Այս տարվա Ապրիլի 24-ին լրանում է քսաներորդ դարի առաջին ահավոր ոճրագործության՝ Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված, ապա նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության շարունակած Հայոց ցեղասպանության՝ իր պատմական հայրենիքում մի ամբողջ հին ու քաղաքակիրթ ժողովրդի զանգվածային ջարդերի, տեղահանության և հայրենազրկման 100 տարին:
Այն, ինչ կատարվեց 1894-1923 թվականներին՝ աննախադեպ հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ, որին զոհ գնաց ավելի քան 1.5 մլն հայ, բռնազավթվեց մեր պատմական բնօրրանը, ավերվեցին եկեղեցիները, մշակութային կոթողները:
Եղեռնի զոհ դարձավ նաև նշանավոր մտավորականների մի պայծառ աստղաբույլ, այդ թվում՝ թուրքական պառլամենտի անդամ, հայտնի իրավաբան և գրող Գրիգոր Զոհրապը, ականավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, բազմաթիվ այլ գրողներ, հրապարակագիրներ, բառարանագիրներ…
Ցեղասպանության տարիներին կոտորածների ու ավերների դեմ իրենց ձայնը բարձրացրին աշխարհի շատ ու շատ նշանավոր հասարակական գործիչներ, իրավաբաններ, գրողներ ու մտավորականներ՝ Ռոմեն Ռոլանը, Անատոլ Ֆրանսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Լեփսիուսը և այլք, որոնց անունները հայ ժողովրդի հիշողության մեջ մնում են որպես ճշմարտության, արդարության խորհրդանիշ: Առանձնակի ջերմությամբ է պահպանվում Ֆրանց Վերֆելի անունը, ում «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը Հայոց եղեռնի ամենաազդեցիկ ու հավաստի գեղարվեստական վկայագրերից է:
Հայոց ցեղասպանության՝ միջազգային առումով անպատժելիությունը նոր ոճիրների թատերաբեմ դարձրեց 20-րդ՝ քաղաքակրթությամբ և նվաճումների վերելքով պարծեցող դարը: «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»,- համախոհներին հանգստացնում էր Հիտլերը՝ սառնասրտորեն ավելացնելով մահվան ճամբարները: Անպատժելիությունը դուռ բացեց նաև անցյալ դարավերջին Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում հայ բնակչության նոր ջարդերի, բնիկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իշանությունների սանձազերծած Ղարաբաղյան պատերազմի համար:
Ներկայիս Թուրքիայի կառավարությունը՝ չնայած համայն հայության, միջազգային հանրության համառ ու հետևողական պահանջներին, աշխարհի երկու տասնյակից ավելի պետությունների կողմից պաշտոնապես ճանաչմանը, ժամանակակից բազմաթիվ, այդ թվում՝ թուրք հայտնի մտավորականների կոչերին, ժխտում է ցեղասպանության իրողությունը՝ փորձելով խորամանկորեն խուսանավել, այսպես կոչված, նոր մոտեցումների թիկունքում, ամեն կերպ ջանում է խուսափել պատմական պատասխանատվությունից:
Հայոց ցեղասպանության 100-ամյակը նոր փուլ է նշանավորում այդ ոճիրի միջազգային ճանաչման, դատապարտման և հայոց պահանջատիրության գործընթացում: Տարելիցի կապակցությամբ հրապարակված Համահայկական հռչակագիրը հստակորեն նշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու վճռականությունը՝ հենվելով միջազգային հեղինակավոր կառույցների, արդարամիտ պետությունների, քաղաքակիրթ հանրության աջակցության վրա, հասնելու ցեղասպանության իրավական ճանաչման և դատապարտման, տեր կանգնելու բռնությամբ ոտնահարված իր պատմական իրավունքներին, քանզի ցեղասպանության նման հանցագործությունները վաղեմություն չունեն:
Մտավորականությունը մարդկության խիղճն է, բարության ու արդարության մունետիկը: Ահա թե ինչու դիմում ենք Ձեզ, ակնկալելով, որ կմիանաք հայ գրողների և մտավորականների տասնամյակների պայքարին, ու մենք միացյալ ուժերով կհասնենք ճշմարտության բացահայտմանը՝ ա՛յն բանին, որ ժամանակակից Թուրքիան առերեսվի իր պատմությանը, դատապարտի նախնիների գործած ոճիրը, և այլևս երբեք նույնանման ողբերգություն չպատուհասի աշխարհը:
Մեր միակ նպատակն այն է, որ ներկա ու հետագա բոլոր սերունդներն ապրեն խաղաղ, անարյուն աշխարհում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կոչը տարածվելու է տարբեր լեզուներով