Ջուլիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԽԵՆԹՈՐԵՆ ՍԻՐԵԼ
Որպեսզի տիեզերքը
դուրս չգա
հավասարակշռությունից,
և գետակի
հորդաբուխ ողջույնները
նրան ընկալվեն`
սիրո արտահայտություն,
որպեսզի խավարումից
կուրացած աստղերը
կրկին առկայծեն
ճակատագիրն իմ
և շուրջս խմբված
արհեստական դեմքերը
կորչեն խավարի մեջ:
Որպեսզի
երեկին հաջորդած այսօրը
մոռանա
կոնյակի բույրից հագեցած,
բայց սիրո կարոտից
չհագեցած պահը,
և սերը չդառնա
զուտ մերկ մարմինների հպանք.
պետք է խենթորե՜ն սիրել,
խենթորե՜ն սիրել:
__________________________________
Դու նա չես,
Ով ինձ կտաներ
չքայլող ժամանակի միջով,
ով ինձ թռչունի թևեր կտար՝
փախչելու պարսատիկավոր լեզուներից,
ով իմ հոգու ստեղնաշարին հպվելով՝
ջութակի հնչյուններ կարձակեր,
Օհ, դու նա չես ավաղ,
ով խավարում կգտներ ոտնատեղերն իմ:
Ես եղա ընդվզում,
և մենության տաղտուկը
տվեցի հողմապտույտի փոշուն,
ես եղա ողկույզ՝ քո շուրթերին,
եղա բոց՝ քո մարմնին,
սակայն, ավաղ, այն չեղար,
որն ինձ կտաներ արևի ճանապարհով,
բայց չէր այրի թևերս:
Քեզ հետ բարձրացած վերելքը
գլխապտույտ էր,
արբեցում մոլորյալի,
աղոթք էր մեղսագործի,
ցնորք էր երբևէ չերազած,
բայց ավաղ,
դու մնացիր
երազանք,
կարոտ,
թախիծ,
սեր աննվաճ
ու անվերջ
սպասում:
________________________________________
Խոսի՛ր,
ասա ինձ բառերն այն,
որ ալեկոծումներիդ պահին
հուշում է միտքդ,
տուր իմ արյանը
մեղմությունը խոսքի,
Գտիր սրտիս թաքստոցը բոսոր
ինձ հանդարտեցրու,
ինձ խաղաղեցրու փոթորկումներից,
ինձ փախցրու
ստվերից պարկեշտության
և խնդրիր իմ ձեռքը
այս բարեհաճ գիշերից:
Խոսի՛ր,
Խոսի՛ր քամու լեզվով,
զեփյուռների շշունջների պես,
ծառերի ըմբոստ համբերությամբ
ձգտիր գագաթը իմ երկինքների:
Ինձ հպվիր
անապատի ջերմությամբ
տաք ավազների,
ծովի փրփուրը կերած`
աղի ավազների ծարավի պես,
ինձ հպվիր երազի պես՝
երբևէ չմեկնաբանված,
Խոսիր բարության լեզվով..

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։