Սոնա ՎԱՆ

ԱՐԺԱՆԻ ՃԱՇ
Մանկապիղծ իշխաններ դուք
որ հրահրում եք
պատերազմներ
ամենուրեք
ձեր մայրերը հարսներն են
սուլթանի
դուք սերվել եք միևնույն
հարեմի մեջ

ես կին եմ
գոգնոցիս- ասեղնագործ
անուններն եմ իմ մեռած
տղաների
ապասում եմ
կգաք դուք մի օր
կայցելեք
կարմայի սրճարան
ուր ձեզ կմատուցվի
արժանին սոսկ
ոչ թե ախորժածը ձեր

ուզում եք կշռել ձեր կյանքը
տիրոջ նժարներով
անքննելի
համեցեք
սպասում եմ ձեզ
ներս եկեք –

համեցեք կարմայի սրճարան

***
ժամանակն է
վաղուց ժամանակն է
ուզում եմ գրել այնպիսի գործ
որի մեջ լինի –
նոր նախագահ
համակարգչի դիմաց նստած ռոբոտ
երկնքում- օդանավ անօդաչու
քահանա
բոզ կին- կապուտաչյա
նախկին աստվածներից ինչ-որ մեկը
իսկ ես լինեմ նույնը
ինչպես որ կամ
բակի թեթևամիտը հավերժական
տնետուն ծեծեմ դռները
և հարց տամ
առանց նայելու
սեմուշկա ունե՞ք …
մի քիչ կտա՞ք

կամ ինչպես թագավորը
մի հեքիաթից
որ ծպտված մտնում է տնից տուն
մտնեմ ծովե-ծով ու փոխեմ
թունավորված ջրերը ամենուրեք
ականջ դնելով ձկների
թեթև օրհնանքներին
պղպջակավոր
ապա բարձրանամ ու քնեմ
ինչ – որ կետաձկան մեջքի վրա
և կամ բերանում – եթե ուզեմ

սա է ազատությունն իմ ցանկացած

ժամանակն է….
իրոք ժամանակն է
որպեսզի գրեմ մի
այսպիսի գործ
ԲԱԼԵՏ՝ ՀԻՄՆՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՌԻԹՄԵՐԻ ՎՐԱ
Այնտեղ՝
չերևացող մասում կուլիսների
ոմանք- հենց այս պահին
ծպտվում են – գյուղացու
բեղ կպցնում
քթների տակ
փորձելով նմանվել սիրեցյալին

դրանցից մեկը
ժամանակ առ ժամանակ
մոտենում -կոտրում է սիրտս
ու հեռանում
ինձ ռիթմիկ սպանելով ամեն անգամ
երբ գա ժամանակը իմ
մոռացկոտ հոգու
հետմահու անկապության
ինչպես Ժիզելի ուրվականը՝
անկշիռ քող
կհայտնվեմ համրաքայլ՝
կոշիկներով բալետային
ու կպարեմ ձեզ հետ՝
հոգնեցնելով վհուկներին
մահվան շուրջպարի մեջ
կգամ ու կներեմ ձեզ
մի խոսքով
այդ մասին դուք գիտեք – օ՜
ինձանից լավ
(լավ հաշվել եք
ատամներս ժամանակին)

թերևս այդ է պատճառը
որ մինչ օրս … այն նույն
չերևացող մասում կուլիսների
ոմանք դեռ ծպտվում են քնծիծաղով
փորձելով նմանվել սիրեցյալիս

– վրե՞ժ ….
ծիծաղում են լկտի- սուտ բեղի տակ
քո աննյութ մարմնի՞ մեջ այդ
հոգնած … տնքացող բթամատով

ԵՐԵՎԻ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ ԴՈՒ
Ես չեմ ծերանա – չէ՛
ես կին չեմ – կին չեմ ես
գործիք եմ
սիթար եմ- մոռացե՞լ ես ի՞նչ է
լարից եմ ընկնում ես
պարբերաբար
ու
քաջություն չէ ինքն իրենով
պինդ
ողորկ փայլը քո
ջահելության
… ուզում ես հերոսանա՞լ- հա՞
մոտեցիր – սպանի՛ր ինձ
դու կարո՛ղ ես
մինչև վերջ քաշիր քաղցրությունս
ուզում եմ մեռնել թրթռալով
ինչպես հալածված ծաղկաթերթը
մեղվի ժրաջան ծանրությունից
ես կին չեմ – սիթար եմ
սովորական
մոտեցիր
քամիր ինձ -դե՛
քեզ տեսնեմ
ավելի՛
դու կարո՛ղ ես

ԳՅՈՒՂԻ ՏԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
(երբ սրտիս ցուրտը համընկնում է գիշերվա ամենացուրտ կետի հետ)

Ճիշտ էր ասում տատս
որ եթե հայելին կոտրվի
վատ բախտ կունենամ ես
յոթը տարի
հատ-հատ
սիրելիներս կորչում են
բաց երկնքում
իմ ձեռքով թռցրած
կայտերի* պես
ձեռքիս մեջ թողնելով
սոսկ բարակ թել
կամ իրենցից մի բան
անկողնուս մեջ
որտեղ ես չեմ քնի
պա՛րզ է
այսուհետև

այսօր տաք օր է – թեպետև
երեկ անձրևեց ամբողջ գիշեր
աչքիս ներկը հոսել է
այտերովս՝ հավասար վար

