ԲԱԿՈՒՐ / ԼՈՒՍԵՂԵՆ

Լուսեղեն ու շռայլ ամպերի
ճե՛ղք-միջանցքում
մեղմ ճոճվելիս
պատին կախված
բազում անթարթ
հայացքները շփոթմունքի մեջ
վստահության նշույլի պես
մերկ կանանց
լուռ ճիչերի
մեջ արթնացող
ժի՛ր մանուկների
խա՛չ-ձեռքերը
ձուլվելով պինդ օդի մեջ խրված
ծուլությունից ծաղկազերծ
ծո՛ւռ ծառերի
վեհակարոտ նո՛ւրբ կոնքերի
նմանակեր նո՛յ-նախիրի
մշտապատկեր սե՛գ սարերի
լանջանման սև՛ վարսերի
սիրահոժար լա՛յն թևերի
աղբյուրածին թա՛րմ գետերի
շնչահալած նե՛ղ քարերի
լո՛ւռ խոսքերի
մե՛ջ խրվելով
մռայլության ժի՛ր ձեռքերից ճողոպրած
ձյունաթաթախ զովության մեջ
հարթ մտքերի
կո՛ւռ տենչանքով
վա՛նք-երազին նվիրաբերած
կա՛մք-արձանի
փոշոտ դեմքի
անքուն աչքին երևացող
բազմաբջիջ շարժումների
արանքներում սուզված
շորթիչ ազնվության
խորամանկ մահվան
գլխիվայր աշխարհի
ժպտացող ծաղիկների
չոր ու ժլատ շարժումներին սևեռած
հայացքներից հարատևություն քամող
սափրված դեմքերի
մաքրության ձգտող
նե՛նգ մտքերի
խորաթափա՛նց հնության
անտա՛ռ-մթության
կի՛րք-համբույրի
արևե՛լք-սիրո
դեղնած աստղերի
ու համագոյքի
գիշերային զգացումը
մենության օրրան դարձնող
մա՛րդ-աշխարհի
կտրո՛ւկ շարժման
կա՛մք-սեղմվածության
մաքուր մատուցման
շնորհ վայելող
գի՛ր-ապրումի
վստահ քայլքի
քո՛ւնք կորուսման
կո՛ւշտ հայացքի
նե՛նգ վախճանում
ծածկված կյանքի
խեղճ ապրումից
կյանք պահանջող
զվարթ հոգու
տենչն է կորչում
կե՛ղծ վարքերի
գո՛ղ մտքերի
անո՛ւշ թվացյալ
ծո՛ւռ կոնքերի
հե՛շտ երազում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։