն էլ ամրացան, կարուսելն էլ կանգ առավ: Այնտեղ ասես ամուր մի բան կար, ու Բարդոն ամուր կառչեց դրանից: Երկինքն էլ անա՜մպ-անամպ էր, կապո՜ւյտ-կապույտ:

– Տեր ջան, էդ դո՞ւ ես: Մինչև հիմա բա ինչի՞ չէի տեսնում,- հետո ինքն իրեն մրմնջաց,- էդ ե՞րբ վեր նայեցի, որ չտեսա:

Ապահովությունը գտնված էր, և չնայած ձեռքերը թուլացել ու ցած էին իջել, բայց մի ձեռքով երկնքի ապահով փեշը բռի մեջ ամուր-ամուր հավաքել ու բաց չէր թողնում:

Ու երբ հետո փորձում էին ճիշտ տեսք տալ` անհասկանալի երանությունը դեմքին հանգած ծերունու` ժամանակի ծանր կրունկների տակ ճմրթված ու ձևախեղված մարմինը, այդպես էլ քարի պես ամուր բռունցք դարձած աջ ձեռքը բացել չկարողացան ու հենց կծկված էլ ծալեցին կրծքին: «Էդպես ժլատ էլ գնաց, երևի չեղած ոսկիներն է բռում սեղմել»,- քմծիծաղում էին նրան հուղարկավորության պատրաստող տղամարդիկ:

Ո՞վ կարող էր հասկանալ, որ այնտեղ մի բուռ կապույտ կար` ամենաթանկը այն ամենից, ինչ երբևէ Բարդոն պահել էր ափի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։