ԻՄ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
Իմ լո՜ւյս-աշխարհ,
հիացումս քո աստղերով
միշտ է եղել…
Համացանցում`
մեռնող աստղիդ
բաց ու գունեղ աչքը տեսա
ու զարմացա.
մեռնում է ու գույն արձակում`
հետնորդների
նախագալար արահետով,
ու նորածնի գալը տոնում
իր սեփական
կործանման մեջ:
Խենթացնող է քո անհունի,
անսահմանի գոյությունը,
ի՜մ տիեզերք…
Քո համեմատ`
միկրոսկոպիկ փոքր չափի
մարդը տեսնես
այնքան կաճի՞,
որ քեզ չափի ու ճանաչի,
որ քեզ զգա առատորեն`
շատ մոտիկից…
Այնժամ գուցե
ավելի շատ նա վախենա
քո մի չնչին խաթարումից,
իմ լո՜ւյս-աշխարհ,
ի՜մ տիեզերք.
կուզենայի
քեզ սիրո հետ
համեմատել…
ՁԱԳԱՐԱՓՈՍԵՐ
Թռչո՜ւն, որ եկար գարունի համար,
ինչո՞ւ ցողի պես հողին մաղվեցիր…
մահն է խաբեբա՛,
անհամբո՛ւյր, համա՛ռ,
ինչո՞ւ հանց փերու նրան տրվեցիր…
Չքվե՛ք իմ աչքից,
արկի պայթյունից գոյացած
սև-սև ձագարափոսեր,
որ միշտ մահահոտ
մտքեր եք ծնում
և ինձ ստիպում,
որ հար անիծեմ
պատերազմները…
Եվ հակառակը.
որ փառաբանեմ
ձագարն աստղակուռ`
Ծիր կաթին տանող…
Որքան սիրուն եք,
տիեզերական,
գալակտիկական
պարուրվող աստղե՜ր.
մեռնողներդ անգամ
կինոսկոպներում
աչքի տեսք ունեք`
բաց ու ջինջ աչքի
ակնկալիքի,
սկիզբ ծնող վերջի…
Եվ ոլորապտույտ
սկիզբ ու վերջի մեջ
փորձում եք անգամ
գույներ արարել,
որ կարողանաք
ծիածանային
թաղանթով նայել
հուսահատ մարդուն,
քաշքշուկներից
ու խլխլվելուց
չափազանց հոգնած
մեր մոլորակին…
Բայց այդ գույները
խամրում են իսկույն,
երբ աչքը երկնա
հայացք է գցում
արկի պայթյունից
գոյացած սևին,
թռչնաձագերի՜ն,
որ անշնչացած,
հողին են մաղվել
իրենց պարզ ու ջինջ
ու բաց աչքերով,
անփո՜րձ, բայց արդեն
զորեղ թռիչքով,
որն ընդհատվել էր
հերոսանալիս`
անմահացնելով
հերոսացումը…
Արկե՛ր, մի՛ պայթեք
ու մի՛ գոյացրեք
վշտի ձագարներ.
թող թռչուններին
տիրի գարո՜ւնը…
ՏՐՈՓՅՈՒՆ
Մեր սարերում` արծվաբներ…
Արծվասրտեր` մեր սրտերում,
արծվաբնից սահման հասած
տրոփյուն` մեր երակներում…
Այսօր… դադար խրամատում,
վաղը գուցե մարտական ճիչ.
ինքնաձիգը` մագիլներում,
չի՛ խնայի այնժամ ոչինչ:
ՄԱՅՐԱՄԱՐՏ
Ձեր արձակած արկերում
պայթյուն էի ու մրուր,
ձեր արձակած ճիչերում
ես էլ էի անձնատուր…
Թեև հեռու եմ ձեզնից,
բայց խառնված եմ մարտին.
