1904-ին դեռ Ջեյմս Ջոյսն ասում էր. «Պատմությունը մղձավանջ է, որից ուզում ես արթնանալ»: Առաջին աշխարհամարտից 10 տարի առաջ: Իսկ ընդհանրապես, պատմությունը պայմանական ժամանակ է ու պայմանական տարածք, որտեղ բոլորիս տրված է ինքնարտահայտման, ինքնախաբեության, ճշմարտության որոնման հնարավորություն: Եվ պատմության ամենահանճարեղ ու ամենաանուղղելի սովորությունն է միշտ կրկնվել ու միշտ անակնկալ լինել իր կրկնությամբ: Պատմությունը մոլորեցնում է մեզ, և մենք ենք մոլորեցնում մեր պատմությանը՝ իբրև թե հեղինակներ: Հեքիաթ մեծերի համար:
Դելֆյան տաճարին գրված էր «Ծանեա զքեզ», կարծես դա քիչ էր, պատգամախոսն էլ իր հերթին էր հրահանգներ տալիս: Բայց և իր գոյության գուցե երրորդ, գուցե չորրորդ, հինգերորդ հազարամյակում իսկ մարդկությունը այդ հասարակ խնդիրը չի կարողացել լուծել՝ ճանաչիր քեզ: Չի լուծել, որովհետև օրեցօր ինքն իրեն փոխել է և ինքն իր համար դարձել առեղծված: Երբեմն՝ գլխացավանք: Ավելի հաճախ՝ զբաղմունք:
Շատ ավելի հաճելի զբաղմունք միշտ եղել է արվեստը: Թեպետ ի սկզբանե արվեստը եղել է ամենանուրբ ու ամենահեռահար քարոզչության, ուրեմն և՝ քաղաքականության միջոց: Աշխարհի ամենախորամանկ, ամենաանվրեպ զենքը, որ զինաթափում է ի սկզբանե: Արվեստը երբեք անկողմնակալ ու անտարբեր չի եղել: Մշակութային քաղաքականության մեջ հանճարեղ ու իրենց գործի կարևորությամբ անկրկնելի են եղել Մաշտոցն ու Խորենացին: Եվ հետո բոլորս քայլել ենք նրանց նվիրական ոտնահետքերով՝ բազմազանության համար պարբերաբար հայտարարելով գոյության ու կեցության, արվեստի ու գիտության ճգնաժամեր, երբ իբր ամեն ինչ կորչում է գրողի ծոցը: Մշակույթի արմագեդոնի հայտարարությունները ևս պատմությունը մեր ինքնահաստատմանը ծառայեցնելու փորձեր են, երբ տեսնում ենք միայն բացասականը, իսկ դրականը արհեստավարժորեն համարում անիրական:
Սուտ է, մշակույթը համաշխարհային շրջանառության մեջ գտնվող միակ կայուն դրամն է, որ երբեք ենթակա չէ արժեզրկման: Երբեք: Հակառակը՝ ժամանակի հետ բարձրանում է արժեքը: Պատմության ու գոյության ամենախայտառակ ու թշվատ պահերին էլ մշակույթը զգոն ու կենսունակ է եղել՝ Ցերբերի պես իր արժեհամակարգի դրախտի դուռը պահպանելով: Մշակույթը միշտ եղել է ազգի պաշտպանական վահանը, կարծր պատյանը, որ ներսուդրսից զրահել է մեզ, որ չմոլորվենք ու չխեղդվենք ինքնապանծացման կամ ինքնախարազանման պոռթկումներում: Պարբերաբար ազգային գոյության համահայկական ճգնաժամեր ենք հայտարարում ու մտնում ազգային հնարովի ողորմելիությունը ազգային դժբախտություն ներկայացնելու դերի մեջ՝ ինքնագնահատականի ու իրականության հետ առերեսվելու անհրաժեշտությունը համարելով աններելի հանդգնություն, չէ՞ որ մենք պարտված ենք, խեղճ, աղքատ, փախստական, վտարանդի… Մենք ո՞վ ենք, որ… Ու մեզ դարերով սպանել են, մեր հայրենիքը մեզնից խլել են ու խլում են, մենք պատմության աղքատ Ղազարոսն ենք, որ երբևէ դրախտ չի տեսնելու… Բայց մի անգամ չենք ուզում ինքներս մեզ հարցնել՝ իսկ մենք քանի՞ անգամ ենք կռվել մեր տան համար, քանի՞ անգամ ենք ինքներս մեր հարցերը լուծել, ու այդ դեպքերում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել: Եվ ընդհանրապես՝ մենք մեր տանը նստե՞լ ենք ու թշնամին եկել մեզ մեր տնից վտարե՞լ է, թե՞ մենք հեռացել ենք մեր տնից, որ դրսից խելացի խորհուրդներ տանք, թե տանը մնացածները ոնց ապրեն ու ինչ անեն:
Ու նվում ենք, նվում ենք, նվում ենք: Սուտ է: Պարզապես՝ սուտ: Մենք դեռ մնացել ենք նախնանախնանախնական պատկերացումների գերին, թե մեզ պիտի պահեն, ուղղորդեն, ինչ-որ տեղ առաջնորդեն, ու մենք պիտի արշավենք կուռ շարքերով դեպի լուսավոր ապագա: Մենք դեռ չենք ընկալել՝ ի՞նչ է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ… Մեր ամբողջ անցած ճանապարհը նույն-նույնն է համաշխարհային մշակույթի հետ՝ ամբողջ 20-րդ դարում մարդկությունը հրաժեշտ էր տալիս իր նահապետական-նախնական-ավանդական կերպարին և մի ձեռքով ասֆալտում էր իր մանկության ճանապարհները, մյուսով՝ փայփայում տրեխների փոշին: Արդյունքը եվրոպական հոգնած վեպն էր, լատինամերիկյան մոգական զարթոնքը և նրա հետ նույնացող, գյուղագրության շապիկ հագած ու 20-րդ դարակեսին արթնացած հայ մեծ արձակը, որ հաստատում էր՝ մենք գալիս ենք մեր արմատներից և մի քիչ սեթևեթելով, մի քիչ փնթփնթալով՝ գրում ենք 20-րդ դարի մեր սքանչելի գիրը՝ ի պետս քաջության և ընդդեմ ֆալաքի, թեպետ և եմք ածու փոքր…
Հ.Գ.
Ու մինչ բոլորը վաղուց անտի մտել են 21-րդ դար, մենք դեգերում ենք 20-րդի լաբիրինթոսում, որ ինքներս ենք կառուցել, ինքներս ենք դռները փակել, բանալին կորցրել… Այդպես հարմար է: Իսկ ընդհանրապես, պատմությունն իրոք մղձավանջ է, որից շուտ արթնացողը ամենահեռուն է գնում: Մշակույթի ճանապարհով՝ հաստատ: Եվ այդ կերպ մշակույթը դառնում է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ՝ բոլոր երկրներում ու ժամանակից դուրս: Նույնիսկ երբ ուրանում ես, կա ու պաշտպանում է քեզ քո ուրացող տեսակից: