***
Միայն գիշերը,
Որը նայում է պատուհաններիս,
Կարող է սիրով արթնացնել քնից:
Եվ միայն աստղը,
Որն առկայծում է գիշերվա մթին,
Ինձ դեպի տուն է ուղղորդել կարող:
Ու ծառն այն միակ,
Որը հառնում է լուսամուտիս մոտ,
Կարող է ճեղքվել կայծակից հզոր:
Միայն ձեռքերը,
Որոնք ծաղիկներ պարգևել գիտեն,
Կարող են, անշուշտ, նոր ծառեր տնկել:
Կվերադառնամ,
Քանզի աղոթքդ հզոր է ինձնից…
Թարգմանությունը ռուսերենից՝
Բաբկեն Սիմոնյանի
***
Երբ գարնան երազում
կլինի աշուն,
թռչունները Երկրից կպոկվեն
դեպի հրաժեշտի երկնային շրջան,
կանխազգացումը պատերազմի
կխեղդի խոստովանությունը.
անկարող երազանքը
վախեցրեց նորից,
և դեռ չգիտես,
թե որտե՜ղ քեզ կկորցնես՝
հանուն այն վերադարձի,
որ դեռ համրես պիտի
երկար սպասված գարունը
ճախրող թարթիչների…
***
խոսի՛ր ինձ հետ,
քանի դեռ քնած են ամպերը,
ու ստվերները խաչերի չեն դիպել
երազների գագաթներին…
խոսի՛ր ինձ հետ,
քանի չեն լցվել ականջներս
գարնան գետերի վարարուն աղմուկով,
քանի թթվածինը հեղձուկ չէ,
ու թախիծը քանի դեռ չի փչացրել
քո թեթև, գեղեցիկ ձեռագիրը…
***
դու չես շտապում ինձ մոտ,
քեզ մոտ ես չեմ շտապում,
այդպես ամբողջական
փաթիլն է թևում օդում,
արևը բորբոքված՝
զատում է մայրամուտը,
դուռն է
կիսակողպած…
ժամանակավոր դադար՝
ազատության թեթևությամբ…
սուր անկյուններով փորված մարմին,
որ ներծծվում է փափկությամբ,
նորից ու նորից համբառնալ դեռ
սեփական ճիչից վեր…
սեր…
որտե՞ղ է այն սահմանը,
որը հանուն քեզ
չեմ հատի երբեք,
որտե՞ղ է այն սահմանը,
որը հանուն ինձ
էլ չես փորձի հատել,
կարևորի մասին լռում ենք,
լռում ու չենք շտապում,
մինչև այն ժամն ու
ժամանակը,
երբ փաթիլը հողին կհպվի,
արևածագը մութը կպատռի,
ու դուռը կբացվի…
դու կշտապես ինձ մոտ,
ես կշտապեմ դեպ քեզ,
որ կյանք լցվենք նորից՝
հեշտանքով լեցուն
գավաթը դատարկենք,
ու մեռնե՜նք,
նորից մեռնե՜նք
վերջապես մեռնե՜նք…
Թարգմանությունը ռուսերենից՝
Արուսյակ Օհանյանի