ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ԼՈՒՍԵ ԹՌՉՈՒՆ
ԵՐԵՎԱ՜ՆՍ
Անցնում էի Կիևյանի կամրջով,
Աչքս ընկավ ցածում փռված քո տեսքին,
Սարսափեցի. միտքս՝ մի պահ անցյալով,
Անցյալով էր խորհում, թա՜նկս, քո մասին…
Անիծեցի հենց այդ պահին միտքը իմ,
Անիծեցի թուլություններս ահով,
Մանուկ օրվաս բե՛րդ ամրակազմ, անառիկ,
Հիմա ասես՝ մի աղունիկ դողավոր…
Երբ անցնում եմ իմ Օրբելի փողոցով,
Ամեն թուփն է այստեղ վաղուց հարազատ,
Հիմա սիրուս ինչ-որ վախ է խառնվել՝
Մի աղավնյակ՝ իր գոյությամբ անազատ…
ՄԵՐ ՏՐՈՅԱԿԱՆԸ
Մի ձի էլ կա, տրոյական ձի.
ոչ թե ոսոխով է լցված,
այլ հենց մեզնով՝
մտել ենք ու կաղապարվել։
Ոչինչ, ոչինչ էլ չենք տեսնում
մեզանից զատ…
Փոխանակ գամերը ջարդենք,
լքենք մորթը մեր սեփական,
սեփական շահերը զատենք
Հայրենիքի կործանումից,
ու փոխանակ մեր իղձերի
կենդանացած ձիուն պայտենք,
չէ՛, հակառա՛կ՝
դեռ կառչած ենք նրա փայտից,
մեր մորթապաշտ կաղապարից,
ասել է թե՝ մեր դագաղից…
ԵԹԵ
Ծղրիդահունչ երեկոյի թևին
Կուզենայի Ապոլլոնին երգել,
Միայն, եթե տագնապ ու ծխահոտ
Չխառնվեր խաղաղ երեկոյին։
Չխառնվեր ժանտախտը իմ կյանքին,
Բյուր հույսերիս՝ հազար մոլորություն,
Դավադիրներն ու թշնամու ապտակն
Չպղծեին պատիվն Հայրենիքիս…
ԱԺԴԱՀԱԿ
Փեշդ պարուհու փեշ է հիշեցնում՝
պտույտի պահին,
Թեև անունդ հսկաներից է քեզ բաժին հասել…
Եվ հոգի՜դ, հոգի՜դ ծեգերին անգամ
տագնապով է լի,
Թեև գույներդ հավիտենական կրակ են վառել…
Ե՛վ կամ, և՛ չկամ գունազարդ,
սակայն տագնապած փեշիդ,
Բայց զարկերակիդ դոփյուններն են
իմ ականջին հասել,
Այժմ թվում է՝ նստած եմ ես քո
ծաղկած լանջերին,
Որ քո հրավառ հոգու տագնապը մոտիկից լսեմ…
ՀՐԱՍԱՐ
Ճերմակ-ճերմակ երիցուկներ՝
Բուսած կարմիր ավազներիդ,
Մանրիկ կապույտ անմոռուկներ՝
Կանաչածածկ խաս լանջերիդ…
Զմրուխտալիճը գագաթիդ
Պայծառ ակնի կնմանի,
Բայց ինչո՛ւ է դեռ անանուն
Լճակը քո խառնարանի…
Հրածի՜ն է, երկինք նայո՜ղ.
Կապույտը իր չի խնայի
Եվ հայացքը իր երազկոտ
Երկինքներին կշռայլի…
Ներկապնակդ՝ ի՜նչ վառ-վառ
Գույներ ունի, իմ հրասար,
Յուրատեսակ ինչքան ծաղիկ
Ծնունդ կառնի քո շուքի տակ…
ՀՐԱԺԱՅՌԻ ԼՃԱԿԸ
Հրաբուխ է, հրաժայռ,
Որ շատ վաղուց է ժայթքել.
Խառնարանում գոգավոր
Մի լճակ էր լույս ընկել։
Տեսնես ինչո՞ւ լիճը այդ
Անանուն է մինչ հիմա,
Ուզում եմ նրան վայել
Սիրուն անուն հորինել։
Լույսի կտոր մի անուն
Ու թանկ, ինչպես լույս ու ջուր՝
Նրա նման լուսածոր,
Նրա նման կապտաթույր…
Որ լույս կաթա երկնքից
Կապուտաչյա այդ լճին
Եվ տարածվի նրա շուրջ,
Եվ պահպանվի լույսե լույս…
Եվ թող բացվեն մոխրացած
Լավայի մեջ ծաղիկներ,
Որ այդ լճին են նման,
Նրա շողին լուսաթել…
ՕՂԱԿ
Թոկի վրա օղակ արին,
Որ պատըժեն մեղավորին…
– Ո՞վ է երկիրն աղքատացրել,
Թշնամու դեմ դուռը բացել,
Ո՞վ է մեր այս դրախտավայրը
Նրա համար բուլվար դարձրել…
Հարցնում են, ընկած փնտրում
Էն անաստված մեղավորին,
Բայց ոչ մեկը չի ընդունում
Ո՛չ նոր մեղքը, ո՛չ մեղքը հին.
– Արժանի չե՛մ կախաղանի,
Ուրիշ մի տեղ մեղք որոնեք,
Ինքս ոչ մի դուռ չեմ բացել,
Բանալին եմ միայն հանձնել…
Ամեն մեկը մի բան ասավ
Ու մորթապաշտ պոչը քաշեց։
Դատավո՛ր եմ ՝ ամենքն ասաց,
Մեղավորին ե՛ս կգտնեմ…
Թոկը այնքան երկար սպասեց,
Որ ինքն իրեն վերջը կախեց՝
Իր օղակում քարկապ ընկավ,
Թե շունչ ուներ, այն էլ փչեց…
Մեկը չկար, որ գար կանգներ
Էն անձնասպան թոկի գլխին,
Միայն անմեղ հանցագործներն
Նրան տարան տվին հողին…
ԲԵՏԵԼԳԵՅԶԵ
Բետելգեյզե, մի օր վազեմ
Սարերն ի վեր, ամպերն ի վեր,
Կոսմիկական ու աստղադեմ
Արագության գիծը հատեմ…
Բետելգեյզե, որքան կուզեմ
Քո ջերմը գա մեզ օգնության,
Ու՝ հսկայիդ աղաղակներն
Օղակ նետեն փրկության։
Որտեղ կապույտ մի մոլորակ
Ու մի փոքրիկ չքնաղ երկիր՝
Պտույտներում կործանարար
Հանդիպել են գե-հե-նի՜…
Սուրբ Տաթևից քեզ կաղաչեմ,
Բետելգե՜յզե հրաբարբառ,
Ինձ քո արյունն հարկավոր չէ՝
Զորություն տուր հողիս արդար։
Օրիոնը միշտ մեկ օրով
Նվիրվել է մեր Տաթևին՝
Համընկնելով յուր հոգու հետ,
Հույս հաղորդել հայոց երկրին։
Բետելգեյզե, ինչ սիրուն է
Ջերմաբորբոք անունը քո,
Ինձ թվում է՝ սերն անպայման
Կփրկվի պայթյունում քո…
ԴՈՒ
Պապդ՝ արմատ,
Հայրդ բուն է,
Իսկ դու՝ շիվ,
Որ ընձյուղես
Տոհմածառիդ թևերին…
Հայրդ սյուն է,
Մայրդ՝ խոյակ,
Դու՝ տաճար,
Որ վեր հառնես
Հայոց բարձր լեռներին։
Մայրդ՝ աղբյուր,
Հայրդ գուռ է,
Դու՝ ջրվեժ,
Որ թևաբաց
Թագավորես հույսներին…
Հայաստանը,
Չէ՛, չի՛ մնա
Անպատնեշ,
Չէ՞ որ հորըդ
Պատգա՛մն է քո լույսերին։
Ու դու մի օր
Հայաստանը
Ամրանիստ
Պիտի հոգուդ
Ալմաստներով քանդակես,
Նրա համար
Պիտի կռես
Մի նոր սիրտ
Ու պատվազարդ
Մի նոր անուն թնդացնես։
ՄՈՐՍ
Աշնան առաջին օրերն են,
իսկ ես հայտնվել եմ ձմռան մեջ,
Ծննդյան տոնի նախօրեում՝
լցված քո բույրով
և հիշողությանս երջանկությամբ…
Մեր ճերմա՜կ-ճերմակ
լուսիններն ու արևները
մնացին մի սար ալյուրի տակ,
որ այդպես էլ մաղել չկարողացանք…
Շաքարլոխումը ստացվեց։
Եվ ի՛նչը չստացվեց, դու գիտես՝
միշտ իմաստուն էիր, մա՜յր,
միշտ ուզում էիր,
որ արևներն ու լուսինները
գեղեցիկ լինեն…
ՑԱՎ
Անցած աշնան ցավը մնաց անամոք
Ու դեռ ինչքան պիտի դիզվի մյուսներում…
Ա՜խ, աշուննե՛ր, կհասկանա՞մ ես արդյոք,
Թե դուք ինչու նմանվեցիք ապրիլին…
Հետն էլ դաժան գտնվեցիք ավելի՝
Սև՜, անխոստում հետոների առումով.
Պարտվողի պիտակով հայտնվեցինք
Անփառունակ ճահիճում չզուլալվող։
Պիտակները շատանում են օրեցօր,
Ծամոն դառնում բոշաների բերանում,
Լռեցնում են մեզ դատարկ ճտճտոցով՝
Մեր սահմանին
նոր սահմաններ
սահմանում…
ԱՅԳՈՒՄ
Արևը հողին խառնվել,
Ջերմացել է, դեղնել ավելի,
«Մատներով» լավաշ է թխել՝
Շողաբույր, առանց թոնրի…
Ի՜նձ հասավ բույրը նրա,
Շլացրեց առատ ոսկին.
Ամբողջը տվեց ընծա
Իմ ներսում ծվարած հավքին…