առյուծասիրտ եք դուք միշտ,
իսկ ես… դողը իմ սրտին:
Նորից վահան եմ դառնում`
անխոցելի մի զրահ,
ձեր կրծքերին փաթաթում
մայրաց աղոթքը անմահ…
ՉԱՐԵՆՑԻ ԱՅԳՈՒՄ
Քարամարմին քո
պատկերն է իմ առջև…
Քո ժայռակուռ ճախրող բառը`
իմ սրտում…
Հոգուդ թևով հայտնվեցի,
իմ Չարենց,
«Ես իմ անուշ Հայաստանի…»
աղոթքում:
Անգերեզման, բայց անմոռա՛ց
իմ Չարենց,
բազմաչարչար, խենթ ամբոխի
մի հատիկ,
քո կշիռով` վառ մոլորակ,
այնքա՜ն մեծ,
որ աղոթքդ վանկարկելո՛ւ
են մարդիկ…
Ամեն մի հայ` անգամ
հազիվ թոթովող,
անգամ սաղմը հայուհի
մոր կրծքի տակ
սնվելու է խենթանալու աղոթքով`
աղո՛թք, որ միշտ
կանչելու է Հայաստան…
ԱՂՈԹՔ
Ների՛ր ինձ, Աստվա՜ծ,
եթե դանդաղ եմ քո գիրկը գալիս`
սկեպտիկ բնույթիս մանր քայլերով…
Ների՛ր ինձ, ների՛ր,
որ որոնումիս ժամկետն երկարեց,
երկարեց ուղիս` դեպի քեզ բերող…
Ներիր հասարակ,
ոչ հանդիսավոր խոսքերիս համար`
ամենակարող զորությանդ դեմ
ոչ այնքան կարող,
բայց մաքո՜ւր, անե՜ղծ`
արևածագի արարիդ նման…
Ու դեռ հեռու եմ թեև իմ հոգով`
խարխափուն հոգով քո լուսաշեմից,
ես որոշել եմ
ուրախությունս միշտ քեզ հետ կիսել,
իսկ տառապանքս, համոզված եմ ես,
ինձ մոտիկ հեռվից դու ինքդ կզգաս
լուսե զորությամբ քո ամենատես
և ամենահաս…
Շնորհակալ եմ քեզ:
ԱՄԵՆ:
ԱՍՏՂԵՐ
Աստղե՜ր, ես ձեր ցոլքը չունեմ.
ձեզնից անուրջներ կքաղեն…
Սակայն խղճալի եք մի պահ,
որ երբեք չեք լինի հողեղեն…
Չեք քայլի մանրիկ քայլերով,
չեք ուզի, որ այրերը գերվեն,
չեք ապրի մարդկային ցավերով`
կմնաք պաղ ու պիշ ակնեղեն…
Չեք ապրի վեհացնող մայրություն,
չեք զգա, թե ինչ է էրեխեն,
աստղե՜ր, ձեզ այնքան եմ խղճում,
որ երբեք չեք լինի հողեղեն…
ՀՈԳՈՒ ԹԵՎԵՐ
– Թռչո՛ւն, հոգիս մի՛ լքիր,
թեև ինչե՜ր կան այնտեղ.
հոգնատանջ եք երևի,
դու և թռիչքդ զորեղ…
Թռչունն ասաց.
– Մեկընդմիշտ
չեմ լքում, չեմ հեռանում.
դա քո հոգին է ուրիշ
երկնաշերտեր որոնում…
***
Ավազին` խումբ-խումբ
իջած անգղերը
վեճի բռնվեցին
կռունկների հետ,
թե… Աստված չկա…
Իսկ կռունկները,
որ անժամանակ
չուի էին ելել
որբի կարոտից,
արդեն սրբում էին
Աստծո աներև
արտասուքները…
Ու միայն մեկ դար
տանջանքից հետո,
սրբադասումի
մի ծես կատարվեց
ողջերիս համար…
Իսկ հաջորդ դարը`
ոսկորաշաղախ
այդ անապատով
գծագրում է`
ներկայից անցյալ
հետդարձ կատարող,
պատահմամբ ծաղկած
մի նոր ճանապարհ…
Դեպի՛ ապագան:
ԿՈՂՊԵՔ
Լսի՛ր, կողպե՛ք, պետք ես գուցե`
բնակարան գող չի մտնի…
Բայց երբ հոգուս փակդ գցես,
լեզուս երգեր չի՜ դայլայլի…
Կամ երբ սերը նորաթևած
իր արծվաբույն ետ գալ ուզի
ու… գտնի իր դուռը կողպած,
մի՞թե գործդ չես անիծի…
Դու գաղտնիքի պետքը հոգա`
բանսարկուի դեմ չբացվի,
սիրո շատից քեզ ի՜նչ վնաս.
թո՛ղ աշխարհի վրա բացվի…
Լսի՛ր, կողպե՛ք, սիրո ճամփին
լավ է մնաս առանց գործի…