«Գրական թերթին» ներկայացվող այս շարքը իմ առաջիկայում տպագրվող «Ժանրերի գուներանգները» գրքից է:
Մտավոր ու հոգևոր սնունդը պետք է թարմ լինի, օգտակար՝ մարդուն տալու մարմնապես և հոգեպես առողջ, կենսական լիցքեր ստանալու և հոգեպես գոտեպնդվելու համար:
Յուրաքանչյուր մարդ իր անձնական, անհատական խառնվածքով մի գույն, մի երանգ ու իմաստ է տալիս հասարակական կյանքին: Մարդու էության մեջ հինն ու նորը խառնվում են անցյալի ու գալիքի մշտնջենական ընթացքին:
ՄԻԱԿԸ
Մենք՝ բոլորս միասին,
Քո զավակներն ենք,
Դու միակն ես՝
Բարձրյալը, Կատարյալը
և մեզ՝ բոլորիս Արարողը:
Դու երկնքում ես,
մենք՝ երկրի վրա,
բայց մենք բոլորս
աստղազարդ Տիեզերքում ենք,
Քո հայրական սիրո
և օրհնության մեջ…
ԱՍՏՂԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔՆԵՐ
Աստղերը գիշեր-ցերեկ
լուսերգեր են հնչեցնում
երկրաբնակներիս համար,
հիշեցնում են սիրո
զգացմունքային թրթիռների
հոգեշունչ մեղեդիները:
Աստղերը լուսարձակող
պատկերներ ու հղացումներ,
ասելիքներ են ուղարկում մեզ:
Հուշում են մեր անելիքների
կարևոր մանրամասների,
բովանդակության մասին:
Երկնասույզ սարերից վեր,
ձյունածածկ լեռներից բարձր
կայծկլտում են աստղերը՝
լուսափայլ, խորհրդավոր,
ներշնչող հղացումներ
ու մտածումներ թափելով
բանաստեղծներիս համար…
ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԼՈՒՅՍԸ
Երբ հոգեհոսքից ներշնչված
բառերի մեջ վառվում է
կենսական լույսը՝ ներշնչանքի,
բառերը դառնում են տեսանելի:
Լսելի ու հասկանալի
իմաստները բացահայտվում են
գույն ու գծերը խորքային՝
ծլարձակող ու ծաղկող սերմերի նման:
Հետո սկսվում է պտղակալումը՝
մտքի ու մտադրության:
Մարդկային նպատակը կատարվում է
ներշնչանքի հզոր ուժով…
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ
Բառերի միջից ծլարձակում են
ծառերն ու ծաղիկները,
ավիշ դարձած հողաջուրը
սաղարթվում է ամպերի
հովանու տակ,
մտնում է աստղառատ
գիշերվա ծոցը:
Իրար հետ՝ կողք կողքի
զրուցում են երկնային
ու երկրային տարերքները,
մտնում են ոգեղեն
ու հոգեշունչ գաղտնիքների
բացահայտված բնաշխարհը:
Բառերը լցված են
այլաշխարհիկ լույսերի
տարաբնույթ սերմերով,
աստղային հեռուների
երազանքներով են լցված
հայաշունչ բառերը…
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՏՈՒՆԸ
Բանաստեղծական տունը
տառաշատ մի օթևան է,
որտեղ ապրում են
ներշնչանքն ու սերը՝
հոգեշունչ բառերի
մտերմիկ ընտանիքում:
Երազանքների աստղառատ
երկնքի տանիքի տակ
համերաշխ ապրում են
խորիմաստ բառերը՝
գոյականները բայերի
ու ածականների հետ:
Բանաստեղծական տները
հեքիաթային են ու երազային.
նրա մեջ ծառերն ու ծաղիկները
աճում, ծաղկում են բառերի
իմաստներով լցված
իրականության միջավայրում:
ՁՈՆԵՐԳ՝ ՔԵԶ
Ես փնտրում եմ բառը,
որ տողի մեջ ամրակապվի
իմաստակիր բառերի հետ
և տողաշար մի երգ դառնա,
քեզ նվիրված մի երգը:
Ես տողեր եմ փնտրում
բառաշխարհի հարուստ
աստղածավալ սիրո կյանքի ծոցում,
ես երգեր եմ գրում
սիրտն ու հոգին իրար կապող
սիրո հոգեպահուստ
թրթռանքում արյան.
ու հավատով սիրո
անդավաճան շնչով
երգ եմ գրում
անմահության ձգտող
սիրո ներշնչանքով…
Մի բառ, մի տող
և տողաշար մի երգ
քեզ ձոնելու համար
ես ունեմ սեր, հավատ
ու նվիրում անմնացորդ
իմ կամքի հետ համառ…
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ
Ամեն մի տառը գրային
իր հնչողությունն ունի,
իր ձայնը, պատկերը
և թվային արժեքը:
Հայոց լեզվի բոլոր բառերի,
բառիմաստների հնչեցման
ու արտաբերման համար
այբուբենի բոլոր տառերը
ունեն իրենց հնչերանգները:
Տառ առ տառ գումարվելով,
բառ առ բառ միանալով՝
այբուբենի բոլոր բազմաձայն,
համակարգված հնչյունները
կենսական լիցքեր են տալիս
հայոց լեզվին ու մշակույթին:
Հայոց այբուբենը շարունակ
մեր բառաշխարհին, լեզվին
ու գրաշխարհին ներունակ
տալիս է կենսական կյանք,
հարատևություն և անմահություն:
ԱԶԳ
Աշխարհի բոլոր կողմերից
գալիս են տարօրինակ
ու խորհրդավոր մտքերը,
գալիս – լցվում են
մտաշխարհիդ մեջ…
Երազանքներիդ ծոցում
դեռ քնած են անմեղ,
չծնված երեխաները,
որոնք մարմին կառնեն,
եթե դու ուզենաս…
Դու, որ կորցրել ես
սարերի հայրենիքը,
ծովից ծով ձգվող
երկիր կունենաս
արտասուքներիդ մեջ…
Եթե ուզենաս, անպայման,
մտքերդ, երազանքներդ
իրական կդառնան,
հայկազուններդ կծնվեն,
ժողովուրդդ կդառնա Ազգ…
ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ՝ ԱՐԵԳԱԿՈՎ
Աստղեր են բոցկլտում
մտաշխարհիս երկնքում,
լուսնի մահիկը չարագուշակ
թեև նման է յաթաղանի,
բայց դրոշի վրա չէ,
այլ լողում է երկնքում…
Բարձիցս վեր, կիսարթուն,
փակ կոպերիս տակ,
լուսաբացից առաջ
փսփսում են աստղերը՝
մտացածին բառերով,
որոնց մեջ տագնապ կա
ու չարագուշակ զգացում:
Տեսիլքներին ու երազներին
ուզում եմ չհավատալ,
բայց մտաշխարհիս մեջ
էլ չի երևում լիալուսինը,
բայց Արեգակն արդար
դեռ պիտի հայտնվի
հայոց եռագույն դրոշին…
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԲՆՈՒԹՅՈ՛ՒՆ
Սիրում եմ քեզ, ինչպես ջուրը,
որ հավատարմորեն
պտտվում է երակներիդ մեջ՝
արյան նման,
որ երազանք է դառնում
մտաշխարհիդ բջիջներում
և երանությամբ
շնչում է օդը՝
իմ արտաշնչած…
Սիրում եմ հողը,
որ մարմնավորված
համբուրում է ինձ
քո շրթունքներով
և քնքշորեն շոյում է մարմինս
քո ձեռքերով…
Սիրում եմ ջերմությունը
քո կրակոտ հպումների,
շունչ ու մարմին առած
բոլոր տարրերի տարերքը,
որոնք հոգեղեն նրբությամբ
պարուրում է էությունս՝
ոտքից գլուխ…
ՊԱՏԳԱՄ
Մեր արյան մեջ շրջանառվելով
ծփում է ծովը՝ սիրո ափերի մեջ,
նրա մեջ կայծկլտում են երազանքները,
աստղացոլքերի լույսերն անշեջ:
Մեր մտքերի երազկոտ ծոցում ծովանում,
սաղմնավորվում են բախտագծերը բոլոր,
դեռ չծնված մանուկները քաջազուն,
որոնք լույս աշխարհ պիտի գան մի օր:
Մենք հետնորդներն ենք մեր պապերի
և հայրերը պիտի դառնանք անպայման
նրանց թոռների, ովքեր պիտի գան՝
վերագտնելու Հայրենիքը մեր պատմական:
Այս երգը պետք է հնչի ամեն անգամ
հայոց հին ու նոր պատմության դասին,
որտեղ գրված պետք է լինի պատգամը
հզոր Հայրենիք կերտելու մասին…
Շրջահայաց, ուշիմ ու խելամիտ պետք է լինել՝
պատմական սխալները շտկելու համար.
պետք է ամեն ինչ անել՝
ուժեղ կամք, հավատ ու գործնական խելք ունենալ
հաղթանակը տոնելիս…
ՄԵԶԱՆԻՑ ԱՄԵՆ ՄԵԿԸ
Մեզանից ամեն մեկը,
իր կամքից անկախ,
իր սրտով, հոգով,
մտքերով ու արյունով
մեր նախնիների կյանքը
կազմում է գալիքի
սերունդների կյանքին:
Մենք անցյալը տեսնում ենք
մեր ներկայից նայելով
գալիքի սերունդներին:
Մարմնավորում ենք նրանց
մեր սիրով, երազանքով
ու տեսքով ցանկալի՝
ապագայի համար:
Մեզանից ամեն մեկը
գերին է իր ցանկությունների
ու սիրո վայելքը լիարժեք
ապրելու մղումների,
իրագործելու մեզ…
ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՍԻՐՈ ՆՄԱՆ
Իմ, քո, նրա
և մեզանից ամեն մեկի կյանքը
մի օղակ է մարդկության
պատմության շղթայում
և անշուշտ բանական տիեզերքի
տարեգրության մեջ…
Մեր կյանքի պատմությունը
գրային ու թվային ծածկագրերով
զետեղվում է անշուշտ
հոգեղենացված տիեզերքի
լուսարձակող տարեգրության մեջ…
Լույսի պես, սիրո նման
կյանք են առնում
աստղաշխարհների երազանքները,
որոնք մարմնավորվում են
նորածինների կերպարներով
և երկնային օրհնության պես
Հոգեղեն շունչ են բերում
Երկիր մոլորակին…
ԱԶՆՎՈՐԵՆ ԱՊՐԵՆՔ
Որտեղ էլ որ լինենք,
ուր էլ որ գնանք,
մեր ցանկություններն
ու երազանքներն
ուղեկցում են մեզ
և ստիպում են կատարել
իրենց թելադրանքը:
Մեզ գայթակղում են
կյանքը վայելելու, զգալու
ցանկությունները հաճելի,
գեղեցիկ ու սրտամոտ
զգացմունքները ծաղկող
բուրումնավետ պահերը՝
հիշողության ծոցում:
Որտեղ էլ որ լինենք,
մենք կրում ենք մեր մեջ
լավը վատից գերադասող
և մեզ խորհուրդ տվող
այն եսասերին անկեղծ,
որ մեզանից շատ է սիրում
ազնվորեն ապրել կյանքում:
ՄՏՔԵՐ ՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
Մարդկային աշխարհը
մտաշխարհ ունի
իր ներաշխարհում,
որ լուսավորվում է
Աստղաշխարհների
հոգեշունչ սիրով:
Երբ քնում ու արթնանում ենք,
մտաբերում ենք երազը,
որ աներևույթ օդի պես
շունչ ու կյանք է տալիս
մեր երազանքներին:
Առանց մտքերի,
առանց մտածումների
անկատար կմնան
մեր ցանկությունները,
մեր մտադրությունները
կյանք չեն ունենա,
մեր երազանքները
չեն իրագործվի…
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՅՍ
Մի բառից մյուս բառը
միտքն անցնում է
մտածողի ու խոսողի կամքով
արտաբերելով ասելիք:
Տառերը, բառերը
թվերի նման կարող են
ծածկագրել ասելիքը
միայն մեկի համար:
Լույսերի ասելիքը լսելի
ու տեսանելի է դառնում
բոլորին հավասարապես,
երբ միացնում ենք լամպը:
Լույսի մի շողը, որ ապրում է
հույսի մեջ ու հավատի խորքում,
լուսավորում է ներաշխարհը
ողջ Տիեզերքի…
ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ
Հայրական գենից են ծնվում
ու մայրական սիրով են սնվում
հայրենապաշտ զավակներն ազգի:
Հայր երկինքը և մայր երկիրը
ծնում են Հայրենիքի զավակներին,
սիրո դասեր են տալիս նրանց:
Հայրական արյունով ծնվում
և մայրական կաթով են նրանք
զորանում ու հզորանում կյանքում:
Նրանց էության խորքերում
դրված են ծածկագրերը
Տիեզերքի Տիրոջ բարի կամքով:
Նրանց տրված է արարչական շնորհը,
արիական կամքը՝ բարեպաշտ,
արդարամիտ ու ազատատենչ լինելու:
Նրանց հալածել են չարակամները,
այլադավան, չար ու նենգ
թշնամիները բոլոր դարերի:
Բայց նրանք եղել են, կան ու կլինեն
արարչական լույսի ճամփորդների նման՝
անմահության ու հավերժության ճանապարհին:
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈԻՆ
Իմ ողջ կյանքում
ես փոխադարձվող սիրո,
համակրանքի ու հարգանքի
ընկերն եմ եղել:
Իմ գրկի մեջ,
հիշողությանս խորունկ ծոցում
պահել եմ ու պահպանել
սրտամոտ ու հարազատ
անունները բոլոր:
Թանկ ու հարգարժան,
սիրելի են եղել
բարեկամներս ու ընկերներս,
արյունակիցներս ազգական
եղել են նվիրյալ հոգիներ:
Միայն մեկը կա նյութապաշտ,
որ հոգեշունչ իր հավատով
եղբայրաբար ապրում է
իմ ներողամիտ սիրո
ու ափսոսանքի աշխարհում…
ԳՐՈՒՄ ՈՒ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ
Գրում ու նկարում եմ՝
ներկա պահի ապրումներս
ամրագրելու և հիշարժան
դարձնելու համար:
Շնչելու պես անհրաժեշտ է
ապրեցնող ներշնչանքը,
որ կենսական լիցքեր
ու կյանք է տալիս էությանս:
Գրում եմ ու նկարում,
որ իմ տեսած, զգացած
կյանքի բերկրանքը
հիշատակի համար թողնեմ ձեզ:
Սիրում եմ ընթերցողներիս,
որ կես խոսքից հասկանում են
չասված ասելիքիս իմաստը
և մտապահում են սիրով…
Գրում ու նկարում եմ
քեզ համար, արվեստասե՛ր,
որ գիտես գինն ու արժեքը
աստվածատուր խոսքի…