ՇՈՒԿԱՅԻ ԿԻՆԸ
Ֆլամանդական դպրոցի մի կին`
հանճարի վրձնի տակով անցած,
փարթամ ու գիրգ,
Չարբախի շուկայում ահա
ծախում է խաղող ու միրգ:
Օ՜, նրա թևերը հոլանի,
Օ՜, նրա կրծքերը բարձրադիրք-
զարդարում են Չարբախի Լուվրը`
աշնան բարիքների պատկերագիրք:
Չի՜ ուզել լինել նա
գլուխգործոց`
անկենդան պատին կախած,
ընտրել է նա կյանքն այս աղմկուն,
երազել գգվանք ու ծոց-
ու հիմա թաքուն-թաքուն
հանճարի կտավից փախած,
հաշվում է Ջոկոնդան իր փողերը
խաղողից, մրգից ծախած:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԸ
Պալեոլիթի դարաշրջանում,
որը կոչվում է նաև Հին քարե դար,
նախնադարյան մարդն իր
որսամսի գողին
պատժում էր քարով –
դրել ես` արի տար:
Մի օր էլ, երբ ձեռքը բարձրացրել էր
և այն է` խփելու էր գողի գլխին,
ձեռքից գցեց քարը և… հայհոյեց:
Քարի ուժին
փոխարինելու եկավ խոսքի ուժը –
շրջադարձային էջ
մարդկության
զարգացման պատմության մեջ:
ԱՆՈՆՍ
Պատրաստվում է բեմադրության
«Տեղական
ժամանակների թատրոնը» –
բավական լարված
դրամատիկական գործ,
որովհետև գրված է
դրամատիկ իրավիճակում,
գործող անձինք`
առանց բեմական շորերի,
քաղաքացիական
հագուստով դերասաններ,
որոնք հրաժարվում են
իրենց դերերից,
գործողությունների վայրը` թատրոն,
որի բեմը հիշեցնում է
ցլամարտի հրապարակ:
Ներկայացումը կառուցված է
«Բեմ` բեմի վրա» սկզբունքով –
ուղիղ ժամը յոթին
բացվում է վարագույրը,
և դերասանները դահլիճից,
որպես թե ժողովրդի միջից,
թափվում են բեմ,
և նրանցից մեկը` տարիքով ավագ,
հայտարարում է բեմում հանրահավաք,
և դերասանները բարձրախոսներով,
բերանները խոսք առած,
ելույթներ են ունենում մեկը
մյուսի ետևից`
հայտարարելով, որ հրաժարվում են
դերասանություն անելուց,
որովհետև կյանքը
դերասանություն է
դարձել համատարած –
հիմա ո՞վ չի խաղում Հայրենասեր,
Ազգասեր,
Բարեգործ, Սիրահար,
Փիլիսոփա և այլն,
և իհարկե, իհարկե` ազնվափա՜յլն
Համլետ մենախոսող,
առանց որի թատրոն չկա,
և այդ ամենը, որպես
հիացմունքի նշան`
բուռն ծափահարությունների ներքո:
Հեղինակի և բեմադրիչի անունները
չեն նշվում հատուկ նպատակով`
ցույց տալու, որ ներկայացումն
ընթանում է ինքնաբուխ`
առանց անցնելու որևէ մեկի
ձեռքի տակով:
Գործողությունները
կատարվում են մեկ արարով,
որն աստիճանաբար
վերածվում է արարման
և ավարտվում
«Խեղկատակությանը վերջ տրվեց»
կարգախոսով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Նյուտոնի օրենքները`
հանրապետության
տարածքում գործող,
ենթակա են փոփոխությունների-
այս հարցը բարձրացրել են
մի խումբ պատգամավորներ:
Եվ ճիշտ են նրանք, արդար-
հիմա նոր ժամանակներ են,
նոր դար,
և «Երկրի ձգողականության մասին»
օրենքը`
Նյուտոնի գտած,
արդեն շատ կողմերով հին է,
կարելի է ասել` փտած,
որովհետև
չի՜ կարելի գերանը թաքցնել
ճյուղի ետև-
այլևս երկիրը չէ, որ ձգում է
մարդկանց`
մի ժամանակ ամուր կպած իրեն,
այլ մարդիկ են հրե՜ն
ձգում երկիրը, թողնում, հեռանում`
իրենց գլուխը գտնելու
օտարության մեջ:
Օրինագիծն արդեն պատրաստ է-
կոչվում է այն
«Արտերկրի ձգողականության
մասին»:
Սպասվում է թեժ բանավեճ:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
Եվ վարչապետը ձեռքը
խփեց սեղանին:
«Վերջ,- ասաց,-
երկիրը դուրս է եկել ուղեծրից,
անցնում եմ ձեռքի կառավարման»:
ՍԵՐԻԱԼԸ
Երգել, պարել, արտասանել`
թատերական ընդունվելիս,
հետո սպանել, վառել, փշրել
էկրանին:
ՔԱՄԻՆ
Թքես քամուն հակառակ`
քեզ վրա կթքես,
քամու ուղղությամբ`
ուրիշների վրա:
Թքիր քամու վրա, որ այդպես է-
թեթևամիտ է, կույր և անհասկացող:
ԽՆՁՈՐԸ
Ի՜նչ գեղեցիկ է խնձորը-
կատարված խոստումը
ծաղկած ծառի:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Աղավնիները` ագռավի մոտ հեռակայող,
սովորեցին կռկռալ-
բավական բարձր առաջադիմություն:
Մնաց սևանան:
Օ՜, ամենահեշտն է դա- ինքնակրթությամբ
կսովորեն սևացնել իրար`
դառնալով դիմություն և ընդդիմություն:
ՎԱԽԸ
Վախենում եմ հերոսությունից-
մի օր
կանմահացնի՜ նա ինձ:
ՔՆԵԼՈՒ ԺԱՄԸ
Գիշեր է, ուշ-
քնած են
քաղաքը, քամին, ամպը:
Լույս, դուրս արի սենյակից-
հանգցնում եմ լամպը:
ԱՅՍՕՐՎԱ ԴԵՊՔԸ
Մի ճանճ
տզզում էր ականջիս-
չլսեցի, թե ինչպես ինքնաթիռը
գլխիս վրայով անցավ:
ՊԱՆԹԵՈՆ
Այլևս ոչ ոք, ոչ ոք
մեզ նորից չի արարելու կավից-
Աստծո ժամանակներն անցա՜ն:
Կարարեն մեզ
գրանիտից կամ բրոնզից,
մեզ կդարձնեն արձան:
ՎԱՐՊԵՏ ՕՀԱՆԻ ՏՈՒՆԸ
«Էս էն տունն է,
որ շինել է վարպետ Օհանը…»:
Ցույց մի տուր մատով-
«Դարձնենք թանգարան»,-
կգա ու կասի շառլատանը:
Գործ չունենք-
ուզում է ապրել վարպետ Օհանը,
բաց պահել դուռն ու պատուհանը,
կյանք քաշել,
քեֆ-ուրախություն անել,
մեկ -մեկ էլ, մարդ է,
մի քիչ էլ համը հանել
էդ տանը:
ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ
Վերջապես ժամանեցին պոետները`
կարևոր գործով մի տեղ խմած,
և Մուսային բերել էին հետները,
և ընթերցողուհիները`
բավական գրական տեսքով,
երևում էին նրանց Մանոն Լեսկո:
ԱՆԳՐԵԼԻ ԲԱՌԵՐԸ
Պապն ուներ բառեր` գունեղ,
թափանցիկ ու պատկերավոր,
հատուկ
առանձին դեպքերի համար
նախատեսված,
հատկապես` երբ խառնված էին
լինում դրանց
քստմնելի անձ կամ անձեր –
արտասանում էր շեշտված
«ես քո…» կամ «ես ձեր…»
բառակապակցություններում:
Ափսոս, անգրելի են դրանք-
ուզում էի օգտագործել
ստորների, դավաճանների
և զանազան այլ թափթփուկների
իմ նկարագրություններում:
ՊԱԼԻՆԴՐՈՄ ԲԱՌԵՐԸ
Կան պալինդրոմ բառեր,
այսինքն` ետևառաջ կարդացվող.
օրինակ` պապ, տատ, քաղաք:
Հետաքրքիր է, կան և
պալինդրոմ բառակապակցություններ.
օրինակ` հայտնվում է մի նոր
բռնակալ,
և բոլորը դառնացած
բացականչում են` նորե՜ն Ներոն –
առջևից` նույնը,
ետևից` նույնը,
նորեն` նույն չարը, բիրտը, թույնը:
Համարենք սա կատակ –
կատա՞կ, ահա
ևս մեկ պալինդրոմ բառ:
ԿՂԶԻՆ
Կղզին` ջրերի մեջ երևացող ցամաք –
մի պահպանված պատառիկ
ջրհեղեղի պատմությունից:
Օ՜, շրջադարձային պահեր`
մարդկության կենսագրության մեջ
նմանողությամբ կրկնվող –
ծովափին ճռվռող
աղունիկներից մեկը`
միանգամայն ժամանակակից
մի հուրի-փերի,
ահա կթռչի նավակով,
որ մի լուր բերի
ջրերի հեռանալու մասին`
վերադառնալով
ձիթենյաց պտղի կորիզը բերանին,
և մի Նահապետ կամ Կարապետ,
մի խոսքով` պետ,
կառանձնանա նրա հետ`
կազմելու իրեն Փրկիչ հռչակելու
արձանագրությունը:
ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻ ՏԳԵՂ ԱՂՋԻԿԸ
Ստեղծել է նրան Աստված
վատ տրամադրության մեջ,
կամ էլ անձրև անելուց հոգնած,
կամ էլ մառախլապատ օր սարքելիս:
Տխուր է –
նրան ոչ ոք չի փնտրի,
նա չի կարող կորցված լինել:
ՏԵՍԻԼՔՆԵՐ
Քամին` ազատ արվեստագետ,
փողոցներում ու մայթերին
քանդակում է բնորդուհի
աղջիկների կոնք ու սրունք:
Եվ մի թռչուն քարտեզագիր
դեռ անծանոթ ու անանուն
տեղանքներ է հետազոտում
իր թռչնային բարձրությունից:
Եվ մի սև ամպ` դաշտի վերև,
Լեթա գետի ջուրը խմած,
մոռանում է անձրև անել`
մահու մատնած կանաչներին:
Եվ ծառերի ճյուղերը չոր,
որոնք չունեն բառապաշար,
փոխանցում են քեզ խոսքն աշնան
իրենց սուրդո թարգմանությամբ:
Եվ սերմերը սերնդագործ,
իրենցից ներս, իրենցից դուրս,
կրկնում են միլիարդ տարվա
արարչական մի կենսափորձ:
Եվ կաղնու զույգ տերև անզոր
թպրտում են ոտքերի տակ –
շնորհազուրկ մի մարշալի
օձիքից են նրանք ընկել:
Տեսիլքնե՜ր են, ուր էլ նայես –
սիրենների նման թովում`
քեզ ջրասույզ չանեն հետո
պատկերների խաբկան ծովում: