Իսկ ո՞ւր էիք 44-օրյա պատերազմի ընթացքում, պարոնա՛յք եվրոպացիներ և Ռուսաստան: Երևում է, Վանգայի գուշակությունները ձեզ վրա է՞լ են ազդել… որ զավթիչ պետությունները երրորդ համաշխարհայինից հետո կրակի բաժին են դառնալու, իսկ Հայաստանը կսկսի ծաղկել… Ի՞նչ իմանամ, գուցեև ճշմարտություն է, և ձեզ՝ միլիարդատերերիդ թվում է, որ Հայաստանն էլ Երկիր մոլորակի Լուսինն է, շտապում եք ճանապարհնե՞ր գցել ձեզ համար: Ասում են՝ ով փողը տալիս է, նա էլ թելադրում է, հիմա ի՞նչ եք ուզում մեզ թելադրել, պատերազմը կապեցիք հայերիս 100 տարի շրջափակված գոյությանը, ու ձեզնից ոչ մեկը ոչ մի անգամ չբարձրաձայնեց, որ արդեն մեկ անգամ հայ ազգին հանձնել եք մսաղացներին, յուրացնելով նրա հողն ու ազգային հարստությունը, և լեռներին ու ձորերին ապավինած հայոց ազգի մի փոքր հատված մնաց պահելու իր լեռների գագաթները՝ որպես աշխարհի արատավոր մտքերի համար անհասանելի մաքուր ձյուն: Սակայն քաղաքական սուր ճգնաժամային գլոբալ տաքացումները, ձեր աչքերի առաջ, 44-օրյա կրակով այրեցին լեռների որդիներին, և ԱՐԱՐԱՏ լեռն անգամ չդիմացավ իր որդիների կրկնակի կորստին, սկսեց հալվել ու հեղեղել թշնամու ունեցվածքը՝ իրենից զավթած տարածքների վրա…
Մեկ միլիարդ ու դեռ ավելին Ռուսաստանն է առաջարկում, երկու միլիարդ թե ավելի՝ Եվրամիությունը, վաղը գուցե Չինաստանն ու Ամերիկան էլ առաջարկեն… Ո՞ւր է, դե սկսեք վերականգնել Հայաստանի խարխլված գյուղերն ու ճանապարհները, զարգացրեք տնտեսությունը, աշխատատեղեր ստեղծեք, կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձրեք, ՆԱՏՕ-ի նման պրոֆեսիոնալ բանակ ստեղծեք (մի՛ երկնչեք անելուց, հայերս ուրիշի վնաս տվող չենք, մեզ պաշտպանելու համար է միայն): Ճանապարհն էլ, որ ուզում եք Հայաստանի տարածքով վերցնել, Հյուսիս-հարավ կլինի թե Սև ծովից Կասպից ծով՝ ոչ թե Թուրքիայի կամ այլ պետության՝ Հայաստանի՛ մենաշնորհը պետք է լինի, որովհետև իր հողն եք բզկտելու՝ ձեր միլիարդները կրկնապատկելու համար, մեկ պայմանով սակայն, որ Հայաստանն այս անգամ, որպես միջազգային ճանապարհ, անվտանգ կլինի բոլորի կողմից:
Եվ այս ամենից առաջ փորձ է արվում Հայաստանի սահմանները ճշտել. զավեշտ է, ո՞ր սահմաններն եք ճշտում՝ Հայքի՞, Արտաշես Արքայի՞, Տիգրան Մեծի՞, Խորհրդային Հայաստանի՞, թե՞ Նարիմանովի ու Ստալինի բզկտած Հայաստանի քարտեզներով:
Զսպեք դարի քրոնիկ շիզոֆրենիայով տառապող Էրդողանի և Ալիևի նոր ոճիրների մտահղացումները, պարոնա՛յք, ձեր միլիարդները սա է մեզ համար, այլապես խաղադրույքը ՀԱՅԱՍՏԱՆՆ է, իսկ միլիարդները՝ ճակատագրինը…