ես նման եմ ծաղրածուի
նկարված արցունքներով
եռանկյունի
ի՞նչ բառ
առաջինը ծու՛խն էր
հետո թռչուններն են արթնանում
նախ
իսկ աքլորը կանչում է
ավելի ուշ
ու սա ես չեմ ասում
պարզապես
քանզի այն հնչում է
երգիս մեջ
ավելի լավ
ես իրո՛ք արթնացել եմ գյուղում
փայտի չխչխկոցից
վառարանում
ցրտի հերոսական ճիգի ժամին
երբ ըստ պապիս
գիշերն իր վերջին փորձն էր անում
հանձնվելուց առաջ՝
առավոտին

տատս ճիշտ էր
ես վատ բախտ կունենամ
այսուհետև
սիրելիներս կորչում են
ահավասիկ
ինչ-որ բան
մոռացած
բարձիս վրա
ու քամին
ա՜խ – ինչ արագ է քամին լցնում
նրանց դատարկ տեղերը
անկողնուս մեջ- որտեղ
պա՛րզ է
ես չեմ քնի –
մեռցնես էլ –
չեմ քնի
այսուհետ

Ա՜Խ, ՈՆՑ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ՔԵԶ
(տատիդ հարցրու՝ ասում էիր բարկացած- հիշո՞ւմ ես)

-Եթե չլիներ ձմեռը
գարունը չէր թվա այսքան ջահել
կյանքն անցնում է
արա՛գ
ապրել է պետք-
ասում էր հայրս առավոտյան
առանց բացատրելու-
թե կյանքն ինչ է
ինչ բան է – ապրելը
ընդհանրապես

հիմա – երբ չկա նա
ու նաև դու
ես փնտրում եմ անձամբ Ղազարոսին
(հարցեր ունեմ մի շարք-
մահվան մասին)
իսկ եթե չկա նա – ասա ինձ
ինչո՞ւմ էր պատգամը
վերադարձի
տա՛տս ի՞նչ իմանա- խեղճ կինը
որ երբեք չճամփորդեց տնից հեռու
ավելի՝ քան թելը իր կծիկի

ժամանակը օձի թույնի պես
մխրճվել է մեղքիս կեղևի տակ
դարձնելով այն առավել սև
ու դառնահամ
ինչպես կծկված խնձորը խոհանոցում
(ես փորձել եմ սա անձամբ-
լեզվիս վրա)
բայց այդ նպաստեց մի կողմից էլ
որ հավատամ պատմությանը դրախտի-
Եվայի … օձի ու խնձորի
ախ – ոնց եմ կարոտել
մեր զրույցը
հարցդ ու պատասխանդ
նույն տողի մեջ
(ծույլի դրախտ էր ասեմ- քեզ լսելը)
ինձ մնում էր լռել ու զարմանալ
մետաֆիզիկ մթության մեջ
լույսից հզոր
որտեղ երևում էր ամեն ինչ՝
ներառյալ այն
ինչ այնտեղ էր արդեն ի ս կ զ բ ա ն ե
հ.գ. այնուհետ քանի՜ցս մոտեցել – ներս եմ նայել
օտարի պատուհանից գաղտնագողի
որ տեսնեմ կյանքն ի՞նչ է – մարդն ի՞նչ է
ինչ բան է ապրելը
ընդհանրապես

ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՀԻԲՐԻԴԸ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ
(բազմասեռականների
շքերթի մեջ- կառքով)

Դե իհարկե կարող եմ երգել և
պատերազմի մասին և վարդերի
սիրո՝ ավազանի մեջ – անցյալ գիշեր
(խայտացող ստինքներս ջրի վրա)
բայց այս մեկը նվիրում եմ նրանց
ջորուն ու թիկնեղ կառապանին
վառ շրթներկով
չեմ սիրում ոչինչ
որ սոսկ մեկ բան է
կես թռչուն – կես կին եմ ես
չէ՞ որ
այնպես որ ի՞նչ կա զարմանալու

սրճարանում – որ ընտրել էի ինքս
(ճիշտը ի՛մ ընտրելն է- թեկուզ հիմար)
նեգրուհին երգում էր բլո՜ւզ … բլո՜ւզ
հաստաշուրթ պատմում էր կիթառին
(ընդամենը երեք լար ու
ճշմարտություն)
ռիթմիկ կռացնում էր մարմինը
գործիքի վրա -ինչպես արտի
չէր երգում – չարչարվում էր
կարծես թե
բամբակի դաշտերում աֆրիկական

այս երգը նվիրում եմ նաև նրան
երգիչ ստրուկին այն բեմի վրա
իսկ սերդ ես կերգեմ ավելի ուշ
դե իհարկե հիշում եմ մանրամասն
ափերդ՝ խայծեր ջրի վրա
հալածված ստինքներս երկինք նայող
մտածող ձկներ միաչքանի
լոգարանի չընդհատվող հայելու մեջ

հ.գ. այս երգը նվիրում եմ նրանց՝ ջորուն … ու կառապանին- շրթներկով
որ քաշեցին կառքը անտրտունջ- ի՛մ ընտրած ճանապարհով- այլ ոչ իրենց

* Գույնզգույն հասարակ թղթերից պատ­րաս­տած փայտաձողերի վրա ամրացված թղթե ժապավենի նման երկար պոչով օդա­պա­րիկ, որ բաց են թողնում պարանի օգնությամբ՝ պարանի մի ծայրը ձեռքում պահելով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։