ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Ս.թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստ՝ վերջերս համացանցում և հասարակության լայն շրջանակներում տարբեր մեկնաբանությունների նյութ դարձած ՀԳՄ և Նկարիչների միության շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման օրակարգով։
ՀԳՄ նախագահության անդամներն իրենց անհամաձայնությունը և մտահոգությունը հայտնեցին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստարկներ, որոնց հանդեպ անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները 1999 թ. մարտի 12-ի ՀՀ կադաստրի՝ ՀԳՄ շենքի սեփականաշնորհման որոշման առնչությամբ։ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով։
Տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում, ինչն էլ հաշվի առնելով՝ նախագահության նիստում որոշվեց 2024 թ. ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին հրավիրել Հայաստանի գրողների միության համաժողով՝ հարցը առավել ընդգրկուն ու մանրազնին քննարկելու համար։
Նախագահության անդամները ընդգծեցին, որ ԳՄ անդամները՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի, հետևողական են լինելու ՀԳՄ սեփականության հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ և չեն կասկածում, որ հասարակության լայն շերտերը, առավել ևս մտավորականությունը և մշակույթի մարդիկ լինելու են գրողների միության կողքին։
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՀՐԱՇՔԻՆ
Հանրապետության դատախազությունը տասնամյակների քնից արթնացել և հանկարծ հայտնաբերել է, որ Հայաստանի գրողների միության շենքի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է խախտումներով, և անհրաժեշտ է համարում դատական կարգով անվավեր ճանաչել այն՝ շենքը վերադարձնելով պետությանը:
Այն շենքը, որ կառուցվել է հատկապես գրողների համար:
Այն շենքը, որի շինարարության մեջ հսկայական ֆինանսական ներդրումներ են արել թե՛ Գրական հիմնադրամը, թե՛ գրողները իրենց անձնական միջոցներից:
Այն շենքը, որ տասնամյակներ շարունակ, առանց պետության օգնության, գերմարդկային ճիգերի գնով պահպանել-գուրգուրել են գրողները՝ ճարտարապետական դիմագծով և ներքին կառուցվածքով անխաթար վիճակում հասցնելով մեր օրեր: Եվ սա՝ ի տարբերություն ամբողջ երկրով մեկ կոպեկներով սեփականաշնորհված հազարավոր օբյեկտների, որոնք դատախազության աչքի առաջ թալանվեցին այն աստիճան անգթորեն ու անպատիժ, որ դուրս է մարդկային ամենապայծառ երևակայության սահմաններից: Այսօր այդ շենքերից շատերի կմախքներն են մնացել միայն, իսկ որոշներն էլ ջնջվել են երկրի երեսից, ինչպես, օրինակ, Երիտասարդության պալատը, որ Երևանի այցեքարտերից մեկն էր հիրավի:
Կարծում եմ, որ այս ուղղությամբ պիտի նայի դատախազությունը և ոչ թե պահանջի պետությանը վերադարձնել մի շենք, որը որքանով պետությանն է, եթե ոչ ավելի, ապա առնվազն նույնքանով էլ պատկանում է գրողներին:
Ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ դատախազությունում վճիռ կայացնելուց առաջ պիտի հաշվի առնեին, որ գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների, թատերական գործիչների միությունները չեն տեղավորվում «հասարակական կազմակերպություններ» կաղապարի մեջ, որ դրանք իրենց առանձնահատուկ գործառույթներով ու կարգավիճակով ստեղծագործական միություններ են բացառապես, որ ամեն մի պետության սրբատաշ անկյունաքարերն են, եթե չասենք ավելին:
Ի տարբերություն բազում ու բազմապիսի հասարակական կազմակերպությունների՝ ստեղծագործական որևէ միության չի կարող անդամակցել ամեն ոք, մի բան, որ այդպես էլ չհաջողվեց մտցնել աշոտյանների գլուխը, երբ տարիներ առաջ Ազգային ժողովը ընդունում էր ամեն ինչ մի վերմակի տակ խցկած, մեկ կաղապարի մեջ առած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, որ կարելի էր ծիծաղելի կոչել, եթե այդքան տխուր չլիներ իր զայրացուցիչ թերություններով:
Եվ հիմա դատախազությունը հանդես է եկել մեր գրողների, հեռուն չգնանք՝ Իսահակյանի, Շիրազի, Սևակի, Սահյանի, Դավթյանի, Մաթևոսյանի, մյուսների տունը պետությանը վերադարձնելու նախաձեռնությամբ: Հրապարակվել է նույնիսկ շենքի կադաստրային արժեքը, որ, իրոք, գայթակղիչ է ամեն մի շարքային մեծահարուստի համար՝ մեկուկես միլիարդ դրամ: Այս գումարն է, որ դատախազությունը ուզում է՝ մուտք արվի պետական բյուջե: Թե չէ շենքը պետության ինչի՞ն է պետք:
Է, հետո՞:
Հետո, երևի, կընթանա սեփականաշնորհման մի նոր գործընթաց, որին օլիգարխների հետ միասին կմասնակցի նաև դատարկ գրպաններով գրողների միությունը և, իհարկե, արդյունքի չի հասնի:
Եվ հենց այդ ժամանակ կկատարվի հրաշքը: Կհայտնվի ազգային-քաղաքացիական հոգեկերտվածքով մեկը, որ կհաղթի սեփականաշնորհման արդյունքում և սեփականության իրավունքի իր վկայականը հանդիսավորությամբ կնվիրի գրողների միությանը: Ո՞վ է լինելու այդ արժանապատիվ հայորդին, չգիտեմ:
Չգիտեմ նաև, թե ինչու, բայց ես հավատում եմ այդ հրաշքին:